Home / Բանակ / Ռուսաստանը ճնշում է Հայաստանին. պաշտոնական

Ռուսաստանը ճնշում է Հայաստանին. պաշտոնական

Հայաստանի Ավտանգության խորհրդի քարտուղարը ակնարկում է՝ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին արտատարածքային միջանցք տրամադրել Ադրբեջանին։ Խոսվում է նաև ճնշումների մասին, որոնք ուղղված են Ռուսաստան-Բելառուս ձևավորվող միութենական պետությանը անդամակցելուն։

Հատված՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցից․

Պետրոս Ղազարյան — Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։ Ըստ էության՝ խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Արդյունքում տրամաբանորեն պետք է սրվեին ռուս-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունները, բայց սրվել են հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները։ Լավրովը մեզ մեղադրում է, ըստ էության, ապակառուցողական լինելու մեջ։ Մեջբերում․ «Հակամարտությունները ավելի շարունակական կլինեն, եթե ամեն անգամ որևէ միջադեպից հետո կողմերից մեկը հրաժարվի գալ բանակցությունների»։ Այսինքն՝ մենք ենք, դուրս է գալիս, հեռվացնում հակամարտության լուծումը։ Արդյո՞ք սա մեր ձախողումը չէ, երբ Ադրբեջանը փակում է Լաչինը, բայց ռուսները թարսվում են մեզ հետ։

Արմեն Գրիգորյան — Հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել։ Գոնե վերջին երկու տարիներին՝ պատերազմից հետո շարունակվող բանակցություններում։ Բայց, ինչպես ԱԳՆ հաղորդագրության մեջ է նշված, դժվար է ճգնաժամի և սպառնալիքների պայմաններում շարունակել բանակցությունները․․․

Ղազարյան — Ճգնաժամ է ստեղծվել, այո, և դրա արդյունքում նաև տպավորություն է, որ դիվանագիտական ճգնաժամ է ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև։

Գրիգորյան — Հայաստանը որևէ քայլ չի արել, որպեսզի այդպիսի ճգնաժամ ստեղծվի։

Ղազարյան — Բայց մենք չենք գնացել [Ռուսաստան՝ արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը] ․․․ բոյկոտել ենք։

Գրիգորյան — Մենք չենք բոյկոտել, «բոյկոտել» ձևակերպումը ճիշտ չէ՝ իրավիճակը նկարագրելու համար։ Մենք չենք գնացել, քանի որ Լաչինի ճգնաժամի կոնտեքստում ամբողջ մեր քաղաքական թիմը և արտաքին քաղաքականության պատասխանատուները զբաղված են այդ ճգնաժամի հաղթահարմամբ․․․

Ղազարյան — Թույլ տվեք հիշեցնել, որ սա առաջին դեպքը չէ՛, երբ որևէ միջադեպից հետո ռուսական կողմը մեղադրում է մեզ։ Հիշո՞ւմ եք՝ Սոչիի եռակողմ հանդիպումից հետո Լավրովը ասաց՝ հայերը գնացել են, ստորագրել են Ալմա Աթան, որտեղ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում է, հիմա էլ եկել են, ուզում են մենք իրենց համար ինչ-որ հարցեր լուծենք։ Այսինքն՝ ցանկացած պարագայում Ռուսաստանը մեղադրում է մեզ։ Եվ ձեր ընդդիմախոսները ասում են, որ սա ձեր հակառուսական քաղաքականության հետևանքն է․․․

Գրիգորյան — Պրահայի հայտարարությամբ ճանաչվել է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի տարածքային ամբողջականության տրամաբանության մեջ սեպտեմբերի 13-ից և անցած տարվա մայիսի 11-ից սկսած Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք։ Այս առումով Ռուսաստանի համար նաև հնարավորություն է ստեղծվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, Հայաստանի կողքին կանգնելու՝ որպես ռազմավարական դաշնակից, Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ աշխատելու։ Մենք ակնկալում ենք, որ հայտարարություններ այս ուղղությամբ լինեն։

Հայկական կողմը շարունակում է իր գործընկերների հետ աշխատել։ Հայկական կողմը ակնկալում է, որ Լաչինի միջանցքը հնարավորինս արագ կբացվի։ Ի դեպ՝ Լաչինի միջանցքում հենց ռուս խաղաղապահներն են, և ռուս խաղաղապահներն են հիմնականում դերակատարություն ունենում այդտեղ։ Լաչինի միջանցքը նրանց պատասխանատվության տակ է։ ․․․Եվ այստեղ՝ երբ մեր ընդդիմությունը մեզ է մեղադրում, հարցեր են առաջանում՝ նրանք այս իշխանությունների ընդդիմությունն են, թե՞ Հայաստանի Հանրապետության․․․

Ղազարյան — Լավ հիշեցրեցիք։ Ռուսները մեզ մեղադրում են նաև նրանում, որ խաղաղապահների հասցեին մենք անարդար քննադատություն ենք հնչեցնում։ Նրանք մեզ ասում են՝ բանակցությունների չեք գալիս և խաղաղությունը հեռվացնում եք։ Դուրս է գալիս՝ մենք ենք դեստրուկտիվ։ Ասում են, որ խաղաղապահներին մենք հանիրավի փնովում ենք, մինչդեռ նրանք փայլուն կատարում են իրենց առաջադրանքները․․․

Գրիգորյան — 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած Հայաստանը բազմաթիվ անգամ հայտարարել է՝ բարձր և բարձրագույն մակարդակով, որ բարձր է գնահատում ռուս խաղաղապահների աշխատանքը։

․․․Հիմա ստեղծվել է ճգնաժամ, որի պատասխանատուն Ադրբեջանն է և որը լուծելու հնարավորություն ունի Ռուսաստանի Դաշնությունը, նա լիազորված է դա կատարելու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։

․․․Այս քայլերը լայն կոնտեքստ ունեն նաև։ Դրանք նաև Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով այսպես կոչված միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ ստանալու կոնտեքստում են։ Հայաստանը շարունակում է դիմադրել սրան։ Կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նաև փոխկապակցված է սրա հետ։ Ամբողջ ճգնաժամի հենքը կամ հիմնական դրդապատճառը սա է։

Այս առումով, երբ Հայաստանը մերժում է, պաշտպանում է Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, ընդդիմությունը, եթե այն Հայաստանին է պատկանում, պետք է դեմ խոսի, արտահայտվի սրա դեմ։ Բայց ընդդիմությունը կարծես սա է պաշտպանում, նրանք որևէ կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ:

Ղազարյան — Լսել եք, հավանաբար, Ալիևի վերջին հայտարարությունները՝ կապված Երևանի, Զանգեզուրի հետ, որ, իբր, խորհրդային ժամանակներում դրանք անարդարորեն նվիրվեցին Հայաստանին և այլն, և այլն։ Սրանք անուղղակի ռազմական սպառնալիքներ են։ Մենք համարյա ռազմական կոնֆլիկտի մեջ ենք Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ՝ պարզ է․․․ Ընդդիմությունը ասում է՝ հարգելիներս, եթե այդ կոնֆլիկտը սկսվի, ո՞նց ենք մենք Ռուսաստանին խնդրելու/պահանջելու, որ կատարի իր պայմանագրային պարտականությունները, եթե մենք ունենք այսպիսի դիվանագիտական փոխհրաձգության իրավիճակ։

Գրիգորյան — Ուզում եմ հիշեցնել՝ 2020-ի պատերազմից սկսած Հայաստանը մի քանի անգամ դիմել է ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլև երկկողմ ձևաչափով՝ Ռուսաստանի Դաշնության, որպեսզի ՌԴ-ն օգնի ՀՀ-ին իր անվտանգային սպառնալիքները չեզոքացնելու։ Ամեն ինչ հրապարակային է՝ կարող եք գնահատել, թե ինչպիսի քայլեր են արվել։

Ալիևը տարածքային նկրտումներ է հրապարակային ներկայացրել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ․․․ Միջազգային հանրությունն այս առումով մեծ աշխատանք ունի կատարելու, բնականաբար՝ մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, բայց հրապարակային արձագանքելու անհրաժեշտություն էլ կա։

․․․Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պայմանագրային են։ Եվ մենք փորձ ունենք այդ հարաբերությունների։ Մենք շարունակելու ենք ակնկալել, որ քայլեր ձեռնարկվեն։ Եթե չձեռնարկվեն, հարց կառաջանա՝ ինչո՞ւ չեն կատարվում այդ քայլերը։

Ղազարյան — Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը։

Գրիգորյան — Դեռևս ո՛չ։

Ղազարյան — Գուցե խնդիրը սրա՞ մեջ է։ Բելառուսի դեսպանը՝ Ալեքսադր Կոնյուկը, հայտարարել է` «Միութենական պետությունում երրորդ երկիրը պակասում է [առաջին երկուսը Ռուսաստանն ու Բելառուսն են]: Ես հետևել եմ և նայել եմ, թե ինչպես են մեր հայ եղբայրները արձագանքում, և նրանք ինձ աջակցել են»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Գրիգորյան — Նախ պետք է հասկանալ, թե նա ում նկատի ունի՝ «հայ եղբայրներ» ասելով։ Ովքե՞ր են նրանք։ Չգիտեմ։ Գուցե ընդդիմությունում կան մարդիկ, որոնք նրա եղբայրներն են, և այդ կերպ են արձագանքել։

Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանը հռչակել է սուվերեն պետություն։ Հայաստանը շարունակելու է սուվերեն պետություն մնալ։ Եվ մեր ամբողջ առաքելությունը դրա մեջ է։

Ղազարյան — Որտե՞ղ է գրված, որ Միութենական պետությունը ոտնահարում է սուվերենությունը։

Գրիգորյան Միութենական պետությունը ամբողջությամբ սուվերենության խախտում է․․․

Ղազարյան — Ողջ աշխարհում, երբ որ ստեղծվում է արտա- և վերպետական կառույց, որոշակի պետական սուվերեն ֆունկցիաներ տրվում են այդ կառույցին։ Ինչպես, օրինակ, Եվրամիությունում։ Այնտեղ ոչ ոք չի խոսում, որ իր սուվերենությունը կորել է։ Ինչո՞ւ այստեղ պետք է կորի։

Գրիգորյան — Կարծում եմ՝ Եվրամիությունում էլ կան այդպիսի քննարկումներ։ Բայց այս դեպքում այդ հարցերը ավելի սուր են։

Համոզված եմ, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները միանշանակ սահմանափակում են այդպիսի հնարավորությունը, նույնիսկ այդ հարցը քննարկելու հնարավարությունն են սահմանափակում։

Ղազարյան — Այս ամենը միջանցքի համա՞ր է։

Գրիգորյան — Նաև։ Այսինքն՝ արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքում․․․

Ղազարյան — Այս ճնշումը Լաչինում․․․

Գրիգորյան — Բանականաբար, դրա մասին են այդ ամբողջ ճնշումները։

թարմացում. 16:00 — Գրիգորյանի հայտարարությունները Ռուսաստանի նախագահի խոսնակը «սադրիչ» է որակել։ «Դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Ռուսաստանցի պաշտոնյաներից ոչ ոք նման բան չի ասել և ոչ մեկի միջոցով չի փոխանցել հայկական կողմին», – news.am-ին ասել է Դմիտրի Պեսկովը։