Home / ԼԳԲՏ+ / Հատվածներ «Հակաբաբելոնից»

Հատվածներ «Հակաբաբելոնից»

հատված «Հակաբաբելոն»1 բանաստեղծական երեկոյից
ՊԱՆԴԱ հարթակ, Փեն ակումբ
նոյեմբերի 18, Երևան

Յոզեֆինա Բերկհոլց

Ես ամենազգայուն հոգին եմ, որ երբեւէ ցանկացել ես լինել: Ես սարսուռ եմ։
Երբ ներս եմ մտնում, լսարանը պապանձվում է
շունչը պահած։ Անկարելի է չնկատել։ Ինձ
նախադասության մեջ խորը շունչ համարեք, ինձ նայեք։ Կարելի է՝
զննեք։ Այս տեղը հենց ինձ համար է նախատեսված ես լավ տղերքից եմ ես
ամենաշքեղ փետուրներով վայրենին ես չեմ ընդունում սա ի գիտություն ես
լավագույն ապացույցը նրա որ հնարավոր է տպավորիչ էի ես
տարիքիս համար այնքան խելացի թվացյալից ավելի աչալուրջ ես
թիմի հույսը լավագույն ապացույցն այն բանի ես ոչ հավանական
լավագույն ապացույցը ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ
այս բեմից ես շան աղջիկ ես պատրաստված ուշիմ ես
քո կյանքի սերն եմ քննադատական մտածողությամբ օրիորդ ես
ձայնն եմ խոցի լորձ սերունդ որ հայհոյախոսում է սրտիցս
արյուն է կաթում այս առումով ես դրական բացառություն եմ եղել
դասարանում օրինակելի արժանի հարգանքի մեծարանքի հանրային
կյանքիդ լավագույն քածը բոլորի սիրելին
այնքան ջահել համարիր քույր
ես քո ուղու անշեղ հունը ես քեզ թիկունք ես քեզ ժայռ հավաքիր
բռումդ ես միշտ յուրօրինակ միշտ անօրինակ արեւը
տան ես բառ որ հնչում է իբրեւ ժապավեն առեղծված
արծաթ-թելիկ-մելիկ ես որ կանգնած եմ ձեր առաջ
ամեն ինչ թռել էր մտքիցս։

Անդրո Դադիանի

Տերունական

Տե՛ր, փրկիր ինձ այս ցրտից,
Հարեւանից անզգույշ,
Գազի արտահոսքից,
Քարուքանդ մետրոյից պաշտպանիր ինձ, Տե՛ր։
Շունչս չփչած հողը իջնելուց, այն է՝ քաղաքից այս,
Կայարանից,
Հոմոֆոբիայից,
Հոմոֆոբիայից՝ կայարանում
Ոստիկանի պես մի պաշտպանիր
Օրենքից,
Չէ, օրենքի ծակուծուկերում վխտացող առնետներից,
Ուժից ամենազոր եւ փառքից,
Ամենակարող Սուպերմենից եւ ագահությունից ինձ հեռու պահիր,
Ներսումս գլուխ բարձրացնող պատրանքից արու, պահպանիր ինձ, Տե՛ր,
Եվ տուր ինձ բազուկներ իսկական, կարկտած լեզուն,
կախ ընկած լեզուն,
կուլ տված լեզուն,
լեզվանի լեզուն,
խ ու տկար
Իսկական,
Տե՛ր, իսկական։
Հուժկու, վիթխարի, իսկական։
Ինձ թեւերիդ տակ առ ու հեռու պահիր վերեւներից
Եվ բարձրունքներից բոլոր,
Որ մոռանամ իմ անդունդը,
Ինձանից զորեղ անհուսությունը հույսիս չհաղթի,
ինձանից էլ ցած, ինձ ներքեւ քաշող ճնշումը,
իմ լեզվից երկար լեզուն,
լեզվաբանությունը,
կուլ տված լացը կուլ տված լեզվին,
լեզվանի լեզուն,
շուռ տված լեզուն,
կծած լեզուն

Քանի չեմ մոռացել,
Քանի չես մոռացել՝ փրկիր ինձ ՄԻԱՎ-ից, Տե՛ր…

Թողություն տուր ու պահպանիր ինձ
Սիրուց՝ առ միրգ ու բանջարեղեն,
Ներիր կլպածս խնձորները,
Կայենի սուրը, բնավորությունն Արեսի,
Տես, անհասու եմ ճշմարտությանդ
(երկդիմի մտքիս տուր քավություն),
Հարսանիքիցս ծլկելու համար՝ ապաշխարություն։
Ներիր, որ քանդեցի ամրոցները ու ավերակները լքեցի,
Նկատի ունեմ՝ հարեւանի երեխու ավազե դղյակը,
Ավատական կրոններս ներիր,
Իմ կրոնականականությունն առհասարակ,
Անհավասար հայացքները,
Անհամ կատակները,
Անտառն առանց արահետի,
Ֆաշիզմը, Իֆիգենիայի զոհերին,
Սամսոնի կտրած ծամը, անբառ երգերը,
Ներիր ռոմանտիզմը Աուշվիցից հետո,
Թզի թրմով արեւայրուքից վառված մաշկը,
Ներիր ինձ ապրիլի 9-ի համար, մայիսի 17-ի համար
Եվ, Տե՛ր, պաշտպանիր ինձ մայիսի 17-ից։
Պահպանիր ինձ,
Ապավեն եղիր,
Ինձ մի տար դեպի 17-ը մայիսի։
Ու ՄԻԱՎ-ից պահիր հեռու, մի տար փորձության։
Չլինի այնպես, թե միտքդ փոխես։ Վախեցող չկա։
Դու սոված շնիցս ինձ պաշտպանիր,
Մյուս կատաղածներից ես կպաշտպանվեմ։
(Թե ձեռքերդ կեղտոտել ես ուզում՝ ինձ ձեռք մեկնիր, Տե՛ր)։
Տեեեեեեեեր եւ Սուրբ Գեւորգ Գորիջվարիի։
Նեցուկ եղեք, որ դիմանամ կոմունալներին,
Հանցավոր խարդավանքներին,
Զի չես կարող փրկել ինձ օդի պակասից,
Գոնե անխուսափելի քաղցկեղը կանխիր,
Վաաաաայ, Աստված ջան, սատանի ականջը չընկնի,
Ժանտախտի դուռը չգցես,
Խելքս չգցեմ, Աստված չանի։
Երեխայական կապիկությունից,
Հավկուրությունից,
Վարդագույն ակնոցներից,
Բերդի վարդագույն պատերից,
Թռչող, վարդագույն գետաձիերից,
Պետական անվտանգության մարմիններից
Պաշտպանիր ինձ…
Հա, ինձ՝ դրանիցից, դրանց էլ՝ քո ահեղ դատաստանից հեռու պահիր։
Շանս՝ իր յարից,
Յարիս՝ ինձանից,
Ինձ՝ իմ հոգնած յարից,
Մորս՝ մորից էլ մեծսիրտ մայր հայրենիքից,
Հորս՝ մորիցս,
Մորս՝ հորիցս,
Հորս՝ գործից ուշանալուց…

Վա՜յ, Աստված իմ…

Ինձ նեցուկ եղիր՝ չբացահայտեմ
Սեքսուալ ֆետիշներս,
Հեռու մնամ հորս վարտիքից,
Ավելի ճիշտ՝ դրա բույրից։
Հանուն սիրո՝
Թաքցրու մանկությանս ուղեկցած
Կրծկալները մորս,
Ու պաշտպանիր աչք դնելուց զուգարանում հորս… եւ մորս, պահիր, պահպանիր…

Վա՜յ, ոնց եմ փոխվել։
Ինձ ի՞նչ եղավ,
Ընկեր-ծանոթ չիմանան…
Աստված չանի՝ իմանան…
Բա որ հանկարծ իմանա՞ն…
Հույսս դու ես՝ չիմանան…
Բա որ հանկարծ իմանան…
Բաորհանկարծիմանան…
Բաորհանկարծիմանան…
Բաորհանկարծիմանան…
Բաորհանկարծիմանան…
Աղաչանքիս ականջ դիր,
սրան-նրան մի ասա,
Կրքոտ, ամուր ձեռքերովդ
ինձ գոգդ դիր, պաշտպանիր
Այ թե ընկերներս իմանան՝ ոնց եմ մեռնում նախանձից…
Տե՛|ր պաշտպանիր ինձ, հեռու պահիր,
Իմ նման ընկերոջից հեռու պահիր։
Տե՛|ր պաշտպանիր ինձ, հեռու պահիր,
Իմ նման տականքից հեռու պահիր։
Տե՛|ր պաշտպանիր ինձ, հեռու պահիր,
Ինձ պես նզովյալից հեռու պահիր։
Տե|՛ր պաշտպանիր ինձ, Տե՛ր, պաշտպանիր ինձ, Տե՛ր
Պահ|պա պահ|պա պահ|պա պահ|պա պահ|պա պահ|պա
պահիր պահպանիր
պահիր
պա

Այ քեզ կրակ,
Ինչո՞ւ են կրակում իրար։
Մոտս արի, հեռու մի գնա,
Դրանք վերջդ կտան,
Տնից դուրս չգաս,
Գիտեմ՝ կորցրել ես հավատդ էս երկրում
Ու երեւի ընկել աչքիցդ…
Ականջդ բեր՝ ասեմ,
Լավ կանես՝ մնաս, գլուխդ բարձր,
Մոսկվան վաղուց արցունքների չի հավատում։
Այստեղ կարող ես հանգիստ լացել, մենակ չես,
Ոտքդ կախ գցիր,
Քեզ համար եմ ասում՝ մնա։

Տե՛ր, դողում ես,
Էս ոնց ես սառել,
Արի գիրկս՝ ոտքերդ շփեմ,
Ջերմությամբ լցնեմ ավազանդ,
Մոտս արի, անուշս,
Իմը դարձիր, տրվիր ինձ,
Արի, ներսումս պատսպարվիր։

______

1 Միջոցառման նկարագրությունից․ «AntiBabylon 2022-ը նպատակ ունի ստեղծելու ազատ, բազմալեզու պոեզիայի անխտրական տիրույթ՝ միջազգային ընդգրկմամբ։ Հիմքում ինքնտիպ լեզվական ինքնություններն են, որ ոչ թե բաժանում, այլ միավորում են մեզ՝ հակակայսերական մտքի ծիրում։ Ծրագիրն իրականացվում է Բեռլինում գործող «ՊԱՆԴԱ հարթակ»-ի կողմից՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ և տեղական կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Երևանի պարագայում՝ ՓԵՆ Հայաստանի։

Միջոցառումը նախագծի թիմի ստեղծագործական ճամփորդության մի մասն է, որի ընթացքում հինգ երկրից ընտրված մասնակիցները, ինչպես նաև երեկոյի հատուկ հյուրերն ու ժյուրիի անդամները բեմից կներկայացնեն տարբեր լեզուներից պոեզիայի թարգմանության մեկամսյա աշխատանոցի արդյունքները՝ Երևանում շեշտը դնելով հայերենի վրա»։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցած բանաստեղծական երեկոյին մասնակցում էին 8 պոետներ՝ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և Գերմանիայից։ Բանաստեղծությունները ընթերցվում էին բնագիր լեզվով և ուղեկցվում հայերեն/անգլերեն ենթագրերով։