Ադրբեջանի գլխավոր դատախազությունը սոցցանցերի մի խումբ օգտատերերի նախազգուշացում է տվել՝ կապված նրանց հրապարակումների հետ։ Ըստ դատախազության, վերջիններիս «կեղծ պացիֆիստական հայացքները պետության համար վտանգ են ներկայացնում»։
Օգտատերերից մեկին՝ հասարակական ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլիին, գերատեսչություն էին կանչել դեռևս օգոստոսի 4-ին՝ խաղաղության մասին մեջբերման համար։
Ակտիվիստը անհիմն է համարում գերատեսչության կողմից տրված նկատողությունը, որը ստացել է Աթաթուրքի՝ «Քանի դեռ ժողովրդի ազատությունը վտանգի տակ չէ, պատերազմ սկսելը հանցագործություն է» արտահայտությունը մեջբերելու համար։
Գլխավոր դատախազությունը նշված արտահայտությունն ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է որակել։ Միաժամանակ ակտիվիստը չի համարում, որ պատերազմը Ադրբեջանն է սկսել, և, իր խոսքով, գրառման մեջ չի ասվում, թե որ կողմն է այն սկսել։
Գլխավոր դատախազությունը նախազգուշացումներ է տվել նաև Ֆարիդ Հուսեյնովին, Էլմար Մամեդովին և Գյուլայ Էյվազովային։
Գերատեսչությունը հայտարարել է, որ բոլոր վերոնշյալ արտահայտությունները «բարի մտադրություններից զուրկ փորձեր են»՝ ուղղված ազգային անվտանգության դեմ, և թաքնվում են տեղեկատվական ազատության և կոնտեքստից կտրված պատմական մեջբերումների հետևում։