Թուրքմենբաշիում Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» ստեղծման աշխատանքները Ադրբեջանի տարածաշրջանում կավարտվեն 2024 թվականին։
«Ներկա պահին Զանգեզուրի միջանցքի ստեղծման ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Միջանցքի ադրբեջանական հատվածում կատարվել են երկաթուղային ճանապարհի աշխատանքների ծավալի 40%-ը, իսկ ավտոճանապարհի՝ 70%-ը։ Բոլոր աշխատանքները կավարտվեն 2024 թվականին և դրանց արդյունքում կստեղծվի նոր տրանսպորտային միջանցք», – ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի նախագծին կհատկացվի հավելյալ ավելի քան 100 միլիոն դոլար, ինչը թույլ կտա ճանապարհի թողունակությունը հասցնել տարեկան 1 միլիոնից մինչև 5 միլիոն տոննայի։
Բացի այդ, Ալիևը նշել է, որ ներկա պահին Ադրբեջանում 8 միջազգային օդանավակայաններ են աշխատում։ Նրա խոսքերով, 2024 թվականին Լաչինում նոր միջազգային օդանավակայան կբացվի՝ երկրում դրանց հասցնելով 9-ի։
Եռակողմ հանդիպման ժամանակ Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստնի նախագահները մի շարք փաստաթղթեր են ստորագրել՝ ինչպես պետությունների միջև առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային համագործակցության մասին, մաքսային համագործակցության ոլորտում միասնական խորհրդակցական կոմիտեի ստեղծման մասին և այլն։
Ավելի վաղ, հղվելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությանը, Ալիևը բազմիցս նշել է, որ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանի և Նախիջևանի միջև անվտանգ ցամաքային հաղորդակցման ուղի ապահովել։ Ըստ Ալիևի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը պետք է Հայաստանի տարածքով անցնող և Բաքվի կողմից կառավարվող «Զանգեզուրի միջանցք» ունենա։ Բացի այդ, նա հայտարարում էր, որ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է»։
Հայաստանի վարչապետն, իր հերթին, մատնանշել էր «միջանցքային տրամաբանության» անընդունելիությունը։ Երևանն ընդգծում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի, 2021-ի նոյեմբերի 26-ի և 2022-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին չի նշվում։ Փոխարենը դրանց մեջ հաստատվել է այս օրերին ադրբեջանցիների կողմից փակված «Լաչինի միջանցքի» կարգավիճակը։