Home / Հայաստան / Սերժը, Աշոտյանը, Շարմազանովը և մնացածը չէին ամաչում Երևանի կենտրոնում

Սերժը, Աշոտյանը, Շարմազանովը և մնացածը չէին ամաչում Երևանի կենտրոնում

Արցախում ստեղծված իրավիճակի ֆոնին Երևանում այսօր բողոքի ցույցեր էին։ Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նստացույց է սկսել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև, մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Ռուսաստանի դեսպանատան մոտ, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հանրահավաք էր անում կառավարության դիմաց։

DSC_1779

Հրապարակում ցուցարարները վանկարկում էին՝ «Արցախը մերն է, Արցախը մերն է»։ Ամբիոնից հնչում էին տարբեր որակավորումներ՝ «բորենիների ոհմակ», «թրքական դուքյան», «Ալիևի կոշիկ լիզողներ» և այլն։ Դրանք ուղղված էին Հայաստանի իշխանություններին։ Ցույցի գերնպատակը Հայաստանի վարչապետի հեռացումն էր։ Հանրահավաքը կոչված էր նաև «աջակցելու Արցախին, արցախցիներին, մեր քույրերին և եղբայրներին», որոնք արդեն երրորդ օրն է՝ ադրբեջանական շրջափակման մեջ են։

DSC_1722

Ցուցարարների շարքում էին նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին նախարար Արմեն Աշտոյանը, նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, գործող պատգամավորներից մի քանիսը։

DSC_1748

Ելույթ ունեցավ Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ Նրան ներկայացրեցին որպես «Արցախի ամեն թուփն ու ծառը անգիր իմացող, Արցախի ցավով մինչև հիմա և, ես վստահ եմ, մինչև վերջ ապրող և ամենակարևորը գործող ԱԺ պատգամավոր»։

Աբրահամյան — Իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդկանց ուշադրությունը բացառապես սոցիալական, հումանիտար բնույթի հարցերի վրա կենտրոնանա։ Մեր միակ խնդիրը այդ ճանապարհի բացումը չէ՛։ Մեր խնդիրը այս պահին նաև այն է, որ ճնշումների, հակամարդկային այդ միջոցների ձեռնարկման միջոցով Հայաստանին և Արցախին ներկայացվել է նոր վերջնագիր։ Այսինքն, մեր խնդիրը միայն ճանապարհի բացմամբ չի սահմանափակվելու։ Ադրբեջանը այսօր գնում է Արցախը հայաթափելու, մաս-մաս խլելու ճանապարհով։ Այս իշխանությանը ուղղված որևէ կոչ մենք բնականաբար չունենք։

DSC_1778

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ չէր ունենում։ Կանգնած էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողքին, երբեմն պատասխանում էր լրագրողների հարցերին։

Սերժ Սարգսյան — Ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ոչ հանքավայրերը, ոչ դրանց ճիշտ կամ սխալ օգտագործումը։ Ադրբեջանցիները ուղղակի ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախը, հպատակեցնելու արցախցիներին։ Բայց ես վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվելու։ Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները ցուցաբերել են բացառիկ կամք դժվարություններին ու նաև արհավիրքներին դիմակայելու։ Այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական։ Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից, թե ինչպես կկարողանան կազմակերպել այդ մարդկանց դժվարությունների հաղթահարման ուղին։ Ակնհայտ է, որ որևէ հույս Հայաստանի կառավարիչների նկատմամբ չի կարող լինել։ Մենք վերջին անգամ 30 տարի առաջ են ունեցել այդպիսի կամք, վստահ եմ՝ այդ կամքը որևէ տեղ չի կորսվել։

DSC_1790

լրագրող — Հայաստանի իշխանությունները սլաքները ուղղում են Ռուսաստանի կողմ՝ նշելով, որ պարտավորություններ ունի ռուսական կողմը, քանի որ խաղաղապահ առաքելություն է իրականացնում:

Սերժ Սարգսյան — Շատ պարզ բան կա․ չի կարող որևէ մեկը մեր փոխարեն կռվել, մեր փոխարեն չի կարող բարդ խնդիրներ լուծել։ Այո, մենք ունենք դաշնակիցներ, մենք ունենք բարեկամներ, բայց նրանք բոլորը կարող են իրենց պարտավորությունները, իրենց պայմանագրային պարտավորությունները կատարել, եթե մենք անենք դա։ Եթե մենք չանենք, ուրիշը ինչի՞ պետք է գա մեր փոխարեն մեր հարցերը լուծի․․․

լրագրող — Ռուս խաղաղապահները մեղավորություն ունե՞ն:

Սերժ Սարգսյան — Այդ նույն կառավարիչները, որոնց դուք իշխանություն եք անվանում, կարո՞ղ են մեզ ցույց տալ՝ որոնք են խաղաղապահների պարտականությունները և պարտավորությունները։ Դուք որևէ տեղ տեսե՞լ եք էտ մասին ինչ է գրած․․․ Պետք չէ սեփական պրոբլեմները բարդել ուրիշի վրա։

DSC_1838

լրագրող — Խնդրի, իրավիճակի հանգուցալուծումը ինչպե՞ս եք տեսնում։ Ընդդիմադիրները նշում են, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվանում են Արցախից և կարծես թե ինքնորոշման հարցը առհասարակ հանում է բանակցային սեղանից։

Սերժ Սարգսյան — Եթե խոսքը Հայաստանի կառավարիչների մասին է, նրանք չեն կարող լուծել Արցախի ճակատագիրը, չեն կարող վճռել, թե ինչ է լինելու։ …Ինչպե՞ս է լուծվելու․․․ Ինչպե՞ս լուծվեց 30 տարի առաջ։ Մենք գալու ենք դրան, հասնելու ենք դրան։ Շնորհակալ եմ։

DSC_1801

Միցուբիշի ավտոմեքենայի վրա ստեղծված ինքաշեն բեմից ելույթ ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանով — Հայաստանի երրորդ հանրապետությունը, այ ձեր ցավը տանեմ, Արցախյան, Ղարաբաղյան շարժման արդյունք ա։ Էս որ ստեղ սաղ կա՝ Ղարաբաղյան շարժման արդյունք ա։ Չկա՛ առանձին Արցախյան հարց։ Կա հայկական հարցի արցախյան դրսևորում։

DSC_1813

Հաջորդը Արմեն Աշոտյանն էր՝ կրթության նախկին նախարարը, ՀՀԿ-ական նախկին պատգամավորը։

Աշոտյան — Ախր ժողովուրդ ջան, այնքան կուզեի ասածս ամեն մեկի հետ առանձին սուրճի շուրջ ասեի, ոչ թե հրապարակավ ի լուր աշխարհի։ Ախր ո՞նց կարող էր հայը դառնալ աշխարհի ամենաանթասիբ ազգը։ Ախր վերջերս նույն Կոսովոյում, երբ որ ալբանացիները սերբերին ճնշում էին, Բելգրադի փողոցները ողողված էին մարդկանցով, ծխով, պայքարով, կոչերով։ Մի՞թե մենք սերբերից պակաս թասիբ ունենք․․․

DSC_1753

Աշտոյան — Միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ հայը ձեռքերը չի լվացել Արցախից, որ Արցախը հայկական է։ ․․․Մենք սփյուռքում բազմաթիվ հայրենակիցներ ունենք։ Սիրելի հայրենակիցներ, ձեր ժամանակն է, ձեր բեմ դուրս գալու ժամանակն է, ժամանակն է ձեր քաղաքական իշխանությունների միջոցով օգնել Արցախին դիմակայելու։ Ի՞նչ կարող եք անել։ Լի՜քը բան։ Առաջինը՝ օրինակ․ նոր տարվա բացիկների փոխարեն, շնորհավորանքների փոխարեն նամակներ գրեք և ողողեք դեպուտատների և ձեր երկրների նախարարների փոստարկղերը, թող տեսնեն, որ ձեր համար crismistmas-ը marry չի, new year-ը՝ happy չի։ Արեք դա, արեք։ Փակեք ճանապարհները ինչպես փակում էիք 44-օրյա պատերազմի ժամանակ։

DSC_1733

Աշոտյան — Այս սրիկաները ասում են՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը անելիք չունի, դա Արցախի և Ռուսաստանի խնդիրն է։ 18+ բառապաշար չեմ օգտագործելու։ Ամաչում եմ ձեզանից։ Ամաչում եմ, ժողովուրդ։ Ոչ թե այդ բառերը ասելուց եմ ամաչում, ամաչում եմ, որ հայտնվել ենք այսպիսի իրավիճակում, որ լուսահոգի մայրս ինձ ասում էր՝ «Արմեն, ես քեզ տենց չեմ դաստիարակել»։ Մեզ այդպես չեն դաստիարակել։ Մեզ կյա՛նքն է այսպիսին դարձրել։

DSC_1783

Այունհետև Աշոտյանը դիմեց Ռուսաստանին, Եվրոպական Միությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Նիկոլ Փաշինյանին։

DSC_1844

Աշոտյան — Ես չեմ ամաչում շնորհակալութուն հայտնել ռուսական խաղաղապահ առաքելության զինվորներին և սպաներին իրենց ծառայության համար։ Ես չեմ ամաչում։ ․․․Ես գիտեմ՝ ավելի կտրուկ գործողությունների կարիքը՛ կա, և գիտեմ, որ այդ գործողությունների համար քաղաքական որոշման կարիքը կա։ Պաշտոնական Մոսկվան պիտի կայացնի այդպիսի քաղաքական որոշում։ Այս կտորը ուզում եմ ռուսերեն ասել․ «Уважаемые россияне, мы понимаем, что вам не до нас. Вы нам это говорите, вы на это намекаете. Вы заняты. Мы понимаем, но вы тоже поймите нас, потому что когда вам вдруг станет до нас, нас может быть уже не будет здесь. Подумайте над этим, что я вам сказал»:

(ծափահարություններ)

DSC_1837

Աշոտյան — Եվրամիության հարգելի գործընկերներ։ Շնորհակալ ենք՝ երեկ հասցեական էիք։ Բայց դուք էլ լավ գիտեք, որ ձեր թողարկած թղթերով Արցախում օջախ չենք կարա վառենք, գազի փոխարեն տները չենք կարա տաքացնենք, մեր երեխեքը Արցախի դպրոցներում ձեր հայտարարություններով մաքսիմում անգլերեն ու ֆրանսերեն սովորեն․․․ Մի բան ասեմ, որ խղճներիդ նստի՝ էն գազը, որ Ադրբեջանից առնում եք ու ձեր տներում հիմա տաքանում եք, ձեր առած գազի մեջ հայի արյուն կա, ձեր առած գազի մեջ հայի թասիբ կա, որ վաճառվել է այս սրիկայի կոմից, երկակի ստանդարտներ կան, անբարոյականութուն կա․․․

DSC_1911

Աշոտյան — ԱՄՆ հարգելի գործընկերներ, ախր մենք գիտենք, դուք երբ որ ուզում եք ինչ-որ մեկին պատժել, որովհետև նա խախտել ա մարդու իրավունքներ, մենք գիտենք՝ դուք դա ոնց եք անում։ Մենք գիտենք, որ դուք գիտեք, որ Ալիևը օլիգարխ ա, որ նա Լոնդոնում ու Դուբայում ավելի շատ փող ունի, երևի քան Ալիևի ողջ բյուջեն ա։ Լավ, Ադրբեջանին չեք ուզում պատժել։ Բայց դիկտատորին կարո՞ղ եք պատժել, սանկցիաներ կիրառել կարո՞ղ եք։ Կարո՞ղ եք անել մի բան, որ հայ ժողովուրդը հակրած իր միամտության արդարացումը գտնի․․․

DSC_1913

Աշոտյան — Նիկոլ, չփորձես մեռնել դատից առաջ։ ․․․Ուզո՞ւմ ես զբոսնենք։ Նեղվեցի՞ր։ Ախրանիկներիդ քշի մի կողմ, կնոջդ ուղարկի տուն, արի զբոսնենք Աբովյանով։ Արի, մի քանի բաներ ունեմ ասելու, հիմա սենց ասելու չի։

DSC_1921

Ցույցին մի քանի հարյուր մարդ էր մասնակցում։ Երիտասարդները քիչ էին, մեծամասնությունը՝ 40-ից բարձր տարիքի։ Տղամարդիկ, տեսնելով լրագրողի տեսախցիկը, խնդրում էին, որ իրենց լուսանկարեն, այցեքարտ ու հեռախոսահամար էին տալիս՝ ֆոտոները ուղարկելու համար։  

Նրանցից մեկը համոզում էր մնացածին, որ պետք է շտապ ապստամբություն կազմակերպել, ու հարցնում՝ ե՞րբ հանդիպենք այդ առիթով։ 

DSC_1946

Վերջում ցուցարարները մոմեր վառեցին ու գնացին՝ տոնածառի տակ դնելու։ Ոստիկանները շրջափակեցին տոնածառը, մարդիկ՝ զայրացած, մոմերը թողեցին հատակին։

DSC_1949