հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հայաստանում գազն անորակ ու կեղտոտ է․ պետությունը խնդիրը չի ուզում լուծել

Հայաստանում գազն անորակ ու կեղտոտ է․ պետությունը խնդիրը չի ուզում լուծել

250 ընտանիքների շրջանում անցկացրած հետազոտություններից պարզվել է, որ մարդկանց 95 տոկոսի դժգոհությունները հիմնականում վերաբերում են առաջին անհրաժեշտության ապրանքներին, ինչպես նաև գազի ու էլեկտրաէներգիայի սակագներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է հետազոտությունն անցկացրած «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Մարդիկ դժգոհում են, որ անցած տարվա համեմատ ավելի շատ գազ են սպառել և ավելի քիչ տաքացել: Մատակարարվող գազը ունի որոշակի աղտոտվածություն և չի կարող ապահովել նորմայով նախատեսված էներգիայի ծավալը, հետևաբար, գազի կաթսաների ֆիլտրերը, հինգ-տասը տարին մեկ կեղտոտվելու փոխարեն, օգտագործման համար պիտանի չեն արդեն մեկ-երկու տարի շահագործվելուց հետո: Մեր նպատակը ոչ թե խնդրի մասին խոսելն է, այլ այն լուծելը: Սակայն երբ սպառողից ահազանգ ենք ստանում, անհրաժեշտության դեպքում դիմում պետական մարմնին, ոչ մի օգնություն չենք ստանում, մնում է միայն քննադատել այդ մարմնին», – նշել է նա։

Բանախոսը փաստել է, թե այսօր առաջնային խնդիրներից մեկը գազի աղտոտվածությունը ստուգելու համար սարքեր ձեռք բերելն է։

«Հակառակ դեպքում, ներկայացնելով ուսաումնասիրությունների արդյունքները, դիմելու ենք ՀՀ կառավարություն, պարզելու՝ արդյո՞ք պետությունը շահագրգիռ է խնդրի կարգավորման գործընթացում», – ասել է Պիպոյանը։

Նրա հավաստմամբ՝ որպես երկրորդ դժգոհություն քաղաքացիները փաստել են ապրանքների անորակությունը։

«Հանրային իրազեկվածության մակարդակը Հայաստանում բավական ցածր է, և հայ գնորդներից քչերը գիտեն, որ օրենքով սահմանված կարգով իրավասու են վերադարձնել իրենց գնած, սակայն ինչ-ինչ պատճառներով դուր չեկած ապրանքը: Երբ վաճառողը գրում է, որ գնված ապրանքը հետ չի վերցվում, սրանով արդեն ոտնահարում է սպառողի իրավունքները: Տեղային լուծումներ մեր ՀԿ-ն կարող է տալ, սակայն իրականում համակարգային լուծումներ են անհրաժեշտ», – ասել է Պիպոյանը։

Անդրադառնալով փաթեթավորված ապրանքների պարտադիր դրոշմակնքման մասին կառավարության որոշմանը, Պիպոյանը նշել է, որ եթե ամբողջ աշխարհում այս երևույթը միտված է տնտեսության ստվերայնության կրճատմանը, ապա Հայաստանում դա հանգեցնում է թանկացումների:

«Տնտեսվարողը, ընդունենք, դրոշմակնիքի համար վճարում է 2 դրամ, ապրանքը թանկացնում է երեսուն դրամով: Այնպես որ, սննդամթերքի թանկացում անպայման կնկատվի»,- եզրափակել է Բաբկեն Պիպոյանը։