Home / Հայաստան / Որտեղի՞ քաղաքացիներն ենք․ տեղահանված ղարաբաղցիները կառավարության մոտ

Որտեղի՞ քաղաքացիներն ենք․ տեղահանված ղարաբաղցիները կառավարության մոտ

Անցած տարվա ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեցվածքից և ապրուստի միջոցներից զրկված Հադրութի և Շուշիի նախկին բնակիչները Հայաստանի կառավարությունից Արցախի Հանրապետության կարգավիճակի ճանաչում, փախստականի կարգավիճակի տրամադրում, բռնի տեղահանված բնակչության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում են պահանջում։ Նրանք նամակներ են փոխանցել կառավարության աշխատակազմ, այնուհետև՝ ՄԱԿ-ի գրասենյակ և Ֆրանսիայի դեսպանատուն։ Վերջինից նաև ապաստան խնդրել, քանի որ այժմ արդեն օրվա հացի խնդրի առջև են կանգնել։ Նույնաբովանդակ նամակ բաժին կհասնի նաև Արցախի ղեկավարությանը, որը ժամանակին կոչ էր անում մարդկանց վերադառնալ՝ խոստանալով լուծել բնակարանային և այլ հարցերը։

«Ամսական 25 հազար դրամով Երևանի պայմաններում հնարավոր չէ և՛ վարձը տալ, և՛ ապրել։ Բացի դա, ձմեռ է մոտենում», – ասել է «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի նախագահ Հայրիյան Լևոնը։ Ըստ նրա՝ կառավարության ներկայացուցիչներից մեկը վերջերս իրենց հետ զրույցում, պատասխանելով նշված գումարի հետ կապված նկատառմանն, ասել է․ «Դե, ժողովուրդը քիչ էր բողոքում, մտածեցինք, որ․․․»։

«Ի՞նչ պատասխանես մարդուն, որ պաշտոնյա ա ու մտածում ա, որ 25 հազար դրամով Երևանում կարելի ա բնակվել», – ասել է Հայրիյանը։

Մարդիկ պատրաստ են նաև Արցախ վերադառնալ․ կառավարությունը խոստացել էր երեք տարիների ընթացքում ցանկացողներին բնակարաններով ապահովել։ Սակայն ինչպե՞ս ապրել, մինչ խոստումն ի կատար ածվի, չեն պատկերացնում։

Նրանց մի մասը հանգրվանել է հանրակացարաններում, մյուսը՝ վարձով է մնում․ այս նպատակով Հայաստանի կառավարությունը որոշակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում։ Օրինակ, վերջին 10 ամիսների ընթացքում այդ աջակցությունը մոտ 100 մլրդ․ դրամ է կազմել․ գումարի մի մասը հատկացվել է Արցախի կառավարությանը, մյուսը մարդիկ ստանում են անհատապես։ Վերջերս ևս մեկ աջակցության ծրագիր էր հաստատվել, որի շրջանակներում Արցախում գույք կորցրած, տեղահանված և Հայաստանում գտնվող տեղահանվածներին մեկ երեխայի հաշվով 50-հազարական դրամ, իսկ մեկ մեծահասակի՝ 25-հազարական դրամ է հատկացվելու։

Ակցիայի մասնակիցները խուսափում են լրագրողներից, ասում, որ իրենց խոսքը հաճախ խեղաթյուրում են «սենսացիոն վերնագրի» ետևից ընկածները կամ այլ, գուցե, քաղաքական շարժառիթներ ունեցողները, անկարևորը՝ կարևորում, լեզվի սայթակումը մատի փաթաթան դարձնում, «դեռ մի բան էլ վրից ավելացնում»։ Շատերը հետևում են լրատվամիջոցների նյութերի տակ տեղ գտնող մեկնաբանություններին, որոնք հաճախ իրենց հասցեին վիրավորանքներ են պարունակում, ու փորձանքից հեռու մնալու, առիթ չտալու համար, հրաժարվում են խոսելուց։

«Մեզ պետք ա՝ մեր խնդիրները լուծվեն։ Մենք ոչ-ոքի դեմ չենք, ոչ-ոքի կողմից չենք», – ասում է հադրութեցի մի տղամարդ։ Որդին ընկերոջ տանն է ապաստանել՝ Ստեփանակերտում։ «Աներեսություն» անել և որդու ընկերոջ ընտանիքի հյուրընկալությունը չարաշահել չցանկանալով, տղամարդը մեկ Երևան է գալիս, մեկ վերադառնում Ստեփանակերտ՝ արդեն չիմանալով՝ ում դիմել։

Ի՞նչ սպասել վաղվա օրից։ Այս հարցն է տալիս մոտ 60 տարեկան մի կին ու, զգուշանալով, խնդրում իր խոսքը «ճիշտ խմբագրել»։

Կինը ոտքի հետ խնդիր ունի, սակայն չունի հաշմանդամության կարգ։ Աշխատանքի ընդունվելու փորձերն ապարդյուն են․ «Պահանջվում են մինչև 35 տարեկան կանայք։ Չգիտեմ, Հայաստանում կանանց ինչ-որ բան պիտի սրսկեն, որ չլինե՞ն կանայք»։ Իրենց տրամադրվող գումարները հաճախ չեն բավականեցնում։ Դուստրն ընտանիքի հետ Ստեփանակերտում է, որդին պատերազմի ավարտից հետո եկել էր մոր մոտ։ Սկզբից ապրում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրենց տրամադրված տարածքում։ Հետո՝ վարձով Մասիս գյուղում։ Վարձի գումարը վճարելը գնալով ավելի անհնարին է դառնում․ «Արդեն վաղը կարող ենք փողոցում հայտնվել։ Մեզ տալիս էին 68 000, հիմա ոչինչ չեն տալիս։

Սեղան չկա, որ նստեմ, աթոռ չկա։ 25 հազարով կարո՞ղ է մարդ ապրել։ Ամիսն արդեն լրացել է, ես պիտի 80 հազարը մուծեմ։ Ո՞նց մուծեմ։

Մի օրով ենք ապրում»։

Տեղահանված ղարաբաղցիները ևս մեկ հարցադրում են անում․ ցանկանում են իմանալ՝ ո՞ր երկրի քաղաքացիներն են, ո՞վ և ինչպե՞ս է լուծելու իրենց դեմ ծառացած բազմաթիվ խնդիրները։

Զրուցակիցները շարունակում են հավատալ, որ իրենց ձայնն, այնուամենայնիվ, տեղ կհասնի։