Մոսկվայում վերջին մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Հանդիպմանը ի սկզբանե պետք է մասնակցեր իրենց հայաստանյան պաշտոնակիցը, բայց Երևանը խնդրել էր հետաձգել այն՝ Ղարաբաղի հայկական հատվածի ապաշրջափակման պատճառով։
Երևանը դիվանագիտական ուղիներով չի հայտարարել Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը չմասնակցելու որոշման մասին, և մեթոդը, որով իրազեկել են չմասնակցելու մասին, առաջացնում է հարցեր՝ բողոքել է Սերգեյ Լավրովը երկկողմ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ցավոք, մեր հայ գործընկերները չեկան, այս մասին հայտարարեցին վերջին պահին։ Մենք դա ի գիտություն ընդունեցինք, բայց այնուամենայնիվ որոշեցինք հանդիպել և տեսնել՝ որտեղ ենք գտնվում թե՛ մերօրյա խնդիրների առումով, թե՛ բոլոր ասպեկտներից այս իրավիճակի երկարաժամկետ կարգավորման առումով», – ասել է Լավրովը։
Ռուբեն Վարդանյան
Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանի անունից պահանջեց, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա Լեռնային Ղարաբաղից։
«Նրա [Ռուբեն Վարդանյանի] գործունեությունը կրում է հանցավոր-ավանտյուրիստական բնույթ: Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ դնել: Եվ որքան շուտ այդ մարդը հեռանա այդ տարածաշրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար, առաջին հերթին՝ դրանից տուժում է տեղի բնակչությունը», – ասել է Բայրամովը։
Բայրամովը Վարդանյանին «օտար տարր» է անվանել տարածաշրջանի համար և հիշեցրել, որ մինչև նրա գալը եղել են «դրական տեղաշարժեր», «դրական շփումներ»։
Սերգեյ Լավրովը հակադարձել է, հայտարարելով, որ Ռուսաստանը կապ չունի Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղում հաստատվելու որոշման հետ։
«Պարոն Վարդանյանը Ռուսաստանի հետ կապ չունի, ՌԴ իշխանությունները նրա հետ կապ չունեն։ Նրա խնդրանքով օրերս ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել, և նա այլեւս ՌԴ քաղաքացի չէ։ Նրա՝ Ղարաբաղ ուղևորվելու և այնտեղ քաղաքական գործունությամբ զբաղվելու հետ մենք որևէ կապ չենք ունեցել, չունենք և չենք պատրաստվում ունենալ», – ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լաչինի միջանցք
Ադրբեջանի արտգործնախարարը կրկին հերքել է Լաչինի միջանցքը արգելափակելու մեղադրանքները։
«Ցանկանում եմ պարզաբանել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Շատ տեղեկություններ են շրջանառվում ճանապարհի ամբողջական շրջափակման վերաբերյալ, Ադրբեջանի կողմից այս շրջանը շրջափակելու վերաբերյալ, նախ նշեմ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, դա հեշտությամբ հերքվում է բազմաթիվ փաստերով»։
Մեկնաբանելով ճանապարհին տեղի ունեցած բողոքի ակցիան, որը, նրա խոսքերով, իրականացնում են ադրբեջանցի հասարակական ակտիվիստները, Բայրամովը հայտարարել է, որ իրենք դեմ են բնական ռեսուրսների թալանին ու բնապահպանական տեռորին, և նպատակ չունեն խանգարել բեռների, ապրանքների, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների անցումը։
Ռուս խաղաղապահները ամեն ժամ աշխատում են Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար և կապի մեջ են կողմերի հետ, հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։
«Մենք բոլորս պետք է, երևի թե, ելնենք այն փաստից, որ այս իրավիճակը բազմակոմանի է և պետք է հաշվի առնել բոլոր ներգրավված կողմերի հասարակական կարծիքը․ ադրբեջանական, իհարկե, հայկական, ղարաբաղյան և ռուսական։ Ռուսական կողմի հասարակական կարծիքը նույնպես կարևոր է, մանավանդ, որ տարբեր աղբյուրներից, չեմ կոնկրետանա, անընդհատ, մեծամասամբ անհիմն, մեղադրանքներ են հնչում ռուս խաղապահների հասցեին, որոնք աշխատում են շատ ծանր պայմաններում՝ հաշվի առնելով, որ թե՛ այն, թե՛ մյուս, և թե՛ երրորդ կողմերից անընդհատ հավակնություններ են հնչում և հաշվի առնելով անհրաժեշտությունը, ինչպես ասաց պարոն նախարարը [Ջեյհուն Բայրամովը], խստորեն առաջնորդվել այն ընթացակարգերով, որոնք ամրագրված են եռակողմ պայմանավորվածություններում», – ասել է Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանը կողմ է, որ ինչքան հնարավոր է արագ վերականգնվեն տրանսպորտային կապերը և լուծվեն տարածաշրջանի հանքավայրերի շահագործման հետ կապված տարաձայնությունները՝ ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Թեման հին է․ այն ժառանգություն է մնացել Սովետական միությունից, և իհարկե, անհրաժեշտ է ինչքան հնարավոր է արագ կանխել դրա սրացումը», – հավելել է Լավրովը։
Խաղաղության պայմանգիր
Լավրովն ասել է նաև, որ, չնայած Հայաստանի արտգործնախարարի Մոսկվա այցի չեղարկմանը, Ռուսաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են խաղաղության պայմանագրի հարցերը։
«Կարծում ենք, որ պետք է անել ամեն բան՝ կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար։ Որոշակի փուլում թվում էր, թե ադրբեջանական առաջարկները, որոնք դրական էին ընդունվել հայկական կողմից, հիմք կստեղծեն համապատասխան իրավական փաստաթղթի համար։ Ռուսաստանի Դաշնության կողմից բանակցային գործընթացին աջակցելու անհրաժեշտությունը ճանաչված է մեր բարեկամների կողմից, ավելին, այդ անհրաժեշտությունն արձանագրված է այս տարվա հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով՝ եռակողմ հայտարարության մեջ», – հայտարարել է Լավրովը։
Ըստ Լավրովի՝ Հարավային Կովկասում առաջընթաց է արձանագրվել տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում։
«Մենք ակնկալում ենք, որ շուտով փոխվարչապետները, որոնք համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն են, կկարողանան սկսել կոնկրետ համաձայնագրերի մշակումը։ Քննարկվել են հիմնարար որոշումներ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, դրանց աջակցել է նաև Հայաստանի վարչապետը։ Այժմ ոչ մի պատճառ չկա հետաձգելու այդ պայմանավորվածությունների գործնական իրականացումը», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ջեյհուն Բայրամովն, իր հերթին, հայտնել է, որ Բաքուն դեռ պատրաստ չէ լիարժեք պատասխան տալ Երևանի ներկայացրած խաղաղության առաջարկներին: