Home / Հայաստան / Արցախի գազամատակարարումը վերականգնվել է «առանց զիջումների»

Արցախի գազամատակարարումը վերականգնվել է «առանց զիջումների»

Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումը՝ այսօր ուղիղ տեսակապի միջոցով հայտարարել է Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը։

«Առանց որևէ նախապայմանների, առանց որևէ մեր կողմից զիջումների հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը։ Ես ուզում եմ մեզ ողջունել էս հաղթանակով, որովհետև մենք ենք ցույց տվել մեր ուժը․․․ Մենք ցույց տվեցինք, որ մենք ուժեղ ենք, մենք չենք ընկճվելու, խուճապի մեջ չենք ընկնելու, մենք ցույց տվեցինք, որ մենք իսկապես ունենք ուժ և կամք, և ամեն ինչ պետք է անենք մեր կյանքի, ապագայի համար», – հայտարարել Վարդանյանը։

Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում՝ գազամատակարումն ապահովելու նպատակով։ Նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։ Ստեփանակերտը սա «հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն» որակեց, որը «հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։

Խողովակը, որով բնական գազը Հայաստանից հոսում է դեպի Լեռնային Ղարաբաղ, անցնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով։ Սա առաջին անգամը չէ, երբ ադրբեջանական կողմը խափանում է Ղարաբաղի գազամատակարարումը։

Դեռևս 2022 թվականի մարտի 7-ին հայտարարվել էր, թե գազատարը պայթեցվել է։ Օրեր շարունակ Ադրբեջանը թույլ չէր տալիս վերանորոգել այն։ Մարտի 16 -ին հայտարարվեց, թե Ադրբեջանը կվերանորոգի գազատարի վնասված հատվածը։ Վերանորոգումից մի քանի օր անց Արցախը դարձյալ զրկվեց գազից։ Հետագայում պարզվեց, որ Ադրբեջանը գազատարի վնասված հատվածում փական է դրել, որը, ըստ էության, ցանկացած պահի կարող է օգտագործել՝ Ղարաբաղը գազից զրկելու համար։ 

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտից ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Արդեն 5-րդ օրն է՝ Ղարաբաղը լիակատար շրջափակման մեջ է։

Արցախի պետնախարարը չի բացառել, որ ադրբեջանցիները կարող են այսօր բացել նաև ճանապարհը։

Քաղաքացիական հագուստով հարյուրավոր մարդիկ՝ մեծամասամբ պետֆինանսավորմամբ գործող ադրբեջանական ՀԿ-ների, երիտ- և սպորտմիությունների ներկայացուցիչներ, պատերազմի վետերաններ, պետական աշխատողներ, որոնք ներկայանում են որպես «էկոակտիվիստներ», արգելափակել են երթևեկությունը Լաչինի միջանցքով։ Նրանք դեռևս Շուշիի մոտակայքում են․ ճանապարհի երթևեկելի մասում վրաններ են տեղադրվել, հոսանք են քաշել մոտակա ադրբեջանական դիրքերից, Բաքվից ավտոբուսներով պարբերաբար թարմ ուժեր են բերվում։ Երբ են այս մարդիկ հեռանալու՝ ստույգ հայտնի չէ։ Ռուսական կողմը «բանակցություններ է վարում»։