Home / Մարզեր / Ղրղզստանում բողոքում են ընդդեմ տեղեկատվական սահմանափակումների

Ղրղզստանում բողոքում են ընդդեմ տեղեկատվական սահմանափակումների

Բիշքեկում #Rеакция 3.0 բողոքի ակցիան է կազմակերպվել՝ ընդդեմ «տեղեկատվությամբ մանիպուլացնելու մասին» օրինագծի։

Մասնակիցները հավաքվել են երկաթգծի կայարանի շենքի դիմաց ու երթով հասել Ժիգորկու Կենեշ (Ղրղզստանի խորհրդարան)։ Նախագահին կոչ էին անում չստորագրել այդ օրենագիծը, իսկ այն նախաձեռնած պատգամավորներից պահանջում էին վայր դնել մանդատը։

Ցուցարարները կարգախոսներ էին վանկարկում․ «Չկա քվորում, չկա օրենք», «Գուլշատ, հանձնիր մանդատդ», «Խոսքի ազատություն», «Մենք ստրուկ չենք» և այլն։

Ավելի վաղ լրագրողները, մեդիա նախաձեռնությունների համակարգողներն ու քաղաքացիական ակտիվիստները նախագահ Սորոնբայ Ժեենբեկովին կոչ էին անում ստորագրությամբ չհաստատել այս նախագիծն ու սոցիալական ցանցերում հրապարակումներ էին անում՝ ի պաշտպանություն Ղրղզստանում խոսքի ազատության։

«Տեղեկատվությամբ մանիպուլացնելու մասին» օրինագիծը մայիսի սկզբին մշակել էին Գուլշատ Ասիլբաևան և Այնուրա Օսմոնովան։ Անցյալ շաբաթ խորհրդարանն այն ընդունեց։

Օրենքը, սակայն, դեռևս օրինական ուժի մեջ չի մտել․ նախագահ  Սորոնբայ Ժեենբեկովը կարող է ստորագրությամբ հաստատել այն, կամ վետո դնել։

Օրինագիծը

Օրենսդրական նախաձեռնության մեջ հստակ ներկայացված են ինտերնետային օգտատերերի, կայքերի սեփականատերերի և ինտերտնետ մատակարարների իրավունքներն ու պարտականությունները։ Հեղինակի պնդմամբ, այս նորմատիվ իրավական ակտը պետական մարմիններին կլիազորի նախադատական կարգով սահմանափակել հասանելիությունը տեղեկատվությանը, որը կարող է կեղծ կամ ոչ հավաստի լինել։ Այլ կերպ ասած, Ղրղզստանի հանրապետության տարածքում առանց դատարանի որոշման հնարավոր կլինի դադարեցնել ցանկացած վեբ֊պորտալի աշխատանքը։

Նախաձեռնոցները հայտարարում են, որ օրինագծի հիմնական նպատակը քաղաքացիներին համացանցում տարածվող կեղծ ինֆորմացիայից պաշտպանելն է։ Օրենսդրական նախագծի հակառակորդներն այն ոչ սահմանադրական են համարում, նշելով, որ այս օրենքը կարող է լրացուցիչ լծակ դառնալ իշխանությունների ձեռքում՝ այլակարծության ճնշման համար։

Մեկ ամիս շարունակ այս նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումներ ու պատգամավորական հանձնաժողովների լսումներ էին։ Հունիսի 25-ին Ժոգորկու Կենեշն այն ընդունեց երրորդ ընթերցմամբ։ Հրապարակման պահից սկսած նախագիծը դժգոհություններ է արթնացրել հասարակության շրջանում։ Որոշ ակտիվիստներ ակցիաներ էին կազմակերպում նաև օրենքի ընդունման ժամանակ։

Մեդիա համայնքի ներկայացուցիչները հիշեցնում են, որ օրենքը հակասում է Ղրղզստանի Սահմանադրությանը։ Մի շարք ԶԼՄ֊ներ գրում են, որ այս օրինագիծը ռուսական համանման նորմատիվ իրավական ակտերի պատճենն է։