Այսօր Ազգային ժողովի նիստում ներկայացվել է «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցողն էր Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Փոփոխության մեջ առաջարկվում է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության «Երևանի օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ», «Կոմետա» գիտաարտադրական ինստիտուտ» և «Պլաստպոլիմեր ԳՀԻ» բաժնետիրական ընկերությունները հանել մասնավորեցման ցանկից:
Այս հարցի առնչությամբ ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը հարցրել է զեկուցողին, թե արդյոք հնարավոր է այն մասնավորեցված ընկերությունները, որոնք ներդրումներ չեն կատարում, որևէ մեխանիզմով հետ բերել պետական սեփականություն:
Արման Սահակյանը պատասխանել է, որ իրենք առանձին-առանձին բոլոր սեփականատերերի հետ քննարկումներ են անցկացնում և ասում են նրանց, որ եթե ներդրում չկատարեն, ապա նրանք պարտավորված կլինեն փոխել պայմանագիրը, կամ կնշանակվեն տույժ ու տուգանքներ: