«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտից հարյուրավոր արցախցիներ այսօր երթով հասել են Ստեփանակերտի օդանավակայան՝ պահանջելու հանդիպում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Պահանջը մնացել է անպատասխան։ Ցուցարարների մի մասը նախատեսում է գիշերել խաղաղապահների բազայի մոտ․ «Մինչև հանդիպումը չլինի, մենք այստեղից գնացողը չենք»։
«Ճանապարհը այդպես էլ չբացվեց։ Երեկվա հանդիպումները որևէ արդյունք չտվեցին։ Օրեր առաջ մենք շատ մարդկանցով բարձրացել ենք ռուս խաղաղապահների անցակետ, խնդրել և պահանջել ենք կատարել նոյեմբերի 9-ի պայմանագրով իրենց ստանձնած պարտականությունները, պարտավորությունները։ Նաև զգուշացրել ենք՝ եթե ճանապարհը չբացվի, այս նույն ժողովրդով իջնելու ենք օդանավակայան։
Օրեր առաջ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նոր գազային պայմանագիր է ստորագրվել։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ևս կարելի է պայմանագիր համարել։ Ռուսաստանը ասում է, որ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, խախտում է այդ կոնտրակտը։ Դա մի կողմ թողնելով, Ռուսաստանը Ադրբեջանի հետ նոր կոնտրակտ է կնքում՝ արդեն գազային։
Ես՝ որպես ստեփանակերտցի, երևի անելիք ունեմ։ Ռուսներին ասել ենք՝ գալու ենք այդտեղ։ Պետք է պահանջենք, մեր իրավունքների համար պայքարենք։ Կապ չունի՝ մեր դեմը ովքեր են կանգնած՝ Ադրբեջանը, Ռուսաստանը, Ամերիկան, թե սաղ աշխարհը։ Հայ ազգը էսքան ժամանակ պայքարելով ա վիժիվատ (գոյատևել) արել», – երթից առաջ ասել է արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը։
Տասնյակ կանայք, տղամարդիկ և երեխաներ՝ «Պուտին, պահիր խոստումդ», «Պահանջում ենք հետևել 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությանը», «Մենք ձեզ հավատացել ենք», «Կոլցո-2?» ռուսալեզու պաստառներով, ժամը 15։00-ին Դեդ ի բաբո հուշարձանի մոտից շարժվել են դեպի օդանավակայան։
Պետրոսյանը ասում էր՝ ոտքով ենք քայլելու, քանի որ վառելիք միևնույնն է արդեն չկա։
Երթի մասնակիցներից շատերը դեռևս ուրբաթ օրը գնացել էին Լաչինի միջանցքի արգելափակված հատված։ Նրանցից մի քանիսը հասել էր ընդհուպ մինչև ռուսական առաջին անցակետ (Զառինբաղ)՝ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներին հիշեցնելու իրենց ստանձնած պայմանագրային պարտականությունների մասին, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը և ապահովել քաղաքացիների և բեռների անխոչընդոտ, ազատ տեղաշարժը։
Ցուցարարները մեկ օր ժամանակ էին տվել խաղաղապահներին․ եթե ճանապարհը չբացվի, վերադառնալու են արդեն բազմամարդ երթով։
Ճանապարհը չէր բացվել, արցախցիները վերադարձել էին։ «[Խաղաղապահները ասացին], որ ամսի 26-ին տեղի է ունենալու բարձրագույն ղեկավարության հանդիպում, որի ընթացքում վերջնականապես այս հարցը լուծվելու է։ Ասացին, որ ճանապարհը պետք է որ բացենք», – դեկտեմբերի 24-ի բանակցությունների մասին պատմել էր Տիգրան Պետրոսյանը:
Դեկտեմբերի 26-ը երեկ էր։ Ճանապարհն այդպես էլ չի բացվել։ Փաշինյան-Պուտին-Ալիև առանձնազրույցից և Փաշինյան-Պուտին հանդիպումից էական արդյունքներ չկան։
Երեկ դեպի Լաչինի միջանց ավտոերթ էին արել նաև հայաստանցիները՝ մոտ երեք տասնյակ մարդիկ, որոքն մտադիր էին հասնել Ստեփանակերտ՝ «արցախցի փոքրիկներին ամանորյա նվերներ փոխանցելու»։ Տեղի հայկական անցակետից այն կողմ անցնել, սակայն, չհաջողվեց։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալի հետ դռնփակ բանակցություններից հետո պատվիրակները պատմեցին ավտոերթի մյուս մասնակիցներին, որ ռուս զինվորականը հրաժարվել է ներկայանալ, խոստովանել է, որ եթե իրենք փորձեն անցնել միջանցքով, խաղաղապահները չեն կարողանալու ապահովել իրենց անվտանգությունը, և խոստացել՝ ղեկավարության մեկ հրամանը ամբողջությամբ լուծելու է ստեղծված ճգնաժամը։
Այդ հրամանը մինչ այժմ չի արձակվել։
Հարյուրավոր արցախցիներ այժմ մնացել են ռուս խաղաղապահների հենակետի՝ Ստեփանակերտի օդանավայականի դարպասների դիմաց։ Հրամանատար Վոլկովը նրանց հետ հանիդպման չի իջել։ Մի քանի հոգու ընդունելու առաջարկը ևս մնացել է անպատասխան. «Ասում են՝ կարում չենք Վոլկովին ճարենք»։
«Ռուս խաղաղապահներին խնդրել ենք փոխանցել Վոլկովին, որ ժողովուրդը իջել է այստեղ և պահանջում է հանդիպում իր հետ։ Մինչև հանդիպումը չլինի, մենք այստեղից գնացողը չենք։ Սպասում ենք», – բարձրախոսով հայտարարել է Պետրոսյանը։
«Դուք մեր ժողովրդին խոսք եք տվել, ասել եք՝ մենք ապահովում ենք ձեր անվտանգությունը։ Ո՞ւր է այդ խոսքը», – ասում է ակցիայի մասնակիցներին մեկը։ Մյուսը հավելում է՝ մենք առանց կռվի Լաչին ու Քելբաջար ենք հանձնել՝ պայմանով, որ իրենք ապահովելու են մեր միջանցքը․ «Այդ պարտականությունը իրենք ստանձնել են»։
Դարպասների մոտ կանգնած մարդիկ վանկարկում են՝ «Откройте дорогу жизни», «Путин, держи слово»։ Պաստառները փակցրել են փշալարերով ծածկված դարպասներին։ Խարույկ են արել, փորձում են տաքանալ։ Տղամարդիկ հեռանալու մտադրություն չունեն։
Ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից ի վեր փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Նրանք ներկայանում են որպես «էկոակտիվիստներ», որոնք պայքարում են «ղարաբաղյան հանքերի ապօրինի շահագործման դեմ»։ Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է, որ Բաքուն Արցախի համար անընդունելի պահանջներ է առաջ քաշում։
Պաշտոնական տվյալների համաձայն, 120 հազար մարդ շրջափակման մեջ է ապրում, հազարից ավելը մնացել ճանապարհին։ Մատակարարումները խափանված են, խաթարված է նաև բուժհաստատությունների աշխատանքը։ Սննդամթերքի և վառելիքի դեֆիցիտի պատճառով Ստեփանակերտը անցել է խնայողական ռեժիմի։ Արցախի կառավարությունը այժմ սննդի ու դեղերի շրջանառության հատուկ ռեժիմ է սահմանում՝ կտրոնային համակարգ։