Կառավարությունը շարունակում է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» մասնավորեցման փորձերը։ Ինստիտուտը 100 տոկոսով պետական սեփականություն է, բոլոր բաժնետոմսերը հանվել են վաճառքի։ Այս անգամ նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 65 %-ը՝ 3 մլրդ 265 մլն 56 հազ․ դրամ (գործով փոխարժեքով՝ ավելի քան 8 միլիոն դոլար)։
Ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող այս ինտիտուտը գտնվում է Օրբելի փողոցում։ Տարածքը՝ երկու մասնաշենքեր + բակ, 1․5 հեկտար է։
Երկթևանի շենքի մի մասում հիվանդանոցն է՝ 150-ից ավելի մահճակալային ֆոնդով, մյուսում` Հայաստանի միակ լաբորատորիան, որտեղ իրականացվում է Հայաստանի հանքային ջրերի ուսումնասիրություն: Այստեղ է տեղակայված նաև Երևանի պետական բժշկական համալսարանի սպորտային բժշկության և ռեաբիլիտոլոգիայի ամբիոնը:
Վերջին 50 տարիների ընթացքում կապիտալ վերանորոգում այստեղ չի արվել։ Ջեռուցման հետ կապված լուրջ խնդիրներ կան․ հին կաթսան ապամոնտաժել են, նորը չեն դրել, ձմեռները հիվանդասենյակները ջեռուցում են էլեկտրական փոքրիկ վառարաններով։
Հիվանդանոցի և լաբորատորիայի ծառայությունների մոտ 70 տոկոսը պետպատվեր է։ Սենյակներից որոշները վարձով են տրվում։
ԿՖԲ ԳՀԻ-ն տարիներ առաջ ընդգրկվել էր «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» օրենքի ցանկերում։ Ծրագրի ժամկետները վաղուց լրացել են, Կառավարությունը մասնավորեցնելու որոշումից հետ չի կանգնել, բայցև չի կարողացել այն իրագործել։
2020 և 2021 թվականներին կառավարությունն այն փորձել է վաճառել՝ համապատասխանաբար 4․6 միլիարդ և 3․5 միլիարդ դրամով։ Մրցույթները չեն կայացել՝ հայտերի բացակայության հիմքով։ Հետագայում, ըստ նախագծի, կատարվել է ընկերության գույքի նոր գնահատում։
«Հաշվի առնելով, որ ընկերության բաժնետոմսերը 3 մլրդ 497 մլն 947 հազ. դրամ արժեքով չի վաճառվել, իսկ նոր գնահատված արժեքը կազմել է 5 մլրդ 23 մլն 162 հազ. դրամ, Կառավարությունը որոշել է բաժնետոմսերի մրցույթով մասնավորեցման վաճառքի նվազագույն գին սահմանել գնահատված արժեքի 75 %-ը։ Մրցույթը [կրկին] չի կայացել հայտ չլինելու պատճառով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Այդ իսկ պատճառով Կառավարությունը որոշել է այս անգամ վաճառքի նվազագույն գին սահմանել գնահատված արժեքի 65 %-ը՝ 3մլրդ 265 մլն 56 հազ. դրամը:
Ըստ նախագծի՝ գնորդը կպարտավորվի պահպանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունը։