Այսօր 11։30-ից Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համարակարգին» նախաձեռնության հերթական ակցիան։
Ակցիային մասնակցել է մոտ 200 հոգի, մեծ մասամբ՝ ծրագրավորողներ: ԱԺ-ի դիմաց նրանցից ոմանք ելույթներ են ունեցել՝ վստահեցնելով, որ վճռական են տրամադրված և չեն տալու պարտադիր վճարները: «Չունենք տալու», «Ոչ պարտադիր դրամահավաքին», «Ոչ պետական գրպանահատներին»` վանկարկում էին ակցիայի մասնակիցները:
Նշենք, որ մինչ դրսում ակցիա էր անցկացվում, ԱԺ-ում քննարկվում էր կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկը: Հարցի շուրջ քվեարկությունը տեղի է ունենալու վաղը:
Ակցիայի մասնակիցները մտադիր են դիմել Սահմանադրական դատարան, ՄԻՊ-ին, եթե ԱԺ-ն դեմ քվեարկի առաջարկին:
ԱԺ-ից հավաքվածները շարժվել են դեպի նախագահական նստավայր, որտեղ ավելի քան 4000 ստորագրություններ են հանձնել: Նամակների և ընդունելությունների բաժնից ակցիայի մանասկիցներին ասել են, որ օրենքով սահմանված ժամկետում՝ 15 օրում, իրենց նամակին կտրվի պատասխան:
«Մենք պետք է շարունակենք վճռական լինել: Ամեն ինչ նույնքան նախագահից է կախված, ինչքան մեզնից: Վաղը, ժամը 12.00-ին հավաքվում ենք նորից ԱԺ-ի դիմաց»,- կոչ է արել ակցիայի մասնակիցներից մեկը: