Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ «Տարբեր կողմերից եկող զանգերը, թե ճանապարհը բաց է, էդպես չէ», – ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Վարդանյանի խոսքով, ադրբեջանցիները մնացել են ճանապարհի կողքերում և կարող են ցանկացած պահի կանգնեցնել մեքենաները։ «Ճանապարհի կողքերին կանգնած են, և իրենք կարող են կանգնեցնել կամ չկանգնեցնել մեքենաները, երբ ուզենան, դրա համար մենք ասում ենք, որ դա անընդունելի է, և պետք է դուրս գան ու չխանգարեն մեքենաների հանգիստ շարժմանը: Այդ կողմից դա միակ որոշումն է, որովհետև եթե մենք ընդունում ենք, որ իրենք կարող են այնտեղ կանգնած լինել, նայեն՝ ինչ մեքենա են թողնում ու ինչ մեքենա չեն թողնում, դա դառնում է իրենց համար հնարավորություն КПП[հսկիչ անցակետ] ստեղծելու», – ասել է Ղարաբաղի պետնախարարը։
Իններորդ օրն է՝ Հայաստան-Ղարաբաղ միակ ճանապարհը փակ է: Դեպի Արցախ մատակարարումները, այդ թվում՝ սննդի, դեղորայքի, վառելիքի, խափանվել են։ Ստեփանակերտը անցել է խնայողական ռեժիմի։ Երեկ առաջին անգամ Կարմիր խաչի միջնորդությամբ հաջողվել է Ստեփանակերտից Երևան տեղափոխել ծանր վիճակում գտնվող պացիենտին։ Հիվանդանոցները դադարեցրել են պլանային վիրահատությունները։
Որպես «բնապահպան» ներկայացող ադրբեջանցիները դեռ Լաչինի միջանցքի Շուշի-Քարինտակ հատվածում են։ Այսօր, օրինակ, կուբիկ ռուբիկներով «էկոցիդ» պաստառ են հավաքել։ Առաջին օրերի համեմատ մարդկանց քանակը զգալի պակասել է։ Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, թե «ճանապարհը բաց է»։ Ստեփանակերտից հերքում են։
Ռուբեն Վարդանյանը դժգոհ է Հայաստանից
Rusarminfo-ին տված հարցազրույցում Վարդանյանը հայտարարել է, թե Հայաստանը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը չի արձագանքում այնպես, ինչպես սպասում էին։
Հարցին՝ արդյոք միջազգային արձագանքը համարժեք է, Ղարաբաղի նորանշանակ պետնախարարը պատասխանել է․ «Ես տեսնում եմ, որ շատ մարդիկ տարբեր երկրներում արձագանքում են, բայց որպես պետություններ, որպես միջազգային կազմակերպություններ՝ ոչ, իհարկե։ Նույնը Հայաստանում էլ։ Ինչո՞ւ ենք ուրիշ երկրների մասին խոսում, մենք Հայաստանի մասին կարող ենք խոսել։ Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի։ Ես զարմացած եմ։ Իսկապես ինձ համար անսպասելի է տեսնել այդպիսի անտարբերություն, այդպիսի զգուշություն սրա հետ կապված»։
Վարդանյանը համոզմունք է հայտնել, թե իր՝ Արցախ տեղափոխվելը, Ադրբեջանի, հայաստանյան և արցախյան որոշ ուժերի համար համար «մեծ խնդիրներ է բերել»։
«Ես բոլորի պլանները խախտեցի։ Իմ այստեղ գալը շատ մեծ խնդիր բերեց Ադրբեջանի համար և այն ուժերի համար, ովքեր ուզում են, որ այս հարցը ուրիշ ձև լուծվի և՛ Հայաստանում, մի մաս էլ Արցախում էլ կա, որ շատ ուրախ կլինեն, որ այս իրավիճակը հանգիստ գնար ու առանց իմ մասնակցության։
Ես հասկանում եմ, որ իմ այստեղ գալը բերել է ավելի մեծ հետաքրքրություն Արցախի նկատմամբ աշխարհում, ավելի մեծ արձագանք՝ ինչ է կատարվում Արցախում։ Մարդկանց մոտ ավելի շատ ոգևորություն կա, հավատ կա։ Այս երեք օրվա մեջ մարդկանց հետ շփումը ցույց տվեց, որ հույս կա, որ ոչ միայն ես, այլ իմ հետ եկած մարդիկ ստեղծելու են նոր մթնոլորտ, նոր իրավիճակ, որը եղել է 1990-ականների սկզբին, երբ Արցախյան շարժումը նոր սկսվել էր», – հայտարարել է նորանշանակ պաշտոնյան։
Հիշեցնենք՝ ռուսաստանցի միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի սկզբին հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիություն և տեղափոխվել Ղարաբաղ՝ համախմբելու «բոլոր հոգատար մարդկանց, ողջ հայությանը»։ Նոյեմբերի սկզբին Վարդանյանը նշանակվել էր Արցախի պետնախարար։ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքուն չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը» քննարկել Հայաստանի իշխանությունների և «Մոսկվայից ուղարկված Վարդանյանի հետ»։
Ոսկու կռիվ
Միջանցքի շրջափակումը Բաքուն կապում է ղարաբաղյան հանքերի հետ։ Լաչինի միջանցքում ի հայտ եկած ադրբեջանական «բնապահպանական ուժերը» պահանջում են «դադարեցնել ընդերքի ապօրինի շահագործումը»՝ նկատի ունենալով «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում» գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքերի արդյունահանումը։
Դրմոնի հանքի շահագործման իրավունքը Ադրբեջանը վաճառել է դեռևս 1997 թվականին, Կաշենի հանքինը՝ 2020-ի պատերազմից հետո։ Երկու դեպքում էլ գնորդ-ընկերությունը բրիտանական Anglo-Asian Mining-ն է, որը պատկանում է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմի նախկին ղեկավար Ջորջ Սունունուն և Ադրբեջան-ԱՄՆ առևտրի պալատի ղեկավար Մոհամադ Ռեզա Վազիրին։
մանրամասները տե՛ս Միջանցք փակելը նաև ոսկու մասին է
Այսօր հայտնի դարձավ, որ Anglo-Asian Mining ընկերությունը դիմել է ՄԱԿ-ին և մի շարք օտարերկրյա պետություններին՝ խնդրելով օժանդակել Ղարաբաղում գտնվող մի շարք հանքավայրերի շահագործման իր իրավունքների վերականգմանը և ընկերության աշխատակիցների համար ապահով ֆիզիկական մուտք ապահովել Ղըզըբուլաղի (Դրմբոնի) ոսկու և Դեմիրլիի (Կաշենի) պղնձամոլիբդենային հանքավայրերեր ու հարակից տարածքներ:
Ընկերությունը նույն խնդրանքով դիմումներ է ուղարկել նաև ԱՄՆ պետքարտուղարություն, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն և Եվրամիություն:
«Ներկայումս այս երկու հանքավայրերը գտնվում են ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, և դրանցում ոսկու ու այլ օգտակար հանածոների ապօրինի արդյունահանում է իրականացվում հայկական և այլ ընկերությունների կողմից», – նշվում է ընկերության կայքէջում հրապարակված հաղորդագրությունում: