Պետբյուջեից 10 միլիարդ դրամ (շուրջ 25 միլիոն դոլար) կհատկացվի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին աջակցելու համար։
Գործադիրը նախատեսում է հարկատուների հաշվին կոմպենսացնել IT ոլորտի՝ դրամի արժևորմամբ պայմանավորված կորուստները։ Աջակցությունը միանվագ է՝ իրականացվելու է 4 ամսվա եկամտահարկի մասնակի վերադարձի միջոցով։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։
«Կոնսենսուսային չէ», բայց «կմեծացնի մրցունակությունը»
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե «ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մեծ մասն իր եկամուտները ստանում է արտերկրից՝ արտարժույթով», «ԱՄՆ դոլարի և Եվրոյի արժեզրկման արդյունքում կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը», ինչը խոչընդոտել է «կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը»։
«Աջակցության տրամադրումը խթան կհանդիսանա կազմակերպությունների զարգացման համար, հնարավորություն ընձեռելով պահպանել առկա աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը», – եզրակացնում է Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը։
IT ոլորտին աջակցելու հարցը վերջին ամիսների քննարկումների օրակարագում էր։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ընդունված որոշումը թեև «կոնսենսուսային չէ», բայց և «էականորեն կմեծացնի ոլորտի մրցունակությունը միջազգային շուկայում»:
Եկամտահարկը կվերադարձվի
Պետաջակցության արդյունքում 2022 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին IT ընկերությունների վճարած եկամտային հարկի մինչև 95 տոկոսը կվերադարձվի։
Ծրագրից կկարողանան օգտնվել միայն այն ընկերությունները (և անհատ ձեռներեցները), որոնք, մասնավորապես,
— նշված ժամանակահատվածում կա՛մ չեն կրճատել աշխատավարձային ֆոնդը, կա՛մ կրճատել են ոչ ավել, քան 20 տոկոսով,
— չունեն 100 հազարը դրամը գերազանցող հարկային պարտավորություններ,
— որոնց արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը։
Աջակցությունից օգտվելու համար ընկերությունները պետք է դիմեն ԲՏԱ նախարարություն։
Միայն ՏՏ-ն չէ տուժել
Դրամի արժևորման պատճառով միայն ՏՏ-ն չէ տուժել․ ամիսներ շարունակ բիզնես-կորուստների մասին ահազանգում են նաև արտահանմամբ զբաղվող այլ ոլորտները։
Խտրական այս մոտեցումը, դատելով նախագծի հիմնավորումից, գործադիրն արդարացնում է նրանով, որ ՏՏ ոլորտը «ռազմավարական» է։ Նախարարությունը ընդհանրական կերպով շեշտում է, թե նպատակ ունի պահպանել «այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորությունը» և նպաստել «տարածաշրջանային երկրների համեմատ գործունեության իրականացման մրցունակ միջավայրի ձևավորմանը»։
Թե ինչպես է միանվագ այս աջակցությունը (4 ամսվա եկամտահարկի մասնակի վերադարձը) լուծելու վերանշյալ խնդիրները՝ պարզ չէ։ Կառավարությունից հայտարարում են, թե «ադապտացվելու և ապագայում զարգանալու» պոտենցիալ են ստեղծում։