Home / Հայաստան / Իլոն Մասկը ստիպում է ենթականերին տնավորվել աշխատավայրում

Իլոն Մասկը ստիպում է ենթականերին տնավորվել աշխատավայրում

Սան Ֆրանցիսկոյում գտնվող՝ «Թվիթերի» գլխամասային գրասենյակի աշխատասենյակները վերածվել են ննջասենյակների․ միջազգային մամուլը լուսանկարներ է հրապարակում՝ ահազանգելով՝ ընկերության նոր սեփականատերը աշխատողներին ստիպում է օրերով մնալ աշխատանքի վայրում։

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը «Թվիթեր» (Twitter) սոցիալական ցանցը գնել է հոկտեմբերի 27-ին՝ շուրջ 44 միլիարդ դոլարով։

Արդեն նոյեմբերին ընկերության անձնակազմը էլեկտրոնային նամակ է ստացել, որ այսուհետ հաջողության հասնելու համար «պարտավոր են իրենց դրսևորել որպես ծայրահեղ մոլի աշխատակիցներ»։ Մասկը զգուշացրել է՝ անձնակազմը աշխատելու է «շատ ինտենսիվորեն և երկար ժամերով», «միայն բացառիկ լավ աշխատանքը թույլ կտա անցողիկ բալ ստանալ»։

Աշխատակիցների մոտ կեսը՝ մոտ 3700 մարդ, ազատվել է աշխատանքից, մյուսները պարտավորվել են աշխատել օրական 12 ժամ (ըստ անհրաժեշտության՝ նաև հանգստյան օրերին)։

Մամուլում շրջանառվող՝ «Թվիթերի» գրասենյակային լուսանկարներից մեկում երկտեղանի մահճակալ է, կողքին՝ տնային հողաթափեր։ Սենյակում նաև զգեստապահարան կա։


լուսանկարը՝ BBC-ից

Գրասենյակային բազմոցների լուսանկարներից պարզ է՝ դրանք օգտագործվում են որպես մահճակալներ։


լուսանկարները՝ BBC-ից

«Հյուրանոցային համարի է նման», – ԲիբիՍին մեջբերում է «Թվիթերի» նախկին աշխատակիցներից մեկի խոսքերը։

Նա նշում է, որ Մասկը հաճախ գիշերում է ընկերության գրասենյակում։ Նույնն է պահանջվում նաև աշխատակիցներից։

Ավելի վաղ «Թվիթերի» նոր սեփականատերը իր միկրոբլոգում խոստացել էր աշխատել և քնել գրասենյակում այնքան ժամանակ, «մինչև ընկերությունը չսկսի նորմալ աշխատել»։ Հետագայում թվիթը ջնջվել էր։

Ընկերության գրասենյակը որպես հյուրանոց օգտագործելու առթիվ Սան Ֆրանցիսկոյի քաղաքային իշխանությունները հետաքննություն են նախաձեռնել։

Ի պատասխան Մասկը հայտարարել է, թե քաղաքապետարանը հետապնդում է ընկերությանը, որը քնելու տեղ է տրամադրում «հոգնած աշխատակիցներին»։

«Հիմա էլ նա աշխատակիցներին ստիպում է քնել «Թվիթերի» գրասենյակում», – մեկնաբանել է Կալիֆոռնիայի սենատի պատգամավորը՝ ուշադրություն հրավիրելով աշխատանքային իրավունքներին։

Այն մասին, որ Մասկը «Թվիթերի» գրասենյակը օգտագործում է արդեն որպես հյուրանոց, առաջինը գրել էր Forbes-ը, որի լրագրողները նկարագրել էին «վերջերս դատարկված գրասենյակի խորհրդակցությունների դժգույն սենյակները, որոնք վերածվել են ննջասենյակների»։

Հրապարակման հեղինակները, չնայած, շեշտել էին՝ սա միևնույնն է ավելի լավ է, քան քնել հատակին։

https://twitter.com/evanstnlyjones/status/1587690084064669701

Համեմատությունը հղվում է «Թվիթերի» աշխատակիցներից մեկի ահազանգին, ըստ որի՝ աշխատողները ստիպված են քնել նաև հատակին՝ քնապարկերով։

Bloomberg-ի տեղեկություններով, գրասենյակային ննջարաններում են գիշերում նաև Մասկին պատկանող Tesla ավտոմոբիլային ընկերության աշխատակիցները, որոնք հրավիրել են «Թվիթերում» աշխատելու։

Նախքան Մասկի գալը՝ 2020 թվականի մայիսին, ընկերությունը խոստացել էր աշխատակիցներին, որ նրանք՝ ըստ ցանկության, կարող են աշխատել հեռակա՝ տնից։

Սոցիալական ցանցի նոր սեփականատերը պաշտանավարման ամենասկզբից այս կանոնը չեղարկել է․ տնից աշխատելու հնարավորություն «Թվիթերում» այլևս չկա։