Ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց մոտ 43%-ը լռում է բռնության մասին՝ փաստում են հասարակական կազմակերպությունների հետազոտությունները։ Հաշվի առնելով անգամ կանանց չահազանգելու հանգամանքը՝ պաշտոնական տվյալները ծանր են։
2022 թվականի միայն հունվար-հոկտեմբեր ամիսներին, ըստ ոստիկանության, ամուսնու կողմից ընտանեկան բռնության է ենթարկվել 191 կին: Նույն ժամանակահատվածում գրանցվել է կնասպանության 10 դեպք։
Պաշտոնական վիճակագրությունը շատ է տարբերվում կանանց աջակցման կենտրոնների վիճակագրությունից, որովհետև կենտրոններ զանգող կանայք հիմնականում դիմած չեն լինում իրավապահ մարմիններին։
«Բավականին ծանր վիճակագրություն ունենք։ Այս տարի տարվա առաջին 6 ամսվա կտրվածքով Քննչական կոմիտեն ընտանեկան բռնության հետ կապված արդեն 391 քրեական գործ է քննել։ Եթե համեմատենք 2021 թվականի հետ, ամբողջ տարվա ընթացքում 556 էր», – Epress.am-ի հետ զրույցում փաստում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հանրային կապերի պատասխանատու, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Իրավապաշտպանն ընդգծում է՝ այս թվերը հարուցված քրեական գործերին են միայն վերաբերում, իսկ ընտանեկան բռնությունը քրեական տեսանկյունից ավելի ծանր հանցագործությունների պարագայում է միայն երևում։ Եվ նույնիսկ այդ ծանր հանցագործությունների (օրինակ՝ ծեծի) դեպքում շատ հաճախ պարզապես տուգանք է կիրառվում։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հետազոտություն էր իրականացրել, դիտարկելով բոլոր քրեական գործերը, որոնք առնչվում են ընտանեկան բռնությանը և պարզել՝
65 հազար դրամը տուգանքի միջինացված այն թիվն է, որը վճարում են բռնարարները՝ իրենց կանանց/զուգընկերներին ծեծելու համար։
Նույն հետազոտության շրջանակներում իրավապահ համակարգի հետ կապված վերհանվել են մի շարք խնդիրներ․ թե ոստիկանները ինչպես են փորձում հաշտեցնել կողմերին, կնոջը համոզել, որ հետ վերցնի իր բողոքը, երբեմն նաև սպառնում, որ եթե սուտ ցուցմունք տա իրեն կտանեն քրեակատարողական հիմնարկ կքաչալացնեն։
Ազգային ժողովի 3 պատգամավորների՝ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Մարիա Կարապետյանի կողմից այս պահին մշակվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքում փոփոխություններ կատարելու» նախագիծը։
Նախագծով, ի թիվս այլի՝
— չեղարկվում է հաշտեցման պրոցեսը (երբ ոստիկանները ընտանեկան բռնության ահազանգի դեպքում փորձում են հաշտեցնել կողմերին՝ բռնարարին ու տուժողին),
— որպես ընտանեկան բռնության տեսակ ավելանում է հետամտումը (stalking, հետապնդում),
— փոփոխությունների են ենթարկվում պաշտպանության միջոցները (բռնարարը հեռացվում է տնից),
— վերանայվում են դատական քննության ընթացքում սահմանված ժամկետները (որպեսզի դատական գործերը վաղեմության ժամկետով չկարճվեն)
Հասարակական կազմակերպությունները օգնում են կանանց, որ բարձրաձայնեն իրենց նկատմամբ կատարված բռնության մասին և կանայք խոսում են, բայց պարզվում է պետությունը պատրաստ չէ բավարար ձևով աջակցել և պաշտպանել նրանց իրավունքները, փաստում է «Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր, իրավապաշտպան Արման Ղարիբյանը։
«Ոստիկանական համակարգում շատ մասնագետներ պարզապես պատրաստ չեն բռնության ենթարկված կանանց հետ աշխատելու և ստեղծում են անգամ իրավիճակներ, երբ այդ կանանց համար վտանգավոր է դառնում գնալ քննչական բաժիններ», – ասում է իրավապաշտպանը։
Թե՛ հանրության և թե՛ իրավապահ համակարգի ընտանեկան բռնության հանդեպ վերաբերմունքի մեջ փոփոխություններ կան, փաստում են իրավապաշտպանները, այնուամենայնիվ՝ ոչ բավարար։
«Մենք այսօր կարողանում ենք խոսել որոշակի փոփոխությունների մասին՝ առանց անդրադառնալու՝ արդյոք կա բռնություն մեր իրականության մեջ, թե ոչ։ Կարծես, թե ինչ-որ չափով կարողացել ենք հաղթահարել հանրային էն ընկալումը, որ այո՛ մեր իրականության մեջ կան բռնության դրսևորումներ», – Epress.am-ի հետ զրույցում ընդգծում է ՄԻՊ աշխատակազմի հետազոտական փորձագիտական կրթական կենտրոնի ղեկավար Թագուհի Հարությունյանը։