19։14 «Սա կարող է երկար տևել․․․ Մենք չենք հասկանում՝ ինչ պայմաններով և երբ ռուս խաղաղապահները կկարողանան բացել ճանապարհը։ Այսօրվա դրությամբ մենք տեսնում են, որ Ադրբեջանի կողմից մեծ խումբ մարդիկ են ներգրավվել՝ խմում են այնտեղ, պարում են, ապրում են այդ ճանապարհին, երբ են դուրս գալու՝ անհասկանալի է», – «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Ըստ նախարարի, բանակցություններ չեն տարվում, Ադրբեջանի հետ շփումներ չկան․ «Մենք ունենք տեղեկություններ, որ [ռուսական կողմը բանակցում է ադրբեջանցիների հետ], բայց նրանք դա անում են առանց մեզ»։
15։00 Արդեն երրորդ օրն է՝ Ղարաբաղը շրջափակման մեջ է։ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին, որը Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, շարունակում է երկկողմանի փակ մնալ։
Սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումները դադարեցվել են, հազարավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին՝ հնարավորություն չունենալով միանալ իր ընտանիքին։
«Կեղծ բնապահպանական պատճառաբանությունների» իրական նպատակը, ըստ Ղարաբաղի ՄԻՊ-ի, Արցախի ժողովրդին ահաբեկելն է և «գոյաբանական սպառնալիքի ներքո տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելը»։ Ղարաբաղի նախագահը հայտարարել է, թե միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի։ ԼՂ ԱԺ-ի իշխող խմբակցության ղեկավարը զգուշացրել է՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում խաղաղապահներին տարածաշրջանից դուրս բերելու համար։
Ադրբեջանը խափանել է նաև գազամատակարարումը
Երեկ երեկոյան Ադրբեջանը խափանել է Ղարաբաղի գազամատակարարումը։ Գազով ջեռուցվող դպրոցների և մանկապարտեզների աշխատանքը դադարեցվել է։ Բուժհաստատությունները հետաձգել են պլանային վիրահատությունները։
Արցախում առաջացել է նաև բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս:
«Արցախի կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի: Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրվեն շտապ օգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին: Քաղաքացիներին կոչ է արվում խնայողաբար օգտագործել վառելիքը և տրանսպորտային միջոցներն օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում», – արդեն այսօր գրել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Մահաբեր պետական ակտիվիզմ
Դեկտեմբերի 12-ի առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ՝ քաղաքացիական հագուստով, դրոշներով և պաստառներով, փակել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը՝ փաստացի արգելափակելով նաև Լաչինի միջանցքը։
Մայրուղին արգելափակած ադրբեջանցիները ներկայանում են որպես «բնապահպաններ»՝ եկել են «պայքարելու ընդերքի ապօրինի շահագործման դեմ», «դժգոհ են», որ դեկտեմբերի 10-ին իրենց հնարավորություն չի տրվել շրջայց և մոնիթորինգ կատարել Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։
«Բնապահպանական թեման» ի հայտ է եկել նախորդ շաբաթ։ Սա արդեն երկրորդ անգամն է, ինչ ադրբեջանցիները նման պատճառաբանությամբ փակում են Լաչինի միջանցքը։ Մինչ այդ Բաքուն առավել հաճախ շահարկում էր այսպես կոչված «ականների» հարցը։ Ղարաբաղում դեռ շաբաթներ առաջ էին ահազանգում՝ Ադրբեջանը տեղեկատվական ֆոն է ստեղծում Լաչինի միջանքը վերահսկողության տակ առնելու համար։
Բաքվի «ակտիվիստներին» միացել է զորքը
Բաքվից պարբերաբար ավտոբուսներ են գալիս, որոնք թարմ ուժեր են մատակարարում «ակցիայի վայր»։
Նախօրեին այսպես կոչված բնապահպաններին միացել է նաև զորքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Լաչինի միջանցք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողները և ոստիկանական ուժեր։ Պատրվակը՝ ապահովել «բողոքի ակցիայի» մասնակիցների անվտանգությունը։
Ուր են տանում ադրբեջանցի «բնապահպանների» հետքերը
«ՍիվիլՆեթը» հիշեցնում է՝ 2020-ի պատերազմից հետո, երբ Շուշին և մյուս քաղաքներն ու բնակավայրերն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանի քաղաքացիներին հնարավորություն տրվեց այցելել այդ բնակավայրեր, բայց՝ միայն հատուկ թույլտվություն ստանալով։ Նրանք կարող են գնալ Շուշի, Աղդամ և այլ բնակավայրեր բացառապես պետության տրամադրած ավտոբուսներով՝ ոստիկանության ուղեկցությամբ։ Այցելած քաղաքներում այդ երկրի քաղաքացիները կարող են գտնվել 2-3 ժամ, ինչից հետո պարտավոր են վերադառնալ։
Բաց աղբյուրները ուսումնասիրությամբ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը ապացուցել է՝ ճանապարհը փակած ակտիվիստների մեծ մասը փոխկապակցված է պետֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների հետ։ Լաչինի միջանցքում «բողոքի ցույց» են անում նաև Ադրբեջանի պետական պաշտոնյաները․ այնտեղ կարելի է հանդիպել, օրինակ, Բնապահպանության նախարարին կամ ՀԿ-ներին ֆինանսավորող պետական գործակալության անդամներին։
«Սիվիլնեթի» հետաքննությունը՝ այստեղ
Ֆրանսիան և ԱՄՆ-ն կոչ են անում, Ռուսաստանը դեռ բանակցում է
Ֆրանսիան կոչ է անում առանց որևէ նախապայմանի վերականգնելու Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտքն ու մատակարարումները՝ պահպանելով այնտեղ ապրող բնակչության իրավունքները, հայտարարել է պաշտոնական Փարիզը։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հիշեցրել է 2020թ․ նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության մասին․ «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել երկու ուղղությամբ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտի և բեռների տեղաշարժի անվտանգությունը»։
Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը։ «Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են», – գրել է Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։
Երեքշաբթի օրը Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցին նա ընդգծել է նաև՝ էներգետիկ ենթակառուցվածքի խափանումը, ինչի մասին հաղորդումներ են ստացվում, կարող է հումանիտար ճգնաժամ առաջացնել. «Եթե դա միտումնավոր է, ապա անընդունելի է ԼՂ քաղաքացիական բնակչության թիրախավորումը»:
Ռուսական կողմը, մինչդեռ, նախօրեին հայտարարել է՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։ Ավելի վաղ՝ «ադրբեջանական ակցիայի» առաջին իսկ օրը, Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել նախ Իլհամ Ալիևի, այնուհետև՝ նաև Նիկոլ Փաշինյանի հետ։
Ճանապարհը, այնուամենայնիվ, առ այժմ չի բացվել։
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակը քիչ առաջ հայտարարել է, թե «մեր ունեցած տեղեկություններով՝ ՌԴ-ն պատրաստվում է Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ հայտարարություն անել, որը հայ ժողովուրդն իր դաշնակից երկրից վաղուց է սպասում, հուսամ՝ այս անգամ հուսախաբ չեն անի մեր գործընկերները»։
Հայաստանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել՝ քննարկելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը։ Ընդդիմությունը քննարկմանը չի մասնակցել։
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին հայտարարությամբ Հայաստանի խորհրդարանը կոչ է արել ՌԴ-ին իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ», – նշված է հայտարարության մեջ։
Արցախի պետնախարարի խորհրդականը նստացույց է անում
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ անժամկետ նստացույց է սկսել Երևանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։
Բեգլարիանը ավելի վաղ Երևան էր եկել՝ մասնակցելու միջազգային ֆորումին։ Ղարաբաղ վերադառնալ չի կարողացել։
Նախօրեին մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին արել ՄԱԿ-ի գրասենյակի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահնագների դեսպանատների մոտ։ Այսօր Երևանում հանրահավաք է նախաձեռնել նաև ՀՀԿ-ն։
դեկտեմբերի 13-ի տեքստային լայվը՝ այստեղ
դեկտեմբերի 12-ինը՝ այստեղ