Ադրբեջանը և Եվրամիությունը ստորագրել են էներգետիկ անվտանգության ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։
Այսօր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
«ԵՄ-ն դիմում է էներգիայի ավելի հուսալի մատակարարների: Այսօր ես Ադրբեջանում եմ՝ նոր համաձայնագիր ստորագրելու: Մեր նպատակն է մի քանի տարում կրկնապատկել գազի մատակարարումը Ադրբեջանից ԵՄ», – գրել է ԵՀ-ի ղեկավարը իր թվիթերյան էջում։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև խոսել է վերականգնվող էներգիայի ոլորտում Ադրբեջանի հսկայական ներուժի, Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդման և երկու ժողովուրդներին մերձեցնելու մասին։
«Եկեք ամրապնդենք մեր տնտեսական հարաբերությունները և իրար մոտեցնենք մեր ժողովուրդներին․․․ ԵՄ-ն ցանկանում է աշխատել Ադրբեջանի հետ և կապեր հաստատել Կենտրոնական Ասիայի հետ», – գրել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, իր հերթին, հայտարարել է, որ այս փաստաթղթի շնորհիվ «Եվրոպայի էներգետիկ քարտեզը» լիովին փոխվում է։
«Այս տարի մենք սկսել ենք էներգետիկ երկխոսություն ԵՄ-ի և Ադրբեջանի միջև՝ ընդգրկելով բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ նավթի ու գազի, այլընտրանքային էներգիայի, ջրի էներգաարդյունավետության և այլ հարցեր», – ընդգծել է Ալիևը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը առաջարկել էր ԵՄ երկրներին գործարք կնքել Ադրբեջանի հետ՝ ավելացնելու բնական գազի ներկրումը և աջակցելու Հարավային գազային միջանցքի ընդլայնմանը։
«Կողմերը ձգտում են աջակցել բնական գազի երկկողմ առևտրին, այդ թվում՝ Հարավային գազային միջանցքով դեպի ԵՄ արտահանման միջոցով, մինչև 2027 թվականը տարեկան առնվազն 20 միլիարդ խորանարդ մետր գազի ծավալով՝ առևտրային նպատակահարմարության և շուկայի պահանջարկին համապատասխան», – ասվում է նախագծում։
Եվրոպան (առավելապես Գերմանիան՝ եվրոպական տնտեսության առաջատարը) կախված է ռուսական էներգակիրներից․ ԵՄ ներմուծվող գազի 45 տոկոսն ապահովում է հենց Ռուսաստանը։
Գերմանիան հաստատել է, որ օգոստոսի 1-ից հրաժարվելու է ռուսական ածուխից, իսկ դեկտեմբերի 31-ից՝ նաև ռուսական նավթից։ Որոշումը նախատեսված էր ԵՄ-ի կողմից ապրիլի սկզբին սահմանված պատժամիջոցներով, ըստ որոնց՝ ռուսական ածուխի ներմուծումն օգոստոսի 10-ից ամբողջությամբ արգելվում է։ Մայիսին համաձայնեցված փաթեթի համաձայն, ռուսական գազի նկատամամբ սահմանված մասնակի էմբարգոն ուժի մեջ է մտնում տարվա վերջին։ ԵՄ երկների մի մասը շարունակելու են ռուսական նավթի ներմուծումը, Գերմանիան՝ ոչ։