Եկեք զրուցենք եկամուտները հարկելու թեմայից, համահարթ և պրոգրեսիվ հարկավորումից։ Կփորձեմ այստեղ մասնագիտական խոսքը ներկայացնել պարզ լեզվով։ Ասեմ ավելին, մասնագիտական խոսքում կարևորը երբեք տերմինները չեն, այլ մասնագիտական միտքն է, որն ավելին պետք է տեսնի, քան պարզ հաշվապահական հաշվարկները՝ դրանով է տնտեսագիտությունը տնտեսագիտություն, «ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրում է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։ Ներկայացնում ենք գրառումը՝ կրճատումներով։
«Աղյուսակում մարդիկ են, որովհետև եկամտահարկը վճարում են ֆիզիկական անձինք։ Իհարկե, ոչ բոլորը, քանի որ մեզ մոտ, օրինակ, գյուղացիները ազատված են հարկերից։ Նաև եկամուտ է, ոչ թե աշխատավարձ, քանի որ տարբեր տեսակի եկամուտներն են հարկվում։ Ի դեպ, այս պահը հաճախ մոռանում են ու սկսում են քննարկել միայն աշխատավարձը՝ ավտոմատ ենթադրելով, որ խոսում ենք միայն աշխատավարձով ապրող մարդկանց մասին։ Զուտ տնտեսագիտական տերմիններով եթե խոսենք, հարկվում է աշխատանքը, արտադրության միջոցները, ռենտան և այլն։ Այս ամենը կարևոր է, սակայն ցավոք սրտի մեզ մոտ հարկային համակարգը ընդհանրական չի քննարկվում, այլ տարր առ տարր, ինչը դժվարացնում է համընդհանուր մոտեցման ամենակարևոր հարցին պատասխանելը՝ արդա՞ր է։ Նախ. Երբ պետությունը շատ է փողի կարիք ունեցել (ՄԹ և ԱՄՆ), ասել են՝ ով շատ է վաստակում, նա էլ պիտի շատ վճարի։ Իսկ փողի շատն ու քիչը ոչ թե չափում են բացարձակ գումարով, այլ տոկոսով։ Այսինքն, երբ ասում ենք շատ վճարի՛ր, նկատի ունենք ավելի բարձր տոկոսով։ Ու ահա այստեղից սկսեմ առաջին փիլիսոփայական-տնտեսագիտական հարցը՝ միգրացիան։ Այո-այո, հենց միգրացիան։ Շատ վաստակողը մտածում է, որ կնստի իր մակույկը և կլքի խորտակվող նավը։ Փաստ է, որ չեն կարողանում արտագաղթել ամենաքիչ վաստակողները՝ տակը մնում են միջին խավն ու հարուստները։ Հարց.- ինչու՞ հարուստները չեն արտագաղթում, պատասխան՝ որովհետև վայելում են տվյալ պետության քաղաքատնտեսական կոնյուկտուրան, այսինքն հենց այդ պետությունն է նրանց հարստության աղբյուրը։ Եվ այստեղ գալիս ենք պրոգրեսիվ հարկի երկրորդ պատճառին՝ դասակարգային պայքար։ Նայեք աղյուսակին, եթե դիտարկենք հարկերը ոչ թե անհատական, այլ ըստ խավերի, կստացվի, որ ամենաքիչ վաստակող խավը վճարում է ընդհանուր հարկերի 30 %-ը պրոգրեսիվ հարկի պարագայում, մինչդեռ 38%-ը՝ համահարթի դեպքում։ Արդա՞ր է։ Կախված է նրանից, թե ինչքանով է արդար եկամուտների բաշխումը։ Պրոգրեսիվ հարկի գործառույթներից մեկը դասակարգային պայքարի մեղմացումն է, այն ստեղծում է նախադրյալներ, որ ի վերջո դասակարգային հեղափոխություն չլինի, դասակարգային պայքարը սուր չլինի։ Չէ որ համահարթի դեպքում ավելի աղքատ խավը տվյալ պետության համար ավելի մեծ բեռ է վերցնում, քան ավելի շատ վաստակողը, որի արդյունքում դասակարգային կոնֆլիկտը խորանում է։ Ժողովրդավարական երկրներում սա շատ կարևոր է, և պրոգրեսիվության այս գործառույթը հատուկ է հենց արևմտյան ժողովրդավարություններին – սա է պատճառը, որ պրոգրեսիվ հարկ կգտնեք ավելի շուտ կապիտալիստական երկրներում։
Այս պահին արձանագրենք մի փաստ – ինչպես ես հարկում, քո վերաբերմունքն է տվյալ խավին կամ դասակարգին։ Եթե քիչ վաստակողին ու շատ վաստակողին հավասար ես հարկում, ուրեմն տարբերություն չես տեսնում այդ երկու խավերի մեջ (մինչդեռ մենք սոցիալական երկիր ենք)։ Եվս մի պահ արձանագրենք։ Խավերը տարբեր են, ու կարելի է այս աղյուսակը վերադասավորել կին-տղամարդ։ Ու կստացվի, որ աշխատող կանայք ավելի շատ հարկ են վճարում, քան տղամարդիկ համահարթի դեպքում։ Այո, չզարմանաք, այդպես է, քանի որ այդպես է եկամտի կառուցվաքը՝ կանանց եկամուտը ավելի քիչ է, ու ինքնաբերաբար այս աղյուսակում նրանք կգրավեն առաջին երկու տողերը։ Ինչու՞, որովհետև հենց մեր պետական բյուջեն ուսուցիչներին ավելի քիչ է վճարում, որովհետև բուժքույրերը վիրաբույժներից շատ են՝ բայց շատ քիչ են վաստակում, ղեկավար անձնակազմում տղամարդիկ ավելի շատ են վարձատրվում, մինչդեռ ներքևի օղակներում քիչ վարձատրվող կանայք ավելի շատ են;
Ներկայացվող փաստարկումը մոտավորապես այսպիսին է «ես ամբողջ կյանքս սովորել եմ, գիտելիք եմ կուտակել, աշխատում եմ բավական բարձր որակի ու երկրի համար ավելի շատ արժեք եմ ստեղծում, ինչու՞ պետք է ավելի շատ հարկ տամ»։ Մի պահ կանգ առնենք ու նայենք աղյուսակին։ Իրոք, մեր պայմանական երկրում 10 հոգի ավելի շատ արդյունք է ստեղծում և նրանք վճարում էին ամբողջ հարկերի ընդամենը 6 տոկոսը համահարթի դեպքում։ Ինչու՞ խանգարել նրանց, միգուցե աջակցենք, չէ որ նրանք են այս երկրի համար մեծագույն արժեք ստեղծողը, ափսոս քիչ են. Խելացի, արարող ու ստեղծագործ մարդկանց եկեք աջակցենք՝ սահամանենք նրանց համար «0» տոկոս եկամտահարկ։ Այժմ նայենք աղյուսակին, «արարող» ու բարձր վաստակող խավին այստեղ որոշել ենք աջակցել։
Այստեղ մի թաքնված տող կա, որը չենք տեսնում։ Դա բյուջեի միջոցով եկամուտների վերաբաշխումն է։ Բարձր վաստակողը այս աղյուսակից կարող է նեղանալ և ասել, որ ինքը նույնպես ցանկանում է մասնակցել հանրային բարիքի համար նախատեսված հարկահավաքմանը՝ սակայն համահավասար։ Ավելին, ինքը կպնդի, որ իր գիտելիքով ու չարչարանքով է այդ ամենին հասել, ուստի թող իրենից ոչ ավելի, ոչ էլ քիչ ուզեն։
