Հիփոթեքային վարկավորման շրջանակներում եկամտային հարկի վերադարձման գործընթացում բիզնեսի հետ գործարքներից ավելի քիչ գումար է բյուջե մտնում և ավելի շատ՝ եկամտային հարկի տեսքով վերադարձվում քաղաքացիներին: «Եկամտային հարկի վերադարձի մասին» օրենքով այս տարի արդեն 5 միլիարդ 501 միլիոն դրամ վերադարձվել է ֆիզիկական անձանց, մինչև տարեվերջ, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կանխատեսումներով, վերադարձվող գումարը կլինի շուրջ 8 միլիարդ դրամ։
Լրագրողների հետ հանդիպմանը հոկտեմբերի 16-ին այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ ԱՆանյանը։
«Եթե հիփոթեքային վարկավորման շրջանակներում եկամտային հարկի վերադարձման գործիքը սոցիալական ուղղվածություն ունի, ապա այդ գործիքը պետք է գործի: Իսկ եթե դա բիզնեսին նպաստելու նպատակ ունի, ապա ես կարող եմ ասել, որ դա այնքան էլ լավ գործիք չէ և այն բիզնես ոլորտը չէ, որ պետությունը պետք է բյուջեից օժանդակի»,-ասաց Անանյանը:
Նա պարզաբանեց՝ եթե այս գործիքը սոցիալական ուղղվածություն ունի, ապա անհրաժեշտություն կա որոշակիորեն վերանայել սահմանաչափերը. «Արդյո՞ք [բնակարանի գնի] 55 մլն դրամն է սոցիալական խնդիր լուծելու առումով լավագույն շեմը: Իմ կարծիքով, ավելի լավ կլիներ, որ այդ շեմը լիներ 35 մլն դրամը: Իսկ եթե սա դիտարկում ենք որպես բիզնեսի խթանում, ապա բնակարանաշինությունը ամենաառաջնային ոլորտը չէր, որտեղ պետք էր մենք ներդրումներ կատարեինք:
Երբ սկսում էինք ծրագիրնը, եկամտային հարկի վերադարձը մի քանի միլիոն դրամի մասին էր, իսկ այս տարի այդ թիվը կարող է հասնել 8-9 միլիարդ դրամի: Հաջորդ տարի այդ բեռը որքան է լինելու, պետք է դա էլ հաշվարկել»:
ՊԵԿ նախագահը ընդգծեց՝ եկամտային հարկի վերադարձի նպատակահարմարության հարց այս պահին դեռևս կառավարությունում չի քննարկվում. «Որևէ հարց այսօր չի քննարկվում կառավարությունում, այդպիսի մտադրություն չկա, բայց կառավարությունում ես ինքս այդպիսի հարց անպայման բարձրացնելու եմ՝ մենք ի զորո՞ւ ենք այս բեռը առաջիկա տարիներին տանել մեր ուսերին: Իմ կարծիքով՝ մի քիչ դժվարություններ կլինեն»: