Վերջին 4 օրում Ոստիկանությունը հաղորդել է կնասպանության 3 դեպքի մասին։
Դեկտեմբերի 25-ին Վանաձորի Ֆիդայիների 7 փողոցի տանը 38-ամյա տղամարդը մեղադրանքներ հնչեցնելով կնոջ հասցեին, խոհանոցային դանակով սպանել է 34-ամյա կնոջը։ Ոստիկանություն ահազանգել է կնոջը սպանած տղամարդը։ Տանը կից տաղավարում հայտնաբերվել է կնոջ դին՝ պարանոցի հատվածում կտրած, ծակած վերքերով։ Տղամարդը ձերբակալվել է։
Դեկտեմբերի 23-ին Գյումրիի Մանուշյան փողոցի շենքերից մեկում 20-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել 37-ամյա ընկերուհուն։ Տղամարդը, ըստ տեղեկությունների, հանդիսանում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող։ Կինը, ըստ ՔԿ-ի, նույնպես ՌԴ քաղաքացի է։ Սպանելով կնոջը՝ տղամարդը փախել է դեպքի վայրից, այնուամենայնիվ, նրան հայտնաբերել ու ձերբակալել են։
Դեկտեմբերի 21-ին Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 93 շենքի բնակարաններից մեկում 73-ամյա կնոջ դստեր 49-ամյա ամուսինը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ սպանել է նրան: Տղամարդը գնացել է կնոջ մոր բնակարան, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել նրա հետ, ընթացքում ձեռքով հարվածելով հատակին է գցել նրան, ոտքերով շարունակաբար բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին, հայտնում է ՔԿ-ն։ Տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Տարեսկզբից իրավապահ մարմինները գրանցել են կնասպանության 14 դեպք։ Իրավապահ մարմինները շատ հաճախ չեն արձագանքում բռնության ենթարկված կանանց ահազանգերին օրենքով սահմանված կարգով, փորձում են հաշտեցնել կողմերին, համոզում կնոջը, որ հետ վերցնի ցուցմունքը։ Բռնարարները հիմնականում խուսափում են պատժից, անգամ ծանր հանցագործությունների, օրինակ՝ ծեծի դեպքում, արժանանալով ընդամենը տուգանքի։ Եվ այսպես՝ բանը հասնում է սպանության։ Այս մասին են վկայում հասարակական կազմակերպությունների կատարած հետազոտությունները։
Տես նաև՝ Հայաստանը դեռ ընդունում է ընտանեկան ծեծը