Home / Բանտ / Հեղափոխություն չենք պահանջում՝ Վարուժանին տեղափոխեք հիվանդանոց

Հեղափոխություն չենք պահանջում՝ Վարուժանին տեղափոխեք հիվանդանոց

Արդարադատության նախարարության դիմաց նստացույց է՝ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։ 

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բանտարկված Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և անհամատեղելի է բանտային պայմանների հետ՝ բարձրաձայնում են ցույցի մասնակիցները։ 

«Մի քանի անգամ ինքն էդ հիվանդության պատճառով կոմայի մեջ է ընկել ու հայտնվել վերակենդանացման բաժանմունքում», – ասում է ցուցարարներից մեկը։

Վարուժանի հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չէ, ուր մնաց բուժել, ասում են ցուցարարները։ Նրանք ստորագրահավաք են կազմակերպել՝ Վարուժան Ավետիսյանին շտապ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար։

«Ունենք Արթուր Սարգսյանի, միայնակ գայլի՝ Արայիկ Խանդոյանի, մահերը մեր աչքի առաջ․․․ Այսինքն, եթե Ռոբերտ Քոչարյանը կարա միզա չպահելու, չգիտեմ ինչ պատճառներով ազատ արձակվի, մի քանի օր հետո լող տա հանգիստ ինչ-որ տեղերում, իսկ Վարուժան Ավետիսյանը և բոլորը․․․ Էնտեղ բացի Վարուժան Ավետիսյանը մենք ունենք հիվանդ տղաներ։ Սեդրակը Նազարյան՝ մի թոքով ա, Մխիթար Ավետիսյանը, որ էլի լուրջ բժշկական կարիքներ ունի», – հիշեցնում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության, արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։ Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարությունը։ 

«Այսօր քրեակատարողական հիմնարկում կատարված ընդունելության ժամանակ Ավետիսյանը ներկայացրել է, որ երեկ երեկոյան է ունեցել գանգատ ինքնազգացողության հետ կապված, որն այս պահին անցել է և ըստ դատապարտյալի՝ ներկա պահին որևէ դեղորայքի կարիք չունի: Դատապարտյալը ներկայացրել է նաև որոշակի գանգատներ առողջական վիճակի հետ կապված, որոնք վերջինիս խոսքերով կրում են մշտական բնույթ: Ներկա պահին Վ. Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է», – գրում է նախարարությունը։