Home / Բանակ / Զորամասի հրամանատարը ծախել է մոտ 2,5 մլն դրամի վառելանյութի կտրոնները

Զորամասի հրամանատարը ծախել է մոտ 2,5 մլն դրամի վառելանյութի կտրոնները

Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Ս.Ե.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված և փաստացի իրեն վստահված ընդհանուր 2 մլն 441 հազար 985 դրամ արժողությամբ 4 հազար 515 լիտր ավտոբենզինի և 3 հազար 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոնները: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս.Ե.-ն, 2016 թվականին նշանակված լինելով N զորամասի հրամանատար, զորամասին հատկացված և փաստացի իրեն վստահված «ԱԻ-92» տեսակի ավտոբենզինի ու դիզելային վառելանյութի կտրոնները՝ 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարը, ապօրինաբար, առանց փաստաթղթավորման զորամասի գույքային ֆոնդից դուրս է բերել և յուրացրել է նույն զորամասին հատկացված, իրեն վստահված 4 հազար 515 լիտր «ԱԻ-92» տեսակի ավտոբենզինի և 3 հազար 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ, որոնց մի մասը հանձնել է որպես բնակարանի վարձակալության վճար, իսկ յուրացրած կտրոնների մի մասն էլ վաճառել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով խոշոր չափերի, ընդհանուր՝ 2 մլն 441 հազար 985 դրամի գույքային վնաս։

Նախաքննության ընթացքում զորամասի հրամանատարը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և վերականգնել պետությանը պատճառված վնասը՝ 2 մլն 442 հազար դրամի չափով:

Հսկող դատախազը միջնորդել է Պաշտպանության նախարարությանը դիտարկել զորամասի հրամանատարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: