Մայիսի 8-ին լույս 9-ի գիշերը Բաքվում հարձակում են գործել լրագրող Այթեն Մամեդովայի վրա․ անհայտ տղամարդը դանակը դրել է նրա վզին ու սպառնալիքներ հնչեցրել նաև Մամադովայի երեխայի հասցեին՝ պահանջելով դադարեցնել լուսաբանել դատական պրոցեսը։ Հարձակվողը, սակայն, չի նշել, թե կոնկրետ որ գործի մասին է խոսքը։
Մամեդովան ոստիկանություն է դիմել, որտեղ ցուցմունք է տվել, ապա՝ բժշկական փորձաքննություն է նշանակվել։ Լրագրողի վզին երկու կտրվածք է մնացել, սակայն նա բուժօգնության չի դիմել, քանի որ վնասվածքները թեթև են։
«Թեև այդ տղամարդը հարձակման կոնկրետ պատճառներ չի նշել, ես չեմ կասկածում, որ այն կապված է Թովուզի շրջանում մանկահասակ աղջկա սպանության գործի հետ», – հայտնել է լրագրողը։
Մոտ 20 օր առաջ, պատմել է Մամեդովան, զանգահարել էին նրա տան հեռախոսահամարով և սպառնալիքներ հնչեցրել նշված գործի կապակցությամբ:
Այթեն Մամեդովան Ադրբեջանում հայտնի է որպես դատական գործեր լուսաբանող լրագրող։ Մամեդովան այժմ, ի թիվս այլի, գրում է Թովուզի շրջանում 10֊ամյա Նարմին Գուլիևայի առևանգմանը վերաբերող դատավարության մասին։ Լրագրողը վերջերս սոցցանցերում գրել էր այդ գործում մեղադրվող Իլքին Սուլեյմանովի անմեղության և իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ կիրառված ճնշումների մասին։
2019 թվականի նոյեմբերի 21֊ին 10֊ամյա երեխան անհետ կորել էր։ Նրա ամբողջովին այրված մարմինը գտել են 2020 թվականի հունվարի 6֊ին, գյուղում, որտեղ նա ապրում էր։ Մի քանի օր անց ուժայինները հայտարարել են, որ ձերբակալել են մարմինը գտնելու մասին առաջինը հաղորդած տեղի բնակչին։ 47֊ամյա Իլքին Սուլեյմանովին մեղադրել են երեխայի սպանության մեջ։ Դատարանում Սուլեյմանովը պնդել էր իր անմեղությունը, սակայն խոստովանական ցուցմունք տվել, որովհետև իրեն խոշտանգումների էին ենթարկում:
«Երեխայի առևանգման և սպանության այդ գործում շատ տարօրինակություններ կան։ Սուլեյմանովը սպանված աղջկա հետ նույն գյուղից էր։ Նրան առևանգման ու սպանության մեջ են մեղադրում, բայց գյուղի բնակիչները չեն հավատում դրան։ Նա պատմել է ծանր խոշտանգումների մասին, որոնց հետևանքով խոստովանական ցուցմունք է տվել։ Մեկուկես ամիս անց գտնված մարմնի արյան խումբը չի համապատասխանում կորած աղջկա արյան խմբին․ դա հաստատել է փորձաքննությունը։ Վկաներից շատերը հրաժարվել են քննության ընթացքում իրենց տված ցուցմունքներից։ Այնպիսի տպավորություն է, որ մեղադրյալի վրա փորձում են պատասխանատվություն բարդել մի բանի համար, որը նա չի կատարել», – գրել է լրագրողը։
Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հաստատել է, որ լրագրողի վրա հարձակման վերաբերյալ քննություն է տարվում։ Կասկածյալներ չկան և քրեական գործ դեռևս չի հարուցվել։
Այթեն Մամեդովան լրագրությամբ է զբաղվում արդեն շուրջ 20 տարի։ Երկար տարիներ աշխատել է Azadlıq ընդդիմադիր լրատվամիջոցում։
Մամեդովան այն լրագրողներից էր, ովքեր ֆիզիկական բռնության էին ենթարկվել 2020 թվականի փետրվարին Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից հետո բռնկված ցույցերը լուսաբանելու ժամանակ։