Ազգային ժողովը քննարկում է Կառավարության նախաձեռնած նոր՝ 2017-2020 թվականների համար պետական գույքի մասնավորեցման ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական հիմնարկ Երևանում և մարզերում։ Բացի մասնավորեցվող օբյեկտների ցանկը, նոր օրենքը նաև սահմանում է սեփականաշնորհման ոչ ենթակա պետական կառույցների ավելի նեղ ցանկ, քան գոյություն ուներ 2000-ականներին։ Այդպես, օրինակ, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության, ստանդարտացման և չափագիտության ոլորտներում չմասնավորեցվելու համար կառույցները պետք է պետությանը պատկանեն սեփականության իրավունքով, մինչդեռ 2002 թվականին՝ պետական բաժնեմասի առկայությունը բավարար էր դրանք չմասնավորեցնելու համար։
Մասնավորեցման ցանկում են «Հայփոստ», «Հայֆիլմ», «Ընդունելությունների տուն», «Հրազդան մարզահամալիր», «Ձիասպորտի կենտրոն», «Էներգաիմպեքս» ընկերությունները, շուրջ 10 բժշկական կենտրոններ, «Ավտոմատիկա» ընկերության և ևս 13 ընկերությունների՝պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը։
Օրենքի նախագծին դեմ են արտահայտվել «Ելք» դաշինքը և ԲՀԿ֊ն, կողմ՝ ՀՀԿ֊ն և ՀՅԴ֊ն։ Ազգային սոցիալիստական կուսակցություն հանդիսացող ՀՅԴ֊ի պատգամավոր Արմեն Ռուստամյանը գովել է ծրագիրը՝ ասելով, որ դա «չոր ցանկ չէ», այլ ունի «որոշակի սկզբունքներ», ի տարբերություն նախորդ սեփականաշնորհման ծրագրերի։
ԲՀԿ կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը քննադատել է․ «Մասնավորեցման գործընթացը երեք պայման ա՝ մրցույթի գին, ներդրումների ծավալ, աշխատատեղեր։ Հիմա մենք էս ամեն ինչը կողք են դնում, թողնում ենք, որ Կառավարությունը որոշի գինը, աշխատողների քանակը, ներդրումները։ Բա որ տարիներով ձգձգվե՞ց, գնող էլ չեղա՞վ, գներն էլ աճուրդով սկսեցին իջացնել»։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խնդրել է պատգամավորներին մինչև ժամը 16.00֊ն մնալ դահլիճում, քանի որ այսօր է տեղի ունենալու քվեարկությունը։
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհել է, որ նման կարևոր օրենքը ընդունվում է առանց պատշաճ հանրային և խորհրդարանական լսումների։
ԲՀԿ֊ական Միքայել Մելքումյանը ևս դժգոհել է, որ հարցը պատշաճ չի քննարկվել։ Օրինակ՝ մասնավորեցվում է «Հայֆիլմ» կինոստուդիան, իսկ Մշակույթի նախարարությունն անգամ կարծիք չի հայտնել այդ մասին։
Փաշինյանը նկատել է, որ օրենքով մասնավորեցվում է շուրջ 10 առողջապահական կարևոր օբյեկտ, իսկ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովն անմասն է մնացել այդ հարցը քննարկելուց։ Մինչդեռ, ըստ պատգամավորի, սա կարող էր առիթ հանդիսանալ Առողջապահական քաղաքականության մասին խոսելու համար, օրինակ՝ այն խնդրից, որ մասնավոր հիվանդանոցները լավն են, բայց թանկ, իսկ պոլիկլինիկաները հիշեցնում են երկրաշարժի ավերակներ։
Պետական գույքի սեփականաշնորհման այս ծրագրի մեջ է անգամ գրված, որ հանրային քննարկման անհրաժեշտություն չկա, նկատել է «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը։
«ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ոչ թե կառավարությանը, որը կամայականորեն կորոշի` քննարկումների կարիք կա, թե չկա, այլ ժողովրդն, ուրեմն ժողովուրդն է որոշում հասարակական քննարկման կարիք կա, թե ոչ։ Այս ձևակերպման հետևում ինձ համար միանշնակ է, որ կա կոռուպցիոն ռիսկ առնվազն»,֊ ասել է Զեյնալյանը։
«Ելքի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը և Մելքումյանը առաջարկել են բոլոր 47 պետական սեփականություն հանդիսացող օբյեկտները չմասնավորեցնել մի օրենքով, այլ ամեն մի օբյեկտը քննվի խորքային քննարկմամբ։