Գրիգոր Մինասյանը (Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրը) նշանակվել է արդարադատության նախարար։ Մինասյանը 2022 թվականի հունվարի 12-ից զբաղեցնում էր Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։
Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատվել էր այս տարվա հոկտեմբերի սկզբին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել էր նրան Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի պաշտոնում։ Մեկ օր անց, խորհրդի գաղտնի քվեարկության արդյունքներով, Անդրեասյանն ընտրվել էր ԲԴԽ նախագահ՝ փոխարինելով աղմկահարույց գաղտնի ձայնագրության ֆոնին հեռացած Գագիկ Ջհանգիրյանին:
Արդեն երկու շաբաթ է՝ Կառավարությունում պաշտոնների փոխատեղումներ են։ Դեկտեմբերի 19-ին Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվեց փոխվարչապետ՝ փոխարինելով ընդամենը մեկ տարի պաշտոնավարած ՔՊ-ական Համբարձում Մաթևոսյանին։ Ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակեց Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ Դեկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախարար նշանակվեց փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ փոխարինելով նախորդ օրը հրաժարական ներկայացրած Վահրամ Դումանյանին։
Կառավարությունում ոչ ոք հրապարակավ չի խոսում պաշտոնանկությունների ու փոփոխությունների պատճառների մասին։ Epress.am-ի հարցմանը, թե ինչո՞վ են պայմանավորված փոփոխությունները կառավարության կազմում, վարչապետի աշխատակազմի մամուլի քարտուղար Արմեն Խաչատրյանը պատասխանել է․ «ՀՀ Կառավարության կազմում փոփոխություններ կատարվում են Վարչապետի առաջարկությամբ»։