․․․Ու այստեղ դադար։ Դադարի պահին խնդրում եմ թղթի վրա գրեք, կո՞ղմ եք ռեգրեսիվ հարկին, թե՞ դեմ եք։ Կրկին նայեք աղյուսակին։ Տեսնու՞մ եք, որ սա հնարավոր չէ։ Հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ որպես խավ, որպես սոցիալական խումբ ամենաշատ հարկ վճարողները հենց քիչ եկամուտ ստացողներն են։ Այսինքն նրանց եկամուտների վերաբաշխումը միֆ է, ու ոչ մի նման գործառույթ բյուջեն չի կարող անել, իրականում միակ ուղին պրոգրեսիվ հարկերն են։ Ավելին, իմ ասած բարձր եկամուտ ստացողն ավելի շատ կստանա ու ստանում է եկամուտների վերաբաշխումից։ Ինչու՞։ Շատ պարզ պատճառով, այսօր անհատը միայն իր գիտելիքի կամ չարչարանքի շնորհիվ չի, որ բարձր է վարձատրվում։ Հենց այս արտահայտությունը ինքնին խաբկանք է, պետությունն էլ է նրան օգնում։ Այլապես, պետական բյուջեի ու հանրային քաղաքականությունից պետք է հանեինք բոլոր տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերը ու տակը պիտի թողնեինք միայն սոցիալականը, որ արդար վերաբաշխում լիներ։ Պետությունը ստեղծել է բազմաթիվ ԱյԹի աջակցության ծրագրեր, իրականացնում է բնակարանաշինության սուբսիդավորում (երիտասարդ ընտանիքներին, առաջին հիպոթեքային և այլն), շինարարության մեջ մասնակցելով մեծացնում է այդ հատվածի աշխատանքի հանդեպ պահանջարկը և այլն և այլն։ Նման տեսակետը, որը համահարթեցման հիմնական փաստարկումների մեջ է նշվում, ազնիվ կլիներ միայն եթե այսօրվա պետական քաղաքականությունից հանեինք ցանկացած աջակցություն, որն ուղղված է բարձր եկամուտ ստացող ոլորտներին։
Ամփոփենք նախորդ թեման. Անհնար է խոսել հարկերի արդարության մասին, քանի չենք խոսում պետության եկամուտների վերաբաշխման արդարության մասին։ Կրկնակի անարդար է քիչ եկամուտ ստացողների մասին խոսել որպես պոտենցիալ սոցիալական օգնություն ստացող խավի, որովհետև մեր բյուջեի սոցիալական ծախսերն ավելի շուտ գնալու են ավելի խոցելի խմբերին՝ գործազուրկներին, ծերերին, հաշմանդամություն ունեցողներին։ Եթե այս խավին ընդգրկենք մեր աղյուսակում որպես օգնություն ստացող, ապա կստանանք նկարում արտահայտած պատկերը։ բյուջեի 37 տոկոսը վերաբաշխվել է նրանց, որոնք եկամուտ չունեն։ Կստացվի մի խավը՝ -100 տոկոս, մյուսները համահարթեցման դեպքում միանգամից +20%, իսկ մեր օրինակում -100%, 16%, 19 % և այլն։ Ավելի արդար ու սահուն պրոգրեսիվ շարք ստանում ենք չհարկվող շեմ դնելիս։ Չհարկվող շեմը կատարում է իդեալական սոցիալական արդարության գործառույթ, որը արտահայտել եմ երկրորդ աղյուսակում։ -100%, 0%, 18%: Այս դրույքաչափերը իհարկե պայմանական են, քանի որ իրական թվեր ստանում ենք միայն արդյունավետ հարկային դրույքաչափի դեպքում։ Այժմ նրա մասին, թե ինչու են տնտեսագետները համահարթը համարում ռեգրեսիվ հարկ։ Եթե նախկինում ցույց տված ռեգրեսիվությունը չհավանեցիք ու արդար համարում ենք հավասար հարկային դրույքաչափը, անցում կատարենք իսկական տնտեսագիտության՝ օգտակարությանը։ Թղթի վրա գրածը չմոռանաք։
Որպեսզի մեր այս քննարկումը չսահմանափակվի հաշվապահությամբ ու բյուջեի հարկ հաշվելով, պետք է հասկանանք տնտեսագիտական մի հասկացություն՝ օգտակարությունը և սահմանային օգտակարությունը։ Սրանք տնտեսագիտությունում անկյունաքարային դեր ունեն։ Այսպես վերցնենք ջուրը։ Նրա ընդհանուր օգտակարությունն անգնահատելի է,այսինքն բոլորս գիտենք, որ ջուրը կյանք է։ Սակայն հարց, ինչու՞ է շուկայում ջուրն էժան։ Այսպես, եթե ջուրը կյանք է, այսինքն նրա օգտակարությունը շատ մեծ է, ապա ջրի սահմանային օգտակարությունը չնչին է։ Այսինքն ջրի յուրաքանչյուր հաջորդ ծավալ ավելի քիչ օգտակարություն ունի, քան նախորդը։ Իսկ վերջում, երբ ջուրը շատ-շատ է, օրինակ երբ վերևի հարևանդ գլխիդ ջուր է լցրել, այդ ծավալը նույնիսկ դառնում է վնասակար, ու ուզում ես այդ ջրից ազատվել …։ Հումորը հումոր, նայենք գրաֆիկին։ Յուրաքանչյուր հաջորդ բաժակ մեզ ավելի քիչ օգուտ է տալիս, քան նախորդը։ Այսինքն ոչ մեկին պետք չի ավելի ու ավելի շատ ջուր։ Վեցերորդ բաժակից հետո նրա օգտակարությունը նույնիսկ սկսում է ընկնել։ Սա է պատճառը, որ շուկայում ջուրը ինչ-որ գին ունի և անգին չի։ Քանակն է օգտակարության որոշիչը ու տնտեսագետները լավ գիտեն սահմանային օգտակարության օրենքը ու թե այն ինչ մեծ դեր ունի տնտեսությունում։
Իհարկե, փողի դեպքում օգտակարությունը կասեք ջրի նման չի, ինչպես ասում են «փողը քիչ չի լինում»։ Այո, օրինակ, ադամանդի դեպքում սահմանային օգտակարության տեսությունը չի գործում։ Սակայն եկամուտը եթե ջրի նման օգտակարություն չունի, այնուամենայնիվ յուրաքանչյուր հաջորդ քանակ, ավելի քիչ օգտակարություն ունի, քան նախորդը։ Այսպես, 60000 դրամ եկամուտ ստացողն այն ծախսում է նվազագույն գոյատևման իրերի համար՝ սնունդ, կոմունալ ծախսեր, տրանսպորտ, իսկ քանի որ դրանք այսպիսի անհրաժեշտություն ունեն, ապա դրանից ցանկացած գումար «պոկելը», այսինքն հարկելը էականորեն կնվազեցնի նրա բարեկեցությունը. Չի կարող գազի համար վճարել՝ կանջատեն, երեխաները սոված կմնան և այլն։ Իսկ ահա 1 միլիոն դրամ ստացողից եթե նույնքան հարկենք, ասենք 20 տոկոսը, բարեկեցությունը նույն հարվածը չի ստանա, քանի որ ինքը մեր գրաֆիկում արդեն սկզբնական շարքերում չի՝ գոյատևման գիծը հաղթահարել է։ Սահմանային օգտակարությունն է հենց այն դրույթը, որով էլ հենց տնտեսագետներս սովորաբար ասում ենք, որ «համահարթ հարկային դրույքաչափն ըստ էության ռեգրեսիվ է, այսինքն աղքատներից ավելի շատ ենք հարկում, քան հարուստներից»։
Իսկ մի՞գուցե քիչ վաստակող մարդն իր եկամուտից ավելի վատ է օգտվում։ Կարելի է չէ՞, ենթադրել, որ նա ստանում է իր աշխատավարձը ու վազում ընկերների հետ հարբելու։ Կամ էլ գնում է վիճակախաղի տոմս, կամ որոշում է, որ հենց այսօր Արսենալը ֆինալում պիտի հաղթի ու ամբողջ եկամուտը դնում է այդ հաղթանակի վրա ու կորցնում է։ Ավելի լավ չէ՞ նման մարդկանց փոխարեն պետությունը սոցիալական քաղաքականություն վարի, քան թե եկամուտ ապահովի։ Հրեն, սոցփաթեթ են ստեղծել քաղծառայողների համար, պետությունը որոշել է, որ ինքն ավելի խոհեմ է։ Ինչպիսի՞ սահմանային օգտակարություն ունի նման խավը։ Օգտակարության տարբեր կորեր կան ու կա տնտեսագիտական դպրոցների մեջ վեճ սրանց շուրջը։ Գրաֆիկում, ժամանակակից լիբերալիզմի հայր Ֆրիդմանի աշխատությունն է։ Ինքը այլ երևույթի համար է սա կազմել, բայց ոնց որ հայկական իրականություն լինի։ Ֆրիդման-Սավաժի օգտակարության ֆունկիցիան իրականում շատ եզրակացությունների տեղիք է տալիս, ու այն ընդլայնում է մտածողության դաշտը, երբ տեսական սահմանային օգտակարությունից գալիս ենք վարքագծային դաշտ։ Արդյո՞ք մարդիկ նախընտրում են կայուն, սակայն քիչ եկամուտ, թե պատրաստ են ռիսկի գնալ եկամուտը մեծացնելու հույսով, ու ինչպե՞ս է ազդում նրանց վարքագծի վրա եկամուտի չափը, կայունությունը և հնարավոր օգուտի ռիսկն ու անորոշությունը։ Ըստ այս գրաֆիկի՝ ցածր և բարձր եկամուտ ստացողները, որոնց եկամուտը կայուն չէ, գերադասում են չդիմել ռիսկի ու նրանց վարքագիծը տեղավորվում է սահմանային օգտակարության բանաձևում։ Սակայն Հայաստանի պարագայում մենք չունենք էմպիրիկ տվյալներ, ուստի ինչ դատողություն էլ անեք, լինելու է վիճելի կամ ենթադրելի։ Սկսենք «խաղից», սահմանենք այն ազնիվ և անազնիվ, քիչ և շատ ռիսկային։ Այսպես, երբ խաղն անազնիվ է ու շատ ռիսկային, ապա խոսքը ոչ թե հնարավոր օգուտները մեծացնելու մասին է, այլ հնարավոր վնասներին գնալու։ Թերևս հայաստանյան խաղային ինդուստրիան հենց այսպիսին է, ու ըստ էության քիչ եկամուտ վաստակողները այստեղ էն։ Իսկ ովքեր են գրաֆիկի մեջտեղում, ովքեր են կարողանում եկամուտների աճին զուգահեռ մեծացնել իրենց օգտակարությունը։ Պատկերացրեք ոչ պրոֆեսիոնալ մասնագետ, որն ունի իր կայուն եկամուտը՝ օրինակ տաքսի է քշում, կամ սպասարկման ոլորտում է։ Պատրա՞ստ է նա իր եկամտի մի մասը ներդնել իր կրթության համար, որպեսզի ապագայում մեծացնի իր եկամուտը։ Սա էլ է «խաղ» ու նաև ռիսկային խաղ է։ Նոր գիտելիք, նոր աշխատաշուկա, վերաորակավորում. Այս ամենին բոլորը չեն, որ պատրաստ են, սակայն սա էլ այն «խաղն է», որը այս գրաֆիկով երևում է, թե ինչպես կարող է մեծացնել օգտակարությունը։ Երբ մենք ասում ենք համահարթեցումը արարող ու ստեղծագործող մարդկանց համար է, ենթադրում եմ, որ հենց այս խավին նկատի ունենք։ Սակայն այստեղ ես հարց ունեմ։ Իսկ շատ վաստակողնե՞րը։ Իսկ նրանք, որոնք արդեն ունեն բավարար կրթություն, լավ վաստակում են, ու պատրաստ չեն ռիսկի. Այսինքն գրաֆիկի վերևի օղակը։ Ես չգիտեմ, թե մեր քննարկման դաշտում ուր են կորել մեծ եկամուտ ստացողները՝ 3 միլիոն, 4 միլիոն, 5 միլիոն։ Ասում են, որ նրանց չենք հարկում, որ ստվեր չմտնեն. Սա այլ թեմա է, ու այս պահին ազնվորեն չեմ ուզում խոսել հարկային վարչարարության մասին՝ ինձ համար միջոցը երբեք նպատակ չի կարող լինել։ Ձեռի հետ նշեմ, որ կուտակային կենսաթոշակայինի գաղափարը նույնպես սրա վրա կառուցվում է, այսինքն մարդիկ պատրաստ են ռիսկի դիմել իրենց ծերությունը, թե՞ ապահովագրել. Պետությունը չի հավատում մարդկանց ռացիոնալ վարքագծին, և ապահովագրում է ծերությունը։ Եվ ահա նրանք, որոնք բողոքում են, որ իրենց այսօրվա օգտակարությունը «խլվել է», իսկ ապագա թոշակ ստանալն էլ ռիսկային են համարում (այսինքն չեն հավատում կենսաթոշակային բարեփոխումներին) սկսում են ընդվզել։ Պետությունն էլ որոշում է նրանց վերադարաձնել օգտակարությունը՝ համահարթեցման միջոցով։ Արդյո՞ք սա ճիշտ է։ Ասեմ, որ երկար զրույց է, սակայն բեռը հաստատ հավասար չի բաշխվելու, քանի որ քիչ գումար վաստակողի հաշվին այս անտեսանելի բանակցությունը տեղի ունեցավ։ Ուզեմ-չուզեմ ես անդրադառնալու եմ ԱյԹի հատվածի աշխատողներին, ու ասեմ, որ նրանց պահանջը այս հարցում արդար ու ազնիվ չեմ համարում՝ թեպետ նրանք մաքսիմալացնում են իրենց օգուտը, բայց ավելի շատ խլելով նվազ վաստակողներից։
Այստեղ տեղադրել եմ ԱյԹի ոլորտի ծրագրավորողների ժամավճարները ըստ երկրների։ Ինչպես տեսնում եք, Հայաստանը Եվրոպայի նվազագույն գին ունեցողների մեջ է։ Երբ ասում են, որ կրթություն ստացած, բարձր արտադրողականությամբ մարդուն պետք է աջակցենք, պիտի հասկանանք, թե այդ արտադրողականությունն ինչքան է։ Ինչպես տեսնում ենք, մենք այնքան էլ լավ դիրքերում չենք։ Ավելին, գտնվելով Ռուսաստանի ու Բելառուսի հետ մրցակցային նույն շարքում, իսկ այդ երկրներում եկամտահարկը ցածր է, մեր գործարարները դժվարանում են մրցակցության մեջ մտնել նրանց հետ, ծրագրավորողները նեղվում են։
Ուրեմն, երբ մրցակցում ես միայն գնով, երբ արտադրողականության բարձրացումդ կախված է միայն հարկերի իջեցումից, ուրեմն դու հասել ես քո պիկին։ Վերոնշյալ գրաֆիկի օրինակով, քո օգտակարության աճը ոչ թե ուզում ես մեծացնել նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռքբերելով՝ այլ պարզապես նույն բանն անելով ավելի շատ եկամուտ ես ուզում ստանալ։ Իսկ ինչու՞ որոշ երկրներ ավելի բարձր սանդղակում են։ Պատասխանը մի տնտեսագիտական երևույթի մեջ է, որով զբաղվում է բարեկեցության տնտեսագիտությունը՝ պարետո արդյունավետություն, խաղերի տեսություն։ Ավելի կոնկրետ՝ բանակցելու ունակություն, վստահության կերտում, սակարկելու հմտություն։ Մեր քննարկումներում մի կարևոր գործող անձ չկա՝ գործատուն։
Երբևէ մտածել եք, թե ինչու՞ է գործատուն ավելի շատ վաստակում։ Ինչու՞ է Ֆրանսիայում կամ Գերմանիայում հարստանալն ավելի դժվար, քան Հայաստանում։ Արդյոք փորձել են աշխատողները գործատուի հետ բանակցել, արդյոք այլ կերպ են փորձել մեծացնել իրենց եկամուտները, իսկ համագործակցության, ներդրող բերելու ու այլ լուծումներ քննարկվել են։ Հայաստանը մի երկիր է, որն ունի Պիկսարտ, որն ունի Սինոփսիս, որն ունի ևս մի քանի խիզախ ու հաջողված նախաձեռնություն, որը պարզապես Outsource-ի ասեղի վրա չի նստած ու հաստատ համահարթը չի եղել նրանց արտադրողականության բարձրացման պատճառը։ Եթե հույսներս համահարթով արտադրողականությունը բարձրացնելն է, ապա կներեք, ԱյԹին մեր ապագան չէ, այդտեղ մենք երբեք մրցունակ չենք լինի։
Եթե ուզում ենք բարեկեցիկ երկիր սարքել, արդարությանն այլ կերպ պետք է նայենք՝ ոչ թե հաշվապահորեն կամ էլ հարկային գործակալի ակնոցներով, այլ թե ինչքան ենք անհատներից վերցնում օգտակարություն, ու ինչքան հանրային օգտակարություն ենք ստեղծում։
Մենք նախ և առաջ խնդիր ունենք հանրային բարիք արտադրելու հարցում, ոչ թե հարկերի։ Ասածս շատ ու շատ հարցեր երբ պետությունը շտկի, մարդիկ իրենց տված հարկերին այդքան սուր չեն անդրադառնա, ու կլուծվի կարևոր մի հարց՝ հարկերի հարցով կկնքվի իրական սոցիալական պայմանագիր։ Ու քանի որ այսօր պետությունը չի կարողանում պատշաճ հանրային բարիք արտադրի, գնում է այս զիջմանը, այդ անարդար զիջմանը՝ ի վնաս քիչ եկամուտ ստացողների։ Վաղը-մյուս օրը, եթե հավատում ենք, որ ավելի լավ պետություն ենք ունենալու, նոր հարկային համակարգ ստեղծելու կարիք ենք ունենալու։ Այսօրվա համակարգի թերություններին չեմ անդրադարձել, սակայն դրանք շատ են. Միայն այն, որ անունը դրել ենք եկամտահարկ, սակայն ըստ էության ամսական աշխատավարձի հարկ է․ օրենսդրական լիրիկան ինձ քիչ է հետաքրքրում, եթե մարդը չի կարող իր սանդղակը ճշգրտել ըստ տարեկան եկմատի ու տնային տնտեության չափի։ Այս թեման շատ երկար է, ու ես էլ նշել էի, թե ինչու չեմ ցանկանում մասնակցել մասնագիտական քննարկմանը. Պարզ պատճառով, անհնար է մտքի, մտածողության, գաղափարների, արժեքների, մանրամասների մասնագիտական քննարկում կարճ ժամանակահատվածում։ Կիսատ միտք է դառնալու՝ տակը թողնելով պաթոսի հնարքը, որ ցանկացածդ անցկացնես։ Միակ խնդրանքը, որ ունեմ, գոնե երկու սանդղակ թողելն է, թեկուզ ավելի մեծ 2.5 միլիոն դրամ եկամուտ ստացողների համար։ Պրոգրեսիվությունը վերացնելը մեծ անարդարություն եմ համարում ավելի նվազ եկամուտ ստացողների հանդեպ՝ երբ գլխավոր խնդրի ակունքը հանրային բարիք արտադրելու մեջ է»։