Home / Հայաստան / Տուժող կողմը վստահ է՝ Արտակ Նազարյանին սպանել են. գործով վճիռը՝ այսօր

Տուժող կողմը վստահ է՝ Արտակ Նազարյանին սպանել են. գործով վճիռը՝ այսօր

Այսօր Իջևանում հրապարակվելու է 2010 թվականին բանակում զոհված ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավճիռը, որին ներկա չեն լինելու տուժող կողմի ներկայացուցիչները: Դատավճռի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այսօր դատարանը դատավճիռ է արձակում Արտակ Նազարյանի մահվան գործով: Տուժող կողմը ներկա չի լինելու դատական նիստին:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նույն դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ դատավարությունն ընթանում էր արդեն մեկ տարի և 9,5 ամիս: Եվս մեկ տարի էր տևել քրեական գործով նախաքննությունը, որը վարել էր ՊՆ Քննչական ծառայությունը:

ՀՀ ԶՈՒ պայմանագրային սպա, լեյտենանտ, 31-ամյա Արտակ Նազարյանը՝ բերանի խոռոչում հրազենային վիրավորումով, մահացած էր գտնվել 2010թ. հուլիսի 27-ին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, որոնց նկատմամբ հսկողություն է իրականացնում «Մեհրաբներ» անունով հայտնի զորամասը: Չնայած մահվան պաշտոնական վարկածին, տուժող կողմը վստահ է, որ կատարվածը սպանություն էր, ինչը պնդելու համար բավականաչափ հիմքեր կան:

Մասնավորապես, քննություն չի տարվել և չի պարզվել, թե ում և ինչպիսի ներգործության արդյունքում են Նազարյանի մարմնի վրա մահից «մինչև մոտ 6 ժամ առաջ» և «ոչ շատ առաջ» հայտնվել բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ում հետ և ինչ պայմաններում է Նազարյանը դատարկ ստամոքսով ալկոհոլ ընդունել մահից մոտ 1-1,5 ժամ առաջ, ինչ հետևանք է ունեցել մահից ժամեր առաջ Նազարյանի հասցեին նրա վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի հնչեցրած հայհոյանքն ու սպառնալիքը: Նազարյանի ինքնաձիգի վրա չեն հայտնաբերվել մատնահետքեր, նրա ստացած 120 փամփուշտներից ոչ մեկը չի պակասել մահից հետո, տեղազննության ժամանակ հայտնաբերված պարկուճի փոխարեն փորձաքննության է ենթարկվել մեկ այլ համարի պարկուճ: Նազարյանի ծառայակիցները դեպքից անմիջապես հետո ապօրինի ազատազրկման են ենթարկվել Բերդ քաղաքի Ռազմական ոստիկանության բաժանմունքի մեկուսարանում՝ 9-25 օր ժամկետով, որի ընթացքում ճնշումների եւ բռնության միջոցով նրանցից կորզվել են կեղծ ցուցմունքներ:

Ի սկզբանե, նախաքննությունը տարվել է «ինքնասպանության հասցնելու» կանխավարկածով, նյութեր են հավաքվել, ապացույցներ են և՛ ձեռք բերվել, և՛ աղավաղվել՝ այդ կանխավարկածն ապացուցելու համար:

Ընդ որում, ինչպես պարզվեց դատարանի դահլիճում, ապացույցներ են ձեռք բերվել քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներով, վկաների վրա ճնշումներով եւ բռնությամբ: Արտակ Նազարյանի մահվան համար իրենց մեղավոր չեն ճանաչել մեղադրյալի աթոռին հայտնված նրա 5 ծառայակիցները, ովքեր մեղադրվում են Նազարյանին «ինքնասպանության հասցնելու» համար:

Մեկուկես տարի տեւած դատաքննության ընթացքում բացահայտվեցին զինվորական դատախազության վերահսկողությամբ նախաքննական մարմնի գործած բազմաթիվ ապօրինություններ եւ խախտումներ, որոնք ուղղված են եղել մեկ նպատակի՝ կատարվածը ներկայացնել որպես ինքնասպանություն եւ քողարկել Արտակ Նազարյանի մահվան իրական մեղավորներին:

Սակայն դատարանը նույնպես չնպաստեց Արտակ Նազարյանի մահվան իրական հանգամանքները բացահայտելուն: Ավելին՝ դատավոր Սամվել Մարդանյանը ամեն կերպ խոչընդոտում էր այդ ուղղությամբ տուժող կողմի ջանքերին՝ մերժելով նրանց միջնորդությունները, որոնք կարող էին նպաստել սպանության բացահատմանը: Մարդանյանը քայլեր չէր ձեռնարկում՝ ընթացք տալու համար այն քրեորեն հետապնդելի արարքներին, որոնք բացահայտվում էին դատարանի դահլիճում: Մարդանյանի որոշումների մեծ մասը հենվում էր մեղադրող դատախազների կարծիքի վրա, որը, որպես կանոն, հակադիր էր լինում մնացած բոլոր կողմերի կարծիքին:

Մարդանյանի որոշմամբ էր, որ դատաքննությունը Երեւանից տեղափոխվեց Իջեւան՝ դժվարամատչելի դառնալով լրատվամիջոցների, քաղաքացիական եւ լայն հասարակության համար:

Ի վերջո, զինվորական դատախազությունը դատարան բերեց մի մեղադրական ճառ, որն ամբողջությամբ անտեսում էր դատաքննության ընթացքում ձեռք բերած ապացույցներն ու վկայությունները եւ կրկնում էր մեղադրական եզրակացությունը, որով գործը ընդունվել էր դատարանի վարույթ:

Ամենաակտիվ կերպով մասնակցած լինելով դատավարությանը, ներկայացրած լինելով բազմաթիվ միջնորդություններ, ջանք չխնայելով հանցագործությունը բացահայտելու համար՝ տուժող կողմը ստիպված է արձանագրել, որ Ս. Մարդանյանի նախագահությամբ դատարանը ամեն կերպ խոչընդոտելով այդ ջանքերին, միանգամայն կանխատեսելի է դարձրել կայացվելիք դատավճիռը:

Տուժող կողմը սպառված է համարում դատարանի նկատմամբ վստահության եւ հարգանքի բոլոր պաշարները եւ հետեւաբար անտեղի է համարում դատական այս վերջին նիստին իր մասնակցությամբ դատարանի դատավճիռը հոտնկայս հարգելը:

Միաժամանակ, տուժող կողմը շատ կուզենար սխալված լինել իր կանխատեսումներում, ինչի արդյունքում անհրաժեշտություն չէր առաջանա բողոքարկելու դատավճիռը: Սակայն եթե դատարանն այսօրվա դատավճռով «նոտարական կնիք» դնի զինվորական դատախազության բերած մեղադրանքի վրա, տուժող կողմը վճռական է գործը բողոքարկել բոլոր հնարավոր ատյաններում, հասնել նոր քննության՝ սպանության հատկանիշներով, բացահայտել ճշմարտությունը և կայացնել արդարություն»: