հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կանանց իրավունքներ / Ընտանիքից փախած քույրերին Դաղստանում կկորցնեն

Ընտանիքից փախած քույրերին Դաղստանում կկորցնեն

Ավելի քան 10 ժամ «Վերին Լարսի» անցակետում սպասելուց հետո՝ հոկտեմբերի 30-ի լուսադեմին Դաղստանից փախած չորս քույրերին հաջողվել է հատել Վրաստանի սահմանը։

Քույրերը՝ 20-ամյա Խադիժաթ և 18-ամյա Պատիմատ Խիզրիևաները և նրանց զարմուհիները՝ 24-ամյա Ամինաթ Գազիմագոմեդովան և 19-ամյա Պատիմատ Մագոմեդովան պատմում են, որ սիստեմատիկ բռնության են ենթարկվել ընտանիքի անդամների և եղբայրների կողմից։ Մանկահասակ տարիքում կանանց թլպատել են (կանացի թլպատումը արգելված է Ռուսաստանում)։

Փախուստը քույրերը նախօրոք են ծրագրել (փաստագրել են ծեծի դեպքերը, գտել իրավապաշտպանների, որոնք օգնում են ընտանեկան բռնության ենթարկված կանանց և այլն)։ Վերջնական որոշումը կայացրել այն բանից հետո, երբ բարեկամները հայտարարել են, որ մտադիր են նրանցից մեկին ամուսնացնել հորեղբոր տղու հետ։ Կանայք սպասել են, որ իրենց կրտսեր քույրը 18 տարեկան դառնա, և օգոստոսի 7-ին փախել հայրենի Խաջալմախի գյուղից։ Նրանք դիմել են SOS ճգնաժամային կենտրոն, վերջին ամիսներին թաքնվում էին իրավապաշտպանների տրամադրած կացարաններում։

Հոկտեմբերի 29-ին աղջիկները փորձել են հատել ռուս-վրացական սահմանը․ «Վերին Լարսի» անցակետում նրանց ձերբակալել են ռուս սահմանապահները։ Ձերբակալության պատճառները 11 ժամերի ընթացքում մի քանի անգամ փոխվել են։ Սահմանապահները մեկ ասել են, թե կանայք պարտքեր ունեն, մեկ՝ որ պատճառը ստանդարտ «ֆիլտրացիոն» միջոցառումներն են, մեկ՝ որ նրանք անհետ կորածների ցանկում են, մեկ՝ որ կասկածվում են գողության մեջ։

Իրավապաշտպանները խոսքով՝ սահմանապահներն իրականում սպասում էին քույրերի բարեկամներին։ SOS ճգնաժամային կենտրոնը հայտարարություններ է տարածել, աղջիկների պատմությունը հայտնվել է լրատվամիջոցներում։

«Մենք փախել են տնից երեք ամիս առաջ։ Մենք ենթարկվել ենք ընտանեկան բռնության։ Մեզ ծեծում էին։ Կան տեսանյութեր և աուդիոապացույցներ, սրանք դատարկ խոսքեր չեն։ Մեզ պատվի սպանություն է սպասում։ Գուցե հանրայնացման շնորհիվ դա միանգամից չլինի, բայց մեզ վեցրնելու են և սպանեն, և ոչ ոք այդ մասին չի իմանա։ Նրանք ուզում են սպանել մեզ։ Խադիժաթի և Պատիմատի հայրն ասում էր, որ ուզում է կախել նրանց, որպեսզի «մաքրի իր վրայից այս խայտառակությունը»․․․», – պատմում էր կանանցից մեկը։

Մինչ բարեկամների գալը անցակետ է ժամանել Հյուսիսային Օսիայի օմբուդսմենը՝ «գողության» և «հետախուզման» առասպելի հիմնական հեղինակը։ Տեղում նրան զանգել է Դաղստանի ՄԻՊ-ը՝ հրահանգելով սպասել Դաղստանի ՆԳՆ աշխատակիցներին։

Արդյունքում՝ Վերին Լարսի սահմանապահները և ոստիկանները կանանց մոտ են բերել ազգականներին՝ Խադիժաթ և Փաթիմաթ Խիզրիևաների մորն ու զարմիկին։ Քույրերը հրաժարվել են նրանց մոտ գնել։

ԶԼՄ-ների միջամտելուց հետո սահմանապահները որոշել են դուրս հրավիրել ազգականներին, որոնք ողջ ընթացքում սպասել են անցակետի մուտքի մոտ։

Հանրայնացման և փաստաբան Լեյսան Մանապովայի ջանքերի շնորհիվ 11 ժամ անց աղջիկների փաստաթղթերը վերադարձրել են, նրանց թույլ են տվել հատել Վրաստանի սահմանը։ SOS ճգնաժամային կենտրոնը նրանց գաղտնի բնակարան է տրամադրել։

«Շնորհակալություն բոլորին՝ իրավաբաններին, իրավապաշտպաններին, ԶԼՄ-ներին, որոնք գրել են մեր մասին։ Հանրայնացման շնորհիվ մենք այժմ Վրաստանում ենք, ամեն ինչ լավ է, մենք հարաբերական անվտանգության մեջ ենք, չնայած վտանգը դեռ պահպանվում է։ Բարեկամները մինչև հիմա փնտրում են մեզ, նրանք խոստացել են, որ կգտնեն մեզ նաև Վրաստանում, բայց հույս ունեմ՝ ամեն ինչ լավ կլինի», – հոկտեմբերի 30-ին հրապարակված տեսաուղերձում ասում է 4 քույրերից մեկը՝ Ազիմաթ Գազիմագոմեդովան։

Բարեկամները շարունակում են փնտրել նրանց։ Խադիժաթի և Պատիմատի հայրը՝ Գաջիմուրատ Խիզրիևը, լրագրող Սվետլանա Անոխինայի հետ զրույցում սպառնացել է՝ «միլիոն տոկոս վերադարձնելու եմ իրանց»։

Տղամարդը հայտարարել է, թե աղջիկների «ուղեղները լվացել են», և սկսել համոզել՝ երբեք չի ծեծել նրանց, եթե վերադառնան՝ նրանց գլխից մազ չի պակասի։ Անմիջապես հարցազրույցի ընթացքում հայրը փորձել է պայմանավորվել լրագրողի հետ, որպեսզի նա ազդի քույրերի վրա և համոզի հետ գնալ տուն։ Երբ հասկացել է, որ իրեն չեն օգնի, անջատել է հեռախոսը։

Անոխինան «Կավկազսկի ուզել»-ին ասել է, որ աղջիկների հարազատները Դաղստանում լայն կապեր ունեն․ «Եթե նրանց հետ տանեն, աղջիկները կորած են»։  Նա հիշեցրել է Կազանի կացարանից Դաղստան վերադարձված կանանց մասին, որոնք, իրավապաշտպանների ենթադրությամբ, ինքնադատաստանի են ենթարկվել։ Ողջ են նրանք, թե ոչ՝ ոչ ոք չգիտի․ «Մենք նրանց մասին այլևս երբեք չլսեցինք»։