Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալները կավելացվեն: «Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին, որին մասնակցելու համար Իրանի էներգետիկայի նախարարը պաշտոնական այցով օրերս ժամանել էր Երևան:
«Հաշվի առնելով գազի համաշխարհային պահանջարկը, բնականաբար, պետք է զարգացնել տարանցման հնարավորությունն օգտագործելու հանգամանքը։ «Հյուսիս-Հարավ» մայրուղին Հայաստանը շատ լավ տարբերակ է դարձնում ապրանքների տարանցման համար։ Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալները ավելացել են։ Պետք է նշեմ, որ այստեղ էր նաև Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրենը։ Քննարկումների ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել․ քննարկվելու է գազի մատակարարման ծավալների ավելացման հարցը», – ասել է Մեհրաբիանը։
Լրագրողները նաև հարցրել են, թե արդյոք փետրվարին Բաքվի կողմից Ադրբեջանում «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցք բացելու մասին հայտարարությունը ծրագրից դո՞ւրս է մղում Հայաստանը։ Մեհրաբիանը դա հերքեց՝ նշելով, որ Հայաստանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն, էլեկտրաէներգիա է փոխանցվելու Իրան-Հայաստան-Վրաստան ճանապարհով։ Ըստ Իրանի էներգետիկայի նախարարի, Թեհրանը փորձում է էլեկտրաէներգիայի ճանապարհների բազմազանություն ապահովել, որպեսզի երկիրը կլիմայական ցանկացած պայմաններում կարողանա ստանալ իրեն անհրաժեշտ գազի ծավալը և արտահանել ավելցուկը։
Իրանից մատակարարվող վառելիքով է գործում Երևանի ՋԷԿ-ը, ինչպես նաև (մասնակի) այլ ջերմակայանները։ Գազի ամեն խորանարդի դիմաց Հայաստանն Իրան է ուղարկում 3 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը (1-ից մինչև 1․5 կՎտ/ժամ) իրեն է թողնում։ Այսպես, տվյալ պայմանավորվածության շրջանակներում Հայատան մոտ 400 մլն․ խորանարդ մետր գազ է ներմուծվում։