հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կանանց իրավունքներ / Ինքնասպանության հասցված կնոջ գործը հարցեր է առաջացնում

Ինքնասպանության հասցված կնոջ գործը հարցեր է առաջացնում

Գեղարքունիքի մարզի 25-ամյա բնակչուհին, շուրջ երեք տարի ամուսնացած լինելով Սևան քաղաքի 27-ամյա բնակչի հետ, պարբերաբար ֆիզիկական ու հոգեկան բռնության է ենթարկվել ամուսնու կողմից։ Նոյեմբերի 21-ին կինը որոշել է ինքնասպան լինել և ցած է նետվել հետիոտնային վերգետնյա անցումից՝ ստանալով մարմնական վնասվածքներ:

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն, որի պաշտոնական հաղորդագրությունում տեղ գտած ձևակերպումները ընդհանրական են, չեն մանրամասնում ենթադրյալ բռնարարի գործողությունները և ունեն գնահատողական բնույթ։ Օրինակ՝ հարցականի տակ է դրվում կնոջ պատասխանատվության զգացումը իր երեխայի հանդեպ։

«2022 թվականի նոյեմբերի 21-ին 27-ամյա տղամարդը հերթական անգամ հարվածել է կնոջը, վիրավորել նրա արժանապատվությունը, սպառնացել: Տղամարդու կողմից պարբերաբար դրսևորած դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից դրդված, գտնվելով հոգեկան ծանր ապրումների մեջ, անկարող լինելով տանել առկա վիճակը, հետագայում նորից իր նկատմամբ ամուսնու կողմից նման վերաբերմունքից ազատվելու համար, հաշվի չառնելով նույնիսկ իր խնամքին գտնվող մանկահասակ երեխային, նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, 25-ամյա կինը գնացել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատված և ինքնասպանություն գործելու նպատակով այնտեղ կառուցված հետիոտնային վերգետնյա անցումից իրեն ցած է նետել և ստացել մարմնական վնասվածքներ», – ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

Պարզվել է նաև, որ տղամարդու կողմից կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելու, վերջինիս մերձավորների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու ժամանակ, ամուսնու մայրը «ողջունել է որդու կողմից բռնության գործադրումը»: Հաղորդագրության հեղինակները նաև չեն մանրամասնում՝ ինչ է ենթադրվում «ողջունել» բառի տակ։

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա՝ տղամարդուն և նրա մորը մեղադրանք է ներկայացվել՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ինքնասպանության հասցնելը՝ մերձավորի կողմից) նախատեսված արարքի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:

Կինը գտնվում է ծանր վիճակում՝ բժիշկների հսկողության ներքո, Epress.am-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։ Epress.am-ի հարցին, թե արդյոք ապահովված է կնոջ անվտանգությունը, քանի որ բռնարարը չի կալանավորվել, ՔԿ-ի մամուլի քարտուղարը պատասխանեց․ «Չգիտեմ՝ էս պահին ինչ-որ լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել են, թե ոչ․․․ Էդպիսի մտավախություն երևի չեն ունեցել, որ նման խափանման միջոց է կիրառվել»։

Արդյոք ամուսնու մայրն էլ է մասնակցել բռնությանը և ինչ է նշանակում «ողջունել» հարցերին, խոսնակը պատասխանեց․ «Եկեք ես կոնկրետ գործի հանգամանքներ չասեմ, որովհետև ամեն ինչ դեռ քննության ընթացքում կհստակեցվի, իրավական վերջնական գնահատականներ կտրվեն։ Համենայնդեպս, ըստ էս պահի դրությամբ առկա նյութերի, էն ա ինչ որ մենք հրապարակման մեջ նշել ենք։ Այսինքն, իր [մոր] կողմից, ըստ էության, մասնակցությունը էդ ընդհանուր նկարագրվածին»։