Home / Բանակ / Ղարաբաղը փակ է․ Երևանը սպասում է Բաքվի պատասխանին և ՌԴ «խաղաղապահությանը»

Ղարաբաղը փակ է․ Երևանը սպասում է Բաքվի պատասխանին և ՌԴ «խաղաղապահությանը»

Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամն առ այսօր չի հանգուցալուծվել, կառավարության այսօրվա նիստին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդեն 11-րդ օրն է՝ Ղարաբաղը բլոկադայի մեջ է։ Միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ։ Մատակարարումները խափանված են։ Լեռնային Ղարաբաղում առաջին անհրաժեշտության ապրանքների (այդ թվում՝ պարենի) դեֆիցիտ է նկատվում։

Խախտում է Բաքուն, խախտում է նաև Մոսկվան

Հայաստանի վարչապետը հիշեցրել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն, Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և Ադրբեջանը երաշխավորում է միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը։

«Այս դրույթն այսօր փաստացի չի գործում։ Ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Իհարկե, սա տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և, մասնավորապես, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը», – նշել է Փաշինյանը։

Փաստահավաք առաքելություն ուղարկեք

«Ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղղարկելու ուղղությամբ», – կրկնել է Փաշինյանը։

Փաստահավաք առաքելության անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստին խոսել էր նաև Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը։

Հայկական առաջարկները փոխանցվել են Ադրբեջանին

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, հավելել է Փաշինյանը՝ շեշտելով՝ պատրաստ են ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։

«Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչև օրս պատասխան չենք ստացել։

Ադրբեջանին ենք փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ առաջարկները և պատրաստ ենք այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման։

Հայաստանը դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել։ Այդ առաջարկները ներառում են Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների խնդրի լուծումը։ Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան և նրա զորքերը պետք է ետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

Մենք շարունակում ենք մեր ջանքերը համապարփակ լուծումների գնալու, խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ», – եզրափակել է Հայաստանի ղեկավարը։

Բլոկադան շարունակվում է

11-րդ օրն է մենք բլոկադայի մեջ ենք՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է Ղարաբաղի նոր պետնախարար, օպերատիվ շտաբի ղեկավար Ռուբեն Վարդանյանը․ «Արդեն, ցավոք սրտի, մի քանի մարդ մահացել է, և դիակները չենք կարողանում բերել Արցախ։ Մենք ունենք խնդիրներ, որ ընտանիքները բաժանված են: Եվ դա արդեն 11-րդ օրն է: Սա արդեն դառնում է ավելի լուրջ և երկարաժամկետ խնդիր»:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ ինչքան կարելի է արագ փոխենք իրավիճակը և գտնենք լուծումներ: Մյուս կողմից՝ մենք ասում ենք, որ այդ լուծումը պետք է լինի այնպիսին, որ մեր արժանապատվությունը մենք չկորցնենք»: 

Այդ լուծումը, ըստ նրա, չպետք է լինի այնպիեին, որ «հետևանքները մեզ հետագայում չթողնեն ոչ մի հնարավորություն մնալու Արցախում, հանգիստ ապրելու և լինելու ոչ կախված Ադրբեջանից»:

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Դեպի Արցախ մատակարարումները, այդ թվում՝ սննդի, դեղորայքի, վառելիքի, խափանվել են։ Ստեփանակերտը անցել է խնայողական ռեժիմի։

Որպես «բնապահպան» ներկայացող ադրբեջանցիները դեռ Լաչինի միջանցքի Շուշի-Քարինտակ հատվածում են։ Երբ են այս մարդիկ հեռանալու՝ հայտնի չէ։ Ռուսական կողմը դեռ «բանակցություններ է վարում»։

ՄԱԿ ԱԽ անդամ պետությունները, իսկ ավելի ուշ՝ նաև Եվրադատարանը Ադրբեջանից պահանջել են ապաշրջափակել Լաչինի միջանցքը

տե՛ս
Բաքվի «բնասիրությունը» էթնիկ զտման է նմանվում
Միջանցք փակելը նաև ոսկու մասին է