Երկու անձի սպանության, երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է Կոտայքի մարզի Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Օգոստոսի 27-ին Զորիկ Մելքոնյանը պատուհանով մտել է հարևանի ննջասենյակ, ծեծի ենթարկել, մի քանի անգամ դանակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև վերջինիս կնոջ նախաբազկի շրջանում` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նույն օրը Մելքոնյանի տան ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերվել է նաև վերջինիս կնոջ դին՝ պարանոցը մասամբ կտրված վիճակում:
Օգոստոսի 30-ին Զորիկ Մելքոնյանը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող ընկերության տարածքում իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նույն ընկերության երկու աշխատակցի։ Նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը՝ «ձախից գոտկային շրջանից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Բացի այդ, նույն օրը, 46-ամյա տղամարդը, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում ցուցադրելով ձեռքին եղած դանակը, պահանջել է գումար և սննդամթերք:
Վարույթն իրականացնող մարմինը «ձեռնարկվում է անհետաձգելի միջոցառումներ՝ 46-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ»: