Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդն է։ Նրանից հարուստ, ըստ Forbes-ի, դեռ ոչ ոք չի եղել, առնվազն՝ 1982 թվականից ի վեր, երբ ամսագիրը սկսել է հաշվել աշխարհի (ամենա)հարուստների կարողությունները։
Տեսլայի բաժնետոմսերի 13 տոկոսանոց աճի շնորհիվ՝ ամերիկացի բիզնեսմենի կարողությունները այլևս մոտեցել են 300 միլիարդ դոլարի սահմանին. համեմատության համար՝ Հայաստանի բյուջեով 2020-ի համար նախատեսված տարեկան ծախսը կազմում էր շուրջ 4 միլիարդ դոլար։
Երկուշաբթի օրվա դրությամբ Forbes-ը գործարարի ակտիվների միագումարը գնահատում է 271,3 միլիարդ դոլար՝ մոտ 41․7 միլիարդով ավել, քան նախորդ ուրբաթ։
Այս պահի դրությամբ Forbes Real Time-ը Մասկի կարողությունները գնահատում է արդեն 253․8 միլիադրի, բայց երկուշաբթի օրվա ցուցանիշը մնում է ռեկորդային։
Դեռ 2020-ի տարեսկզբին Մասկի հարստությունը «ընդամենը» 27 միլիարդ էր, ինչը հազիվ բավականացնում էր հարուստ մարդկանց թոփ-50 աղյուսակում վերջին տեղերը զբաղացնելու համար։
Մասկի ակտիվների մեծ մասը Tesla-ի 21 տոկոս բաժնետոմսերն են։ Դրանից բացի՝ միլիարդատերը մինորիտար փայաբաժին ունի նաև SpaceX-ում՝ իր իսկ հիմնած մասնավոր ընկերությունում, որը տիեզերական թռիչքներ է իրականացնում (սեպտեմբերից՝ նաև քաղաքացիական անձնակազմով) և զբաղվում տիեզերական տեխնիկայի արտադրությամբ։
Մինչ այս պատմության մեջ ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում էր Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Հունիսին, երբ Amazon-ի բաժնետոմսերի արժեքը մոտեցան պատմական մաքսիմումին, Forbes-ը Բեզոսի կարողությունները 212 միլիարդ դոլար էր գնահատում։
Ամենահարուստների մրցակցության վերացական այս միավորները պատկերացնելու համար կարելի է անցնել, օրինակ, Մեթ Քորոսթոֆի ստեղծած մարաթոնը, որը Ջեֆ Բեզոսի միլիարդները տեղադրում է իրական կյանքի հնարավորությունների վրա և համեմատում շարքային ամերիկացիների հնարավորությունների, համաշխարհային առողջապահական և տնտեսական խնդիրների հրատապ լուծման համար անհրաժեշտ գումարների, աշխարհում տնային տնտեսությունների ծախեսերի հետ․․․
Forbes-ը հարուստների փողերը սկսել է հաշվել 1982 թվականից։ Այն ժամանակ ևս աշխարհի ամենահարուստ մարդն ամերիկացի էր՝ նավային մագնատ Դենիել Լյուդվիգը, որը մոտ 2 միլիարդ դոլարի (այսօրվա փողով՝ մոտ 5․5 միլիարդի, եթե հաշվի առնել ինֆլիացիան) տեր էր համարվում։ Այսօր նա չէր լինի անգամ հարուստների տոպ-50 աղյուսակում․․․