Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Կառավարության դեկտեմբերի 15-ի նիստին․
— Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվում է: Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել է ԼՂ բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից, խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները:
120 000 մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի վիճակում: Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 000 երեխա զրկվել է կրթության իրավունքից:
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ հնարավոր չէ անվանել: Ընդ որում, այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով:
Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից այն պարզ հիմնավորմամբ, որ 6-րդ կետի համաձայն, Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և ադրբեջանական հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը: Սա, ըստ էության, ուղիղ մեջբերում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Եվ հայտարարությունը մի փաստաթուղթ է, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:
Ադրբեջանի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում:
Հայտարարության 1-ին կետում արձանագրվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Ի հեճուկս սրան, Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական գործողություններ են ձեռնարկվել սկսած 2020-ի դեկտեմբերի 13-ից, այսինքն՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի օկուպացիայի տեսքով: 2022-ի մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ներխուժել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Քարագլուխ բարձունքի գյուղ հասնող հատվածում և մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ: Նմանատիպ ռազմական գործողություններ տեղի են ունեցել նաև դրանից առաջ և հետո, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում շարունակում են պարբերական բնույթ կրել:
Եռակողմ հայտարարության առաջին կետի կոպտագույն խախատում է նաև Ադրբեջանի կողից Հայաստանի տարածքների օկուպացիան 2021 թվականի մայիսի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 14-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի սադրանքների հետևանքով: Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության 1-ին կետի դրույթների կոպիտ ոտնահարում է նաև հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:
Վերը նշված գործությունները խախտում են նաև եռակողմ հայտարարության 3-րդ կետը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղում ձևավորվում է շփման գիծ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության ներքո:
Ադրբեջանի շարունակական պնդումենրը, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, նույնպես եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, ինչի մասին խոսելու բազմաթիվ առիթներ ունեցել եմ:
Եռակողմ հայտարարության 6-րդ կետի խախտումների մասին արդեն նշեցի վերևում՝ կապված Լաչինի միջանցքի գործունեության հետ:
Ադրբեջանը կոպտորեն և շարունակաբար խախտում է նաև հայտարարության 7-րդ կետը, համաձայն որի՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գլխավոր հանձանակատարի աշխատակազմի վերահսկողության ներքո: Մինչև այժմ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից հարուցված խոչընդոտների պատճառով չեն կարողացել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ: Մինչև այժմ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանից բռնի տեղահանված քաղաքացիների հարցերը լուծված չեն։ <․․․>
Ադրբեջանը կոպտորեն խախտում է նաև եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է, որ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում: Ադրբեջանը մինչև այժմ հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց <․․․>
Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե Հայաստանը պետք է միջանցք տրամադրի: Բազմիցս եմ ասել, որ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյություն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ: Բնականաբար, անհեթեթ են և նույնիսկ՝ տգետ բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկին:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը, որը, հիշեցնեմ, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է: Եռակողմ հայտարարությունն այս գործընթացում Հայաստանի սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, և հետևաբար՝ Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը, ինչպես նաև շահագործմանը, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ:
Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած պարտավորությունների խրոնիկ խախտումներ են միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի: <…>
Ադրբեջանը շարունակաբար իրագործում է Լեռնային Ղարաբաղն առանց հայերի քաղաքականություն և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը:
Պիտի արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով:
Լիարժեք պաշտպանում եմ Հայաստանի Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը: Ազգային ժողովը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ է արել հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ: <․․․>
Արդեն չորրորդ օրն է՝ Ղարաբաղը շրջափակման մեջ է։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ՝ քաղաքացիական հագուստով, դրոշներով և պաստառներով, փակել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը՝ փաստացի արգելափակելով նաև Լաչինի միջանցքը։ Ղարաբաղ մատակարարումները դադարեցվել են, շուրջ հազար մարդ մնացել է ճանապարհին։ Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանը խափանել է նաև Հայաստանին Ղարաբաղ գազի մատակարարումները։
Մայրուղին արգելափակած ադրբեջանցիները ներկայանում են որպես «բնապահպաններ»՝ եկել են «պայքարելու ընդերքի ապօրինի շահագործման դեմ», «դժգոհ են», որ դեկտեմբերի 10-ի իրենց հնարավորություն չի տրվել շրջայց և մոնիթորինգ կատարել Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։ Հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։
Հայաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցները նույնականացրել են Լաչինի միջանցքում «էկոակտիվիզմով» զբաղվողների զգալի մասին․ նրանք, որպես կանոն, պետական ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների կամ պետական գերատեսչություններին կից մարմինների ներկայացուցիչներ են։ Ցուցարարների շարքում են նաև պետական երիտմիությունների, կառավարամետ սպորտմիությունների անդամները, պատերազմի վետերանները, պետական պաշտոնյաները։ «Ցուցարարներին» միացել է նաև զորքը։
«Բնապահպանական թեման» ի հայտ է եկել նախորդ շաբաթ։ Սա արդեն երկրորդ անգամն է, ինչ ադրբեջանցիները նման պատճառաբանությամբ փակում են Լաչինի միջանցքը։ Մինչ այդ Բաքուն առավել հաճախ շահարկում էր այսպես կոչված «ականների» հարցը։
Ղարաբաղում դեռ շաբաթներ առաջ էին ահազանգում՝ Ադրբեջանը տեղեկատվական ֆոն է ստեղծում Լաչինի միջանքը վերահսկողության տակ առնելու համար։ Այժմ Ղարաբաղի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավարը զգուշացնում էր՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում խաղաղապահներին տարածաշրջանից դուրս բերելու համար։