Հայաստանում խոսքի ազատությունը հստակ օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով հաճախ չարաշահվում է՝ վերածվելով ուղղորդված ու խիստ միակողմանի տարվող ատելության քարոզի: «Հոդված 3»-ի կողմից կազմակերպված քննարկման մասնակիցները խոսում էին օրենսդրական կարգավորումների անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցների թափանցիկության և հասարակության հետ այս ուղղությամբ աշխատանքի մասին։
2019 թվականին օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում աշխատանքային խումբ ստեղծվեց։ Այն պետք է, հնարավորության սահմաններում, կանխարգելի ատելության խոսքը, որն, ըստ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանի, նոր երևույթ չէ երկրում, պարզապես վերջին տարիների ընթացքում՝ հատկապես թվային տեխնոլոգիաների և սոցցանցերի զարգացման պայմաններում, դրա տարածումն ավելի վտանգավոր է դառնում։
Պատգամավորն անցած տարվա իրադարձությունները հիշատակեց, երբ թիրախավորվեցին հասարակական կազմակերպություններ, փաստաբաններ, լրատվամիջոցներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։ Արդյունքում, իշխանությունն անհրաժեշտություն համարեց հարցի շուրջ քննարկումներ սկսելը։ Պատգամավորներից, քաղհասարակության ներկայացուցիչներից և պետական և իրավապահ համակարգի ներկայացուցիչներից բաղկացած խումբը ցանկանում է մի շարք հարցերի պատասխաններ գտնել, ինչպիսիք են՝ արդյոք քրեականացումն այն ճիշտ ճանապարհն է, որով պետք է կանխարգելվի ատելության խոսքը, արդյոք օրենսդրական բացը միայն քրեական օրենսգրքում է, թե՞ քաղաքացիաիրավական հարաբերություններում ևս կարգավորումներ են պետք, արդյոք պետք է սահմանվի՝ ի՞նչ է ատելության խոսքը։
Խանդանյանը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ որևէ բանաձև կլինի, որը կօգնի արդյունավետ մեխանիզմներ գտնել՝ ատելության խոսքի դեմ պայքարում։
Նշենք, որ ավելի վաղ Ազգային ժողովն ընդունել է կառավարության կողմից ներկայացված՝ խտրական հիմքով բռնության կոչերը քրեականացնող նախագիծը։
Հարձակումների թիրախ դարձած «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը կարծում է՝ ավելի կարևոր է հասկանալ՝ ինչպես է հնարավոր պաշտպանել կարևորագույն արժեքները․
«Ինչպե՞ս ստացվեց, որ երկու տարի առաջ ամբողջ հասարակությունը դուրս եկավ իր արժանապատվության համար պայքարի և այդ պայքարում չկար ատելության խոսք, չկար թշնամանք, ու ընդամենը 8 ամիս հետո մենք ունեցանք կոնկրետ թիրախներ և կոնկրետ ատելության խոսք։
Կարծում եմ՝ օրենսդրական կարգավորումը փոքր գործիք է ընդամենը։
Շատ ավելի կարևոր է հասկանալ՝ ինչպե՞ս մենք պետք է պաշտպանենք, խրախուսենք արժեքներ, որոնց դոմինանտությունն արդեն զերծ կպահի ատելության խոսքից։ Ի՞նչ աշխատանք չի տարվել, ինչի հետևանքով ստեղծվեց ատելության մթնոլորտը, որտեղ մարդիկ և կառույցներ, որ դավանում էին նույն արժեքներ վերջին քսան տարվա ընթացքում, դարձան թիրախավորված։ Ես դեմ չեմ օրենսդրական կարգավորմանը, բայց եթե մենք մեկին պատժենք, ենթարկենք քրեական պատասխանատվության էդ ատելության համար, արժեքը, որի դեմ ուղղված էր ատելության խոսքը, դառնալո՞ւ է մեզ համար նորմ, թե՞ չի դառնալու։
Այս հարցերը պետք է վերլուծվեն և դրանց մասին պետք է բարձրաձայնի հե՛նց օրենսդիրը՝ այսօր երկրի ամենահեղանակավոր ամբիոնից»։
Իրավաբան Արա Ղազարյանի կարծիքով՝ առավել դժվար է կարգավորել այն խոսքը, որը առաջին հայացքից պարզ էլ չէ՝ իրապես ատելության, խտրական, թե՞՝ մանիպուլյատիվ խոսք է։
«Իհարկե, պետք է տեսնել, թե քաղաքացիաիրավական հարաբերություններում ինչպե՞ս է հնարավոր կարգավորել։ Բնականաբար, եթե մենք միտք ունենք կարգավորել ատելության շարժառիթով խոսքը, ապա ատելությունն ինքնին պահանջում է քրեաիրավական գործիքներ, ուստի քաղաքացիաիրավական տիրույթում մենք չենք կարող կարգավորել ատելության խոսքն այնպես, ինչպես հիմա արդեն արվում է։
Այստեղ պետք են ավելի նուրբ ու բազմազան գործիքներ մշակել։ Դրանք տալիս է հակախտրականության ողջ կոնցեպտն իր բազմաթիվ գործիքներով, որը և՛ միջազգային իրավունքը, և՛ տարբեր պետություններում ներպետական համակարգերը մշակել են։ Բայց մենք դա այսօր չենք կարող կիրառել, որովհետև չունենք հակախտրականության մասին օրենք»։
Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» Հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Եվա Թովմասյանը ևս կարծում է, որ ատելության խոսքի դեմ պայքարը ոչ միայն օրենսդրական գործունեություն է ենթադրում, այլև տարբեր սեկտորների հետ ընդարձակ կրթական գործունեություն, մանավանդ հաշվի առնելով հայ հասարակության առանձնահատկությունները։
«Անհրաժեշտ է բացատրել, թե ինչ է ատելության խոսքը։ Այստեղ շատ անելիքներ կան նաև այն պատճառով, որ հաճախ չոր քննադատությունը կարող է կասեցվել այն հիմնավորմամբ, թե «ատելության խոսք է, չենք ուզում լսել ձեր չոր քննադատությունը», բայց իրականում երևույթների տարբերության շատ նուրբ սահման կա, որին պետք է տիրապետել, որպեսզի կարգուկանոնը գործի», – նկատել է Թովմասյանն, այնուամենայնիվ ընդգծելով, որ բազմաթիվ այլ հասարակություններում ևս ատելության խոսքը դարձել է պոպուլիստների հիմնական զենքը ժողովրդավարական բարեփոխումների և ազատության ուղու դեմ։ Այդ իսկ պատճառով կարևոր են օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ կտան պաշտպանված լինել։
Քննարկման մեկ այլ մասնակից, փաստաբան Արտաշես Խալաթյանն աշխատանք է հեղինակել, որտեղ կարծիք է հայտնում, որ ատելության խոսքի խնդիրը չի կարգավորվի, քանի դեռ չկա պետական միջամտություն և հայտնի չեն լրատվամիջոցների իրական սեփականատերերը։
Խալաթյանն անդրադարձել էր կենսունակ ժողովդրավարության կոնցեպտին, որը ենթադրում է, որ ժողովրդավարությունն ինքը պետք է կարողանա իրեն պաշտպանել՝ հիմնված լինելով ազատության գաղափարի վրա։ Միաժամանակ, եթե պետությունը չի կանոնակարգում ազատության գաղափարի շրջանակները, հե՛նց ազատությունը կարող է խթանել ժողովրդավարական պետության թուլացումը։
«Եթե մարդիկ իրենց ազատություններն ու իրավունքներն անկանոն կերպով են իրացնում, փոխադարձ հարգանքի պատկերացումը չկա, մենք կարող ենք պարզապես գլորվել անարխիայի դաշտ, և դրա վերջնարդյունքը բռնապետության հաստատումն է։ Դրա համար պետությունը ո՛չ թե պետք է բացարձակ լիբերալ մոտեցում ցուցաբերի կամ ընդհանրապես դիտորդի գործառույթ իրականացնի, այսինքն՝ ինքը զերծ մնա գրաքննությունից, բայցև մնացած ակտորներին թողնի բացարձակ ազատ գործելու սկզբունքով, այլ ինքը պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի։
Օրինակ, այո, նախ և առաջ, լրատվամիջոցների իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը և պահանջների խստացումը, որովհետև այսօր այնքան, որքան կարևոր է իմանալ՝ ովքե՞ր են օֆշորային գոտիների միջոցով Պղնձամոլիբդենային կոմբինատը ֆինանսավորող անձինք, նույնչափ կարևոր է հասկանալ, թե ովքեր են կանգնած հիմնական ատելության խոսք տարածող ԶԼՄ-ների ետևում։ Դա թույլ կտա հասարակությանն իմանալ, թե որ լրատվամիջոցն ինչպիսի տնտեսական կամ քաղաքական նպատակներ է հետապնդում», – մասնավորապես, ասել է Խալաթյանը։