Սեպտեմբերի 26-ին կառավարության կողմից ընդունվել և հաջորդ օրը ուժի մեջ է մտել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» N 1484-Ն որոշումը, համաձայն որի՝ անհրաժեշտ է համարվել․
— Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ 2022 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 22-ը:
— Վարժական հավաքներին ներգրավել մինչև 3680 քաղաքացու, որոնցից 3310-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 80-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 290-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:
— Վարժական հավաքների ապահովման համար սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 22-ը ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 320 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի:
— Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
Որոշման ընդունումից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստանում պահեստազորում հաշվառված անձանցից առ այն, որ
1․ վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվում է քաղաքացիներին նույն օրը զորակոչվելու համար,
պահեստազորում հաշվառված անձինք չեն ենթարկվում օրենքով սահմանված բժշկական հետազոտությունների եւ փորձաքննության,
2․ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժանումներում բացակայում են քաղաքացիների կողմից իրենց առողջության վիճակի վերաբերյալ նախկինում ներկայացված փաստաթղթերը, հաշվի չի առնվում պահեստազորում հաշվառված անձանց ընտանեկան դրությունը։
Մինչդեռ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով ՀՀ Կառավարությունը 18.10.2018 թ․-ին կայացված «Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կարգը սահմանելու մասին» թիվ 1174-ն որոշմամբ սահմանում է՝
10. Համաձայն վարժական հավաքների անցկացման տարեկան պլանի՝ զինվորական կոմիսարիատը, վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ, տարածքային զինվորական կոմիսարիատներ է ուղարկում կարգագրեր, որոնց հիման վրա պահեստազորայինները կանչվում են վարժական հավաքների։
13. Այն պահեստազորայինները, որոնք ընտրվել են որպես վարժական հավաքներում պատրաստվելու թեկնածուներ, ծանուցվում են վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն 20 օրացուցային օր առաջ՝ զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու նպատակով։ Պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո՝ մեկ տարվանից ոչ շուտ։
14․ Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայինն անցնում է բուժհետազոտում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման զորամաս։
ՀՔԱՎ-ը հիշեցնում է նաև՝ մինչև վերջին որոշումը՝ 2022 թվականի հունիսի 23-ին ընդունվել և հաջորդ օրը ուժի մեջ էր մտել ևս մեկ որոշում (N 941-Ն), համաձայն որի՝ անհրաժեշտ է համարվել հայտարարել պահեստազորայինների վարժական հավաքներ՝ 3 ամիս ժամկետով՝ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը: Վարժական հավաքներին ներգրավել մինչև 1444 քաղաքացու, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Oգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը 3 ամիս ժամկետով ներգրավել մինչև 134 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի:
Այնուհետեւ արդեն 2022 թվականի օգոստոսի 24-ին ընդունվել էր ևս մեկ որոշում (N 1334-Ն), որով կրկին հայտարարվել էին պահեստազորայինների վարժական հավաքներ՝ 3 ամիս ժամկետով՝ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Վարժական հավաքներին ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կոչ է անում
— ծանուցագիրը տրամադրել քաղաքացիներին օրենքով սահմանված ժամկետներում,
— ապահովել պահեստազորում հաշվառված անձանց բժշկական հետազոտությունները և փորձաքննությունը մինչ վարժական հավաքին ներգրավելու մասին որոշում կայացնելը,
— օրենքով ամրագրել անձանց շրջանակը, որոնք ենթակա չեն վարժական հավաքին՝ հաշվի առնելով մասնավորապես՝
ընտանեկան պայմանները (անչափահաս երեխա/ներ ունեցող ծնողների զորակոչի դեպքում, նույն ընտանիքից միաժամանակ մեկից ավելի անձանց զորակոչի դեպքում, ընտանիքի միակ կերակրողը հանդիսանալու դեպքում, հաշմանդամություն ունեցող ծնող/ների դեպքում եւ այլն, ինչպես սահմանված է պարտադիր ժամկետային ծառայության զորակոչելու դեպքում), պարզեցնել ամրագրման ենթակա անձանց վերաբերող օրենսդրական կարգավորումները: