Ինտերնետը կկտրեն, եթե պետք լինի. oրենքի նոր նախագիծ
Արդարադատության նախարարությունը առաջարկում է ռազմական դրության ժամանակ սահմանափակել համացանցը՝ «ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը»․ կայքերը, սոցցանցերը և հավելվածները կարող են արգելափակվել, ինտերնետ-հասանելիությունը՝ մասնակի կամ ամբողջությամբ սահմանափակվել։
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն արդեն e-draft-ում է։ Հիմնավորման համաձայն, հեղինակները փորձում են լրացնել իրավական բացը։
Գործող օրենքը, ըստ արդադատության նախարարության, արդեն իսկ սահմանափակում է կարծիքի արտահայտման ազատությունը․ ռազմական դրության ժամանակ կարող են ժամանակավորապես առգրավվել և կալանքի տակ վերցվել տպագրող սարքերը, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող միջոցները, բազմացնող տեխնիկաները և այլն, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգ, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոններ կարող են սահմանում։
Համացանցի մասին գործող օրենքում խոսք չկար: Արդադատության նախարարությունն էլ, իբր, որոշել է լրացնել այս բացը։
Նախագծով նախատեսվում է ամրագրել հետևյալը.
ՀՀ տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հեռուստատեսությամբ հեռարձարկվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության (կոնտենտի) սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը.ՀՀ տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում.
ՀՀ տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պետական կառավարման համակարգի և ՏԻՄ-երի, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ինտերնետ հասանելիության ապահովում:
Նախագծի համաձայն՝ ռազմական դրության պայմաններում կիրառվող ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման լիազորությունը տրվելու է փոխվարչապետին, որը կարող է ընդունել ենթաօրենսդրական ակտեր։ Կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետին կից խորհրդակցական մարմին: Խորհուրդը ղեկավարելու է վարչապետը:
Հիշեցնենք՝ Գրիգոր Մինասյանը (Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրը) այսօր նշանակվել է Արդադատության նախարար․ մինչ այս նա փոխնախարար էր։