Դեկտեմբերի 14-ին Meydan TV-ի թղթակիցներ Այթաջ Թափդիգը, Խայալա Ագաևան և անկախ լրագրող Թեյմուր Կարիմովը ուղևորվել են Լաչինի միջանցք՝ ադրբեջանցիների բողոքի ակցիան նկարահանելու, սակայն քաղաքացիական շորերով և սև դիմակներով մի խումբ անձինք նրանց կանգնեցրել են, առանց բացատրությունների մեքենա նստեցրել և հետ ուղարկել Բաքու, գրում է Meydan TV-ն։
Լրագրողները նշում են, որ իրենցից խլել են տեսախցիկները և ամբողջ նկարահանած նյութը ջնջել։ Meydan TV-ի խոսքերով՝ քանի որ դեպքի վայրում անկախ մամուլի ներկայացուցիչներ չկան, հասարակությունը չի հասկանում, թե իրականում այնտեղ ինչ է կատարվում։
Ադրբեջանական ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Էլշադ Հաջիևը պատճառաբանել է, որ լրագրողներին հետ են ուղարկել առանց թույլտվության ուղևորվելու պատճառով։
Ըստ Meydan TV-ի հետ զրուցած փորձագետի՝ իշխանությունները հիմնականում հղվում են 2021 թվականին Ադրբեջանում ընդունված նոր օրենքին, որի համաձայն, ադրբեջանցիները 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրեր կարող են այցելել միայն հատուկ թույլտվությամբ։
Այնուամենայնիվ, ըստ սոցցանցերում արված հրապարակումների, ակցիային կարող են միանալ բոլոր ցանկացող կամավորները և քաղաքացիները։ Հարց է առաջանում․ ինչու՞ է անկախ լրագրղներից թույլտվություն պահանջվում՝ լուսաբանելու ակցիան, որին, ենթադրաբար, կարող են մասնակցել երկրի բոլոր քաղաքացիները, գրում է Meydan TV-ն։
Արդեն չորրորդ օրն է՝ Ղարաբաղը շրջափակման մեջ է։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ՝ քաղաքացիական հագուստով, դրոշներով և պաստառներով, փակել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը՝ փաստացի արգելափակելով նաև Լաչինի միջանցքը։ Ղարաբաղ մատակարարումները դադարեցվել են, շուրջ հազար մարդ մնացել է ճանապարհին։ Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանը խափանել է նաև Հայաստանից Ղարաբաղ գազի մատակարարումները։