Home / Հայաստան / Քաղծառայողները չէին սպասում, որ իրենց էլ կգցեն

Քաղծառայողները չէին սպասում, որ իրենց էլ կգցեն

Պետական արտոնություններով բնակելի շենքեր կառուցող ընկերություններից ևս մի խումբ մարդիկ են տուժել։ Արաբկիր թաղմասում գտնվող «Կոմիտաս պարկ» համալիրում հիփոթեքով բնակարան է գնել շուրջ 900 մարդ՝ մեծ մասը պետական աշխատողներ, ովքեր օգտվել են քաղծառայողների համար նախատեսված հատուկ ծրագրից։ 

«Մենք հույս ունեինք, որ սա պետական ծրագիր է, պետությունը թույլ չի տա, որ մեզ խաբեն, ուշացնեն և այլն», – Epress.am-ին ասել է «Օրդ Դեվելոփմենթ»-ից տուժած բնակիչներից մեկը։

Բնակարանները պետք է պատրաստ լինեին 2023 թվականին, բայց մինչև հիմա համալիրը շահագործման ակտ չի ստացել։ Բացի այդ, թաղամասը չի գազաֆիկացվել, շինարարությունն էլ դեռ ավարտված չէ։

vlcsnap-2026-02-10-03h12m22s123

vlcsnap-2026-02-10-03h13m07s441

Բնակիչներին ընկերությունից ասել են, որ տեխնիկական խնդիր կա «Գազպրոմ Արմենիայի» հետ. գազատարները սխալ են տեղադրել, Գազպրոմը պահանջում է փոխել։ Ավելի ուշ պարզվել է, որ կառուցապատողը չի վճարել գազի մագիստրալին միանալու համար։ Խոսքը 500 միլիոն դրամի մասին է։

vlcsnap-2026-02-10-03h05m57s957

Որոշ բնակիչներ ապրում են կիսապատրաստ տներում։

Ընկերության փոխտնօրեն Արսեն Միրզոյանը ասում է, որ իրենց համար այս վճարը անակնկալ էր։ Գազամատակարարման միացման սակագինը սահմանվել է 2023 թվին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ Գազպրոմի պահանջով։ Բաժանորդ դառնալը մինչ այդ անվճար էր։ 

«Մեր երկրում ամեն ինչ թարս է։ Մի հատ միանալու համար ես վճարում, հետո սպառելու համար։ Սա մեր համար չնախատեսված ծախս է։ Ոչ մեկի գրպանը այդքան փող չկա դրած։ Հիմա մենք պիտի վարկային միջոցներ ներգրավվենք, լուծենք այս հարցը։ Այդ գործընթացն արդեն սկսվել է», – ասել է Միրզոյանը։  

Նա խոսք էր տվել գազը քաշել դեռ անցած տարվա հոկտեմբերին։ Բնակիչներն արդեն խոստումների չեն հավատում։ 

vlcsnap-2026-02-10-03h14m37s320

vlcsnap-2026-02-10-03h17m03s273

Հունվարին գազ չունենալու պատճառով բնակարանների կոյուղին է սառել ու պայթել։ Կոյուղաջուրը լցվել է առաջին և երկրորդ հարկի բնակարանները։  

«Մեր տունը երկրորդ հարկում է, ամբողջ կանալիզացիայի ջուրը լցվել է մեր տուն։ Նույնիսկ հասել է երրորդ հարկ։ Զանգեցինք կառուցապատողին, որ սանէպիդկայանից մարդ կանչեն, դիզինֆեկցիա անեն։ Մեզ խորհուրդ տվեցին ապտեկայից սնկային հիվանդության դեմ բալոնչիկներ առնել, պզցնել», – ասել է բնակիչներից մեկը։ 

Բնակիչները պահանջում են եռակողմ հանդիպում «Գազպրոմի», «Օրդ Դեվելոփմենթ»-ի և քաղաքաշինության վարչության հետ, որպեսզի հասկանան՝ ով է իրավիճակի պատասխանատուն։ Ընկերությունը հրաժարվում է մասնակցել եռակողմ հանդիպմանը։ 

vlcsnap-2026-02-10-03h08m34s292

«Շատերը ստիպված ապրում են կիսապատրաստ տներում, որ վարձ չտան, մենք այստեղ մուծումներ ենք անում։ Քանի որ շատ մարդ է էլեկտրաէներգիա օգտագործում, Էլ. ցանցը չի դիմանում, լույսերն անջատվում են։ Տանջաքներով ձմեռ ենք անցկացրել», – ասել է մեր զրուցակիցը։ 

900 տուժածներից միայն մեկ հոգի է այս հարցով դիմել դատարան։ Մյուսները զգույշ են։ Նրանք կարծում են, որ եթե շատ «զայրացնեն» կառուցապատողին, նա սնանկություն կհայտարարի և կանհետանա, իսկ իրենք դեռ քսան տարի վարկ կփակեն։