Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանը օգոստոսի 1-ին մեկնել էր եռամսյա զորահավաքների, մի քանի օր անց նրան տեղափոխել էին հոսպիտալ։ Հետագայում պարզվել էր, որ նա սրտի ստենտավորման կարիք ունի։
Ավագանու անդամը պնդում է, որ իրեն զորակոչել են՝ նախապես իմանալով, որ տառապում է սրտի առիթմիայից։
News.am-ի հետ զրույցում Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավարը պատմել է, որ նախքան զորակոչելը՝ զինկոմիսարիատն իրեն ստուգման էր ուղարկել․ հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ ինքը առողջական լուրջ խնդիրներ ունի:
«Չգիտեմ՝ ինչ սկզբունքով ինձ տարան եռամսյա հավաքի: Այնտեղ բարձրադիր հատված է, ֆիզիկական ծանրաբեռնվածության, ճնշման տատանումների և այլնի պատճառով իմ առողջական վիճակը վատթարացավ: Ինձ տեղափոխեցին Վարդենիսի հոսպիտալ, որից հետո Երևան՝ Զեյթունի սրտաբանական:
12 օր Զեյթունի սրտաբանականում բուժում ստանալուց հետո ուղարկեցին ստուգման, որի արդյունքում պարզ դարձավ, որ ես պետք է ստենտավորվեմ: Սրտի կենսական անհրաժեշտության անոթներից մեկը 75 տոկոսից ավելի փակված էր», – ասել է Դոխոյանը:
Վիրահատությունից հետո միայն զինկոմիսարիատը որոշում է կայացրել, որ ավագանու անդամը ոչ պիտանի է ծառայությանը:
Հիշեցնենք՝ միայն օգոստոսի առաջին երկու շաբաթների ընթացքում հայկական բանակում առնվազն երկու պայմանագրային զինծառայող հանկարծամահ է եղել, ևս մեկը՝ մահացել «կտրուկ վատթարացած» առողջական վիճակի պատճառով։ Առողջական խնդիրների հետ կապված զինվորական մահերը մինչ օրս դասակարգում է որպես «ծառայության հետ չկապված դեպքեր»։
տե՛ս Զինծառայողները չեն անցնում պատշաճ բուժզննում․ 3 զոհ 2 շաբաթվա մեջ
Իրավապաշտպանները արդեն տարիներ շարունակ ահազանգում են՝ զորակոչի փուլից սկսած զինծառայողները չեն անցնում համալիր բժշկական զննություն, պատշաճ բուժօգնություն չեն ստանում նաև բանակում։ Այս մահերի համար ոչ ոք սովորաբար պատասխանատվություն չի էլ կրում։