«Հիմա 16-18 տարեկան էրեխեքը լոգիստիկայի գործի վրա են ու վաբշե սաղ Հայաստանն ա էդ գործի վրա»։
Համացանցում վերջերս շատ են տարածվել լոգիստիկայի ոլորտում աշխատանքի հրավիրող հայտարարություններ՝ մոտավորապես այս տեսակ նկարագարություններով՝ «Ամերիկյան բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությանն անհրաժեշտ են լոգիստներ», «աշխատավարձը գործարքային՝ 150.000-2.300.000 դրամ», «տարիքային սահմանափակումներ չկան»։
Առաջին հայացքից գրավիչ այս հայտարարություններում մի քանի տարօրինակ բան կարելի է նկատել։
— Ինչու՞ են Ամերիկայում տեղի ունեցող բեռնափոխադրումների համար պետք հայ լոգիստներ։
— Ինչու՞ է աշխատավարձը տատանվում այդքան մեծ միջակայքում։
— Ի՞նչ է նշանակում տարիքային սահմանափակում չկա։ Այսինքն 15 տարեկան երեխան կարո՞ղ է լոգիստ աշխատել։
Ո՞վ է լոգիստը և ի՞նչ է լոգիստիկան
Լոգիստիկան կազմակերպչական, արտադրական-տեխնոլոգիական գործընթացների համակարգ է՝ նյութական և այլ տեսակ ռեսուրսների տեղաշարժը արդյունավետորեն կազմակերպելու համար։
Լոգիստն այն մարդն է, ով պլանավորում է գնումները, կառավարում և վերահսկում ապրանքների երթևեկությունն ու մատակարարումը:
Epress.am-ը զրուցել է Երևանում ամերիկյան «լոգիստիկ» կազմակերպություններից մեկում ժամանակին աշխատած Գևորգի հետ։
«Իրականում դու ոչ թե լոգիստ ես, այլ դաբլ բրոքեր (կրկնակի միջնորդ)։ Եվ աշխատում ես ոչ թե լոգիստիկ կազմակերպությունում, այլ կազմակերպությունում, որի համար մեկ նպատակը ամերիկյան լոգիստիկ կազմակերպություններին «գցելն» ա»։
Ո՞րն է դաբլ բրոքերի աշխատանքի էությունը
«Կա մի կայք, որտեղ կարող ես տեսնել բոլոր բեռնափոխադրման ենթակա ապրանքների կազմակերպությունները՝ այսինքն բրոքերներին և բեռնափոխադրողներին՝ այսինքն վարորդներին, ովքեր պատրաստ են ապրանքները բրոքերներից վերցնել ու տանել հաճախորդին։
Հայաստանի «լոգիստիկ» կազմակերպությունները ունեն Ամերիկայում գրանցված MC համարներ (Motor Carrier number)։ Էս համարը բեռնափոխադրողներին թույլ ա տալիս հատել նահանգների սահմանները, իսկ կառավարությանը՝ հետևել բեռնափոխադրողներին հատուկ համակարգի միջոցով:
Դու զանգում ես բրոքերին, ներկայանում ես որպես վարորդ, իրանք ստուգում են քո MC-ին։ Եթե MC-դ մաքուր ա՝ այսինքն վատ գնահատականներ ու կարծիքներ չկան (ինչը շատ հազվադեպ ա լինում) քեզնից օգտված կազմակերպություններից, համաձայնվում են հիմնականում։ Հետո պետք ա գին բարձրացնես, որ տակը քեզ փող մնա։ Եթե համաձայնվում եք, դու զանգում ես բեռնափոխադրող կազմակերպություններին, ներկայանում ես որպես բրոքեր և առաջարկում ես, որ իրանց վարորդը էդ ապրանքը տեղափոխի։ Էդտեղից էլ մեր անունը՝ դաբլ բրոքեր։
Ասենք եթե սկզբնական գինը էդ ապրանքը տեղափոխելու համար 1000$ էր գրած, դու բարձրացրել ես գինը 1300$, վարորդին միևնույն ա 1000$ կամ դրանից ցածր ես առաջարկում, որ արանքում փող աշխատես։ Ամենատխուրն էն ա, որ ասենք էդ քո աշխատած 300$-ի ընդամենը 20-25%-ն ա քոնը