Home / Բանակ / Քրտինք է լինելու, արյուն է թափվելու. ինչ է առաջարկում արցախցիներին Ռուբեն Վարդանյանը

Քրտինք է լինելու, արյուն է թափվելու. ինչ է առաջարկում արցախցիներին Ռուբեն Վարդանյանը

Արցախի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհի անխափան գործարկումը չի կարող լինել որևէ բանակցությունների և սակարկման առարկա՝ հայտարարել է արդեն ավելի քան երկու շաբաթ շրջափակման մեջ գտնվող Ստեփանակերտը։

Արդեն 15-րդ օրն է՝ Ղարաբաղը բլոկադայի մեջ է։ Պաշտոնական տվյալների համաձայն, 120 հազար մարդ ապրում է շրջափակման մեջ, 1100 հոգի մնացել է ճանապարհին, մատակարարումները խափանված են, խաթարված է նաև բուժհաստատությունների աշխատանքը։ Պարենի և վառելիքի դեֆիցիտի պատճառով Արցախն անցել է խնայողական ռեժիմի։

Կիրակի օրը տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ հավաքվել էին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում՝ իշխանությունների հրավիրած հանրահավաքին։ Ներկա էին նաև Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Վերջին երկուսը նաև ելույթներ էին ունենում։ 

Ստեղծված իրավիճակում մենք երեք ճանապարհ ունենք՝ հայտարարել էր պետնախարար Վարդանյանը․ «Առաջինը՝ ենթարկվում ենք ուշ թե շուտ ու կամաց-կամաց ինտեգրացվում ենք Ադրբեջանին, երկրորդը՝ այստեղից դուրս ենք գալիս, երրորդը՝ պայքարում ենք»: Վարդանյանը հավաստիացրել էր՝ երբ հրաժարվել է ռուսական քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ, ինքը ընտրել է երրորդ ճանապարհը։

Հրապարակում հավաքված ժողովրդին նա հորդորել էր հրաշքների չսպասել։ Եվ զգուշացրել՝ «և քրտինք է լինելու, և արյուն է թափվելու, և շատ աշխատանք է պահանջվելու», բայց «եթե մենք մեր մեջ այդ ուժը զգանք, որ մենք իրար հավատում ենք, որ մենք գիտենք մեր նպատակը, որ մեր անկախ Արցախը մեր համար ամենակարևորն է և մեր հողի վրա ապրելը մեր իմաստն է կյանքի, ես վստահ եմ՝ ոչ միայն մենք ենք զգալու, այլև աշխարհն է զգալու»։

Հանրահավաքը անփոփվել էր կոչով՝ ուղղված հայությանը և աշխարհին։

Շեշտվել է, որ 

— «Արցախի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհի անխափան գործարկումը չի կարող լինել բանակցությունների և սակարկման առարկա», «Արցախը արտաքին աշխարհին կապող հաղորդակցությունը պետք է առանց նախապայմանների ու անհապաղ վերականգնվի»,
— «Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և խտրական քաղաքականությունը» նպատակ ունի «հայաթափել հայկական Արցախը` շարունակելով 1915թ. Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության բեմագիրը»,
— «․․․Մենք, ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ ունենք մայր Հայրենիքի և համայն հայության համակողմանի աջակցության կարիքը․․․»
— «Արցախի Հանրապետությունը շարունակելու է ջանքեր գործադրել իր ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանունակությունը ամրապնդելու համար` համադրելով սեփական կարողություններն ու Ռուսաստանի Դաշնության Խաղաղապահ առաքելության հնարավորությունները»,
— «Ծավալապաշտական նկրտումներն ու տնտեսական շահերը չպիտի թելադրող լինեն ժամանակակից միջազգային հարաբերություններում»։

Այլ ղարաբաղցիներ և այլ շահեր

Դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ (մեծամասամբ պետֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների, երիտ- և սպորտմիությունների ներկայացուցիչներ, պետական աշխատողներ) արգելափակել են Լաչինի միջանցքը: Նրանք ներկայանում են որպես «էկոակտիվիստներ», որոնք պայքարում են «հանքերի ապօրինի շահագործման դեմ»։ Երբ են հեռանալու՝ հայտնի չէ։ 

Ռուսական կողմը դեռ «բանակցություններ է վարում»։

Ստեփանակերտից պնդում են, որ «կեղծ բնապահպանական պատճառաբանությունների» իրական նպատակը «Արցախից տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելն» է։ Թե ինչ զիջումների մասին է խոսքը՝ ոչ ոք չի ասում։

«Դեկտեմբերի 3-ից ադրբեջանական կողմը, բնապահպանական պատրվակն օգտագործելով, առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ», – շաբաթ օրը՝ պետական կառույցների և մասնավոր ընկերությունների հետ հանդիպմանը, հայտարարում էր Ղարաբաղի նախագահ։ 

Հայկական վերահսկողության տակ գտնվող հանքերից որոշների, օրինակ՝ Զանգելանի շրջանի Վեջնալի հանքավայրի, Քելբաջարի Սոթքի, Դրմբոնի (Ղըզըլբուլաղի) ոսկու հանքի շահագործման իրավունքը Ադրբեջանը բրիտանաամերիկյան Anglo-Asian Mining-ին է վաճառել 2020 թվականի պատերազմից դեռ տասնամյակներ առաջ։ Զանգելանի և Քելբաջարի շրջանները 44-օրյա պատերազմից հետո անցել են Բաքվի վերահսկողության տակ։ Դրնբոնի և Կաշենի հանքը մնում են Ստեփանակերտի ենթակայության ներքո՝ «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»․ դրանց շահագործումը պաշտոնական բաքուն ապօրինի է որակում։

տե՛ս Միջանցք փակելը նաև ոսկու մասին է

Լաչինի միջանցքն առաջին անգամ փակվել է դեկտեմբերի 3-ին։ Նույն օրը ի հայտ են եկել նաև «բնապահպանական պահանջները»։ Ադրբեջանը այն ժամանակ հայտարարեց, թե Բաքվից պաշտոնյաներ է գործուղել՝ «հետաքննելու և վերահսկելու [Լեռնային Ղարաբաղում] օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու դրա բնապահպանական հետևանքները»։ Մոտ երեք ժամ հետո ճանապարհը բացվեց և սկսվեց «մոնիտորինգի փորձագիտական խմբի գործունեության» շուրջ բանակցությունները։ Արդեն դեկտեմբերի 10-ին նախատեսված ադրբեջանական մոնիթորինգը տապալվեց։ Ստեփանակերտը պարզաբանեցին՝ մոնիթորինգը համաձայնեցված չի եղել Ղարաբաղի իշխանությունների և հանքաարդյունահանող կազմակերպության հետ։ Հաղորդվեց, որ ադրբեջանցի «փորձագետների» մուտքը Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր արգելափակվել է «աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից»։ 

Երկու օր անց՝ դեկտեմբերի 12-ին, Լաչինի միջանցքում հայտնվեցին ադրբեջանական «բնապահպանական» ուժերը։ Նրանք պնդում էին, որ շրջայցը նախօրոք համաձայնեցվել է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ և – սկզբնական փուլում – հանդիպում էին պահանջում խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Վոլկովը չէր ներկայանում։

Մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 23-ին, արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարի ասուլիսին Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ դեկտեմբերի 3-ից հետո ադրբեջանական կողմը խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին է փոխանցել գրավոր առաջարկներ, որոնք բնապահպանական խնդիրների հետ ոչ մի առնչություն չեն ունեցել և բացարձակապես անընդունելի են եղել Արցախի համար:

«Արցախյան կողմը կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին փոխանցելով այն պայմանները, որոնց պահպանման պարագայում պատրաստ կլինեն թույլ տալ ադրբեջանական բնապահպանների այցը հանքավայր: Ադրբեջանական կողմը չի պահպանել արցախյան կողմի պայմանները», – նշել է Հարությունյանը։

Քաղաքական վելուծաբան, նախկին ստեփանակերտցի Տիգրան Գրիգորյանը Սիվիլնեթի իր սյունյակում գրում է․ «Ակնհայտ է, որ Բաքուն չի բացելու ճանապարհը առանց հայկական կողմերից կոնկրետ զիջումներ կորզելու»: Գրիգորյանի կարծիքով, Ադրբեջանը այս հարցում ունի թե՛ տեղական մասշտաբի, թե՛ ավելի խոշոր պահանջներ․ «Տեղական մակարդակում Բաքուն այս փուլում փորձելու է հասնել Արցախի տարածքում գտնվող հանքերի նկատմամբ վերահսկողության որոշակի աստիճանի, ինչպես նաև փոխել Լաչինի միջանցքում գործող կարգավորումները: Ավելի խոշոր պահանջների շարքին են դասվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը ու խաղաղության պայմանագրի ստորագրումը»: Ադրբեջանը, ըստ նրա, պատրաստ է լինելու բացել ճանապարհը առնվազն տեղական մակարդակի որոշ խնդիրներ կատարելուց հետո. «Այդ առումով ստեղծված իրավիճակում նաև նյարդերի պայքարի ականատես ենք լինելու»:

Շաբաթ օրը Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում էին հավաքվել նաև ընդդիմադիրները։

Մինչ այդ նրանցից մի քանիսը քայլերթով հասել էին Լաչինի միջանցքի արգելափակված հատված՝ ռուսական առաջին անցակետ։ Նրանք հանդիպել էին խաղաղապահ զորախմբի ավագ լեյտենատի հետ և զգուշացրել՝ եթե ռուսասկան կողմը ի կատար չածի իր իսկ կողմից սնաձնած պարտականությունները, այսինքն՝ մինչև դեկտմեբրի 24-ը վերահսկողության տակ չառնի միջանքը և չվերականգնի ազատ տեղաշարժը, իրենք երթ են անելու և հասնելու են մինչև միջանցքի արգելափակված հատված։ 

Քանի որ ճանապարհն այդպես էլ չէր բացվել, դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի հրապարակից երթը շարժվել էր դեպի Ստեփանակերտ-Շուշի ճանապարհ։ Ցուցարարներից մի քանիսը, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, հասել էին ընդհուպ մինչև Զառինբաղ՝ ռուսական առաջին անցակետ։ Բանակցություններից հետո ակտիվիստները տեղեկացրել էին, որ ռուս խաղաղապահները խոստացել են, որ արդեն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, տեղի է ունենալու բարձրագույն ղեկավարության հանդիպում և ճանապարհը կբացվի։