հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Կառավարությունը բոլորին տանելու է զինվորական հավաքների

Կառավարությունը բոլորին տանելու է զինվորական հավաքների

Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է եռամսյա հավաքներից՝ դրանք դարձնելով 25-օրյա և պարտադիր բոլոր զինապարտ քաղաքացիների համար։

Նախատեսվում է, որ ծառայությունը 21 օր է լինելու, 25 օր են նշում՝ կազմակերպման հատվածն ապահովելու համար՝ կառավարության այսօրվա նիստին զեկուցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

21 օրերից 7-ը պատրաստությանն է հատկացվելու, 21-ը՝ մարտական հերթապահությանը։

Կառավարությունը խոստանում է՝ քաղաքացիներին հնարավորություն են ընձեռելու ընտրել ծառայության ժամկետները։

«Պահեստազորում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն ընտրելու է, թե տարվա մեջ երբ կարող է այդ 25 օրը տրամադրել ՀՀ սահմանները պաշտպանելուն», – ասել է Պապիկյանը՝ շեշտելով՝ կարգը շուտով կհրապարակվի։

Արդեն ամիսներ շարունակ Կառավարությունը պարբերաբար եռամսյա հավաքներ է հատյատարարում՝ քաղաքացիներին ծանուցագրեր են ուղարկում և տանում բանակ։ Կառավարությունը հայտարարում է, թե վարժական հավաքների նպատակը պահեստազորայինների ռազմական վերապատրաստումն է։ Զորակոչված պահեստազորայինները, սակայն, տարվում են մարտական դիրքեր, այդ թվում՝ սահմանամերձ։ Քաղաքացիները դժգոհում են՝ հավաքների կազմակերպիչները հաշվի չեն առնում ո՛չ ընտանեկան, ո՛չ էլ աշխատանքային պայմանները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նշել է՝ եռամսյա հավաքները նախատեսված էին հին համակարգով, դրանք շատ երկար ժամանակ պատշաճ չեն արվել, ինչի «հետևանքները մենք տեսանք 2020-ի պատերազմի ընթացքում»։

«Կառավարությունը որոշեց եռամսյա հավաքների որդեգրված քաղաքականությունն իրականացնել։ Այդ ընթացքում պարզվեց, որ դա խնդրահարույց է։ Մարդիկ աշխատում են, դրա հետ կապված խնդիր է լինում: Որոշեցինք հրավիրել հատկապես այն մարդկանց, ովքեր աշխատանք չունեն, և սա ինչ-որ առումով սոցիալական նշանակություն ուներ, որովհետև եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են՝ աշխատավարձ են ստանում։ Հետագայում եկանք եզրակացության, որ դա այդքան էլ արդյունավետ չէ և որ հավաքները պետք է դարձնել մեկամսյա, ընդ որում՝ պարտադիր բոլորի համար։ Չեմ կարծում, որ սա կառավարելի իրավիճակ չէ։ Այս պրոցեսը բոլորի համար կլինի պարտադիր։ Բայց մարդիկ պետք է հնարավորություն ունենան իրենց կյանքը պլանավորել։ Այս համակարգով ժամկետները ընտրելու մեխանիզմ կներդրվի», – հավելել է Փաշինյանը։

Պապիկյանն էլ խոսել է կանանց մասին, թե՝ կանայք ևս մարտական պատրաստության հնարավորություն կունենան․ «Արդեն մշակված ծրագիր ունենք, պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ։ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն։ Սա՝ ըստ ցանկության։ Ովքեր կուզեն՝ կմասնակցեն»։

Փաշինյանն հավելել է՝ բացառված չէ, որ վարժական հավաքները պարտադիր դառնան նաև կանանց համար։ Հիմնավորումը մոտավորապես հետևյալն է․ «Բոլոր ասելով նկատի ունենք բոլորին, կանայք էլ են բոլորի մեջ մտնում»։

«Կարծում եմ, սկզբնական փուլում պետք է հերթագրման տրամաբանությամբ գնալ։ Բայց եթե խոսում ենք մեկ ամիս նախապատրաստության մասին, կանանց դեպքում կարող ենք դա դարձնել 15 կամ 7 օր։ Չգիտեմ։ Բայց երբ ասում ենք բոլորը՝ բոլորը բոլորն են։ Ես համաձայն եմ, որ մենք չենք կարող դա միանգամից անել։ Բայց փուլային եղանակով այս խնդիրը պետք է դնենք և լուծենք։ Հասկանալի է նաև, որ պետք է պայմաններ ստեղծվեն՝ դա իրականացնելու համար», – ասել է Հայաստանի վարչապետը։

Որոշվել է, որ հարցը կքննարկվի կառավարության հաջորդ նիստին։