Նախիջևանի ինքնավար հանրապետության նախագահ Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել Գերագույն մեջլիսի (Նախիջևանի խորհրդարան) փակ ժողովի ժամանակ, գրում է ադրբեջանական մամուլը՝ հղվելով տեղի պրոկառավարական լրատվամիջոցներին։ Նախագահի առաջին տեղակալը հայտարարել է, որ «հրաժարականի պատճառը առողջական խնդիրներն են»։
««Նախիջևանի խանը», որը տարածաշրջանում խիստ ավտորիտար ռեժիմ էր հաստատել, վերջապես հեռացել է քաղաքական ասպարեզից։ Տարածաշրջանում այս ավտոկրատի 27-ամյա կառավարման ընթացքում ամբողջովին ոչնչացվել է ընդդիմությունը։ Տնտեսությունը և բիզնեսն ամբողջությամբ կենտրոնացվել են թալիբովների կլանի ձեռքերում։ Տեղի բնակչությունը խստորեն վերահսկվել և բռնաճնշումների է ենթարկվել», – գրում է ադրբեջանական Turan լրատվամիջոցը։
Ադրբեջանական մի շարք վերլուծաբաններ շաբաթներ առաջ խոսել էին այն մասին, որ Նախիջևանում ենթադրաբար նոր ձերբակալություններ և հրաժարականներ կլինեն։ Դա մեկնաբանվել էր որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իշխանության կենտրոնացման փորձ և Նախիջևանի ինքնավարության չեղարկման սկիզբ։
Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ Նախիջևանն ունի ադրբեջանական ենթակայության տակ գտնվող ինքնավար հանրապետության կարգավիճակ՝ սեփական օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններով։ Այսպիսով, Նախիջևանի ինքնավարությունը չեղարկել հնարավոր է միայն Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու դեպքում, ինչի համար պահանջվում է հանրաքվե անցկացնել։
Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ագշին Կարիմովի խոսքերով՝ հանրաքվեն անխուսափելի է, սակայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների անորոշությունը հետաձգում է այդ պրոցեսը։
«Նախապատրաստվում են բարեփոխումներ, որոնք երկրի օրենսդրական հիմքի փոփոխություններ են պահանջում։ Նախիջևանի ինքնավարության չեղարկումից բացի, սա վերաբերում է Ադրբեջանի վարչական բաժանման բարեփոխմանը և Միլի Մեջլիսի (խորհրդարանի – խմբ․) անդամների թվաքանակի մեծացմանը։ Հանրաքվեի կարող են դրվել նաև այլ խնդիրներ», – դեռևս նոյեմբերի վերջին Jam news-ի հետ զրույցում ասել էր Կարիմովը։
Մեկ այլ քաղաքական մեկնաբան Շահին Ջաֆարլին կանխագուշակել էր, որ Վասիֆ Թալիբովը ինչ-որ կերպ հեռանալու է իշխանությունից, հղվելով այն փաստին, որ Նախիջևանի առաջնորդը չէր մասնակցել Բաքվի իշխող կուսակցության 30-ամյակի միջոցառումներին։ Ըստ նրա՝ ադրբեջանական իշխանությունները ցանկանում են փոխարինել Թալիբովին և ոչ այնքան չեղարկել, որքան սահմանափակել Նախիջևանի ինքնավարությունը։
Հիշեցնենք՝ վերջին շաբաթներին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ավելի քան տասնյակ պաշտոնյաների է ձերբակալել պետական միջոցների յուրացման գործերով։ Վերջին անգամ նման ձերբակալության մասին հաղորդվել է անցյալ շաբաթ՝ դեկտեմբերի 14-ին, երբ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանի որոշմամբ կալանավորվել էր Նախիջևանի քաղաքաշինության և ճարտարապետության կոմիտեի նախագահը՝ մեղադրվելով մոտ 212,4 մլն մանաթ (ավելի քան 49 միլիարդ դրամ) հափշտակելու մեջ։
Նմանատիպ մեղադրանքով նոյեմբերի 28-ին 4 ամսով կալանավորվել էր ինքնավար հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևը։ Նոյեմբերի 25-ին Սաբայիլի դատարանը 4 ամսով կալանավորել էր Նախիջևանի ՊՄԿ մաքսասակագնային կարգավորման և վճարումների բաժնի պետ Մանսուր Ասկերովին։ Թեև, ըստ ականատեսների, ձերբակալվել էին ավելի քան 10 պաշտոնյաներ, նախիջևանական իշխանությունը շարունակել է լռել ձեբակալությունների մասին։
Ընդհանուր առմամբ նախիջևանական պաշտոնյաների կողմից հափշտակված գումարը գնահատվում է շուրջ 488 մլն մանաթ (մոտ 113 միլիարդ դրամ)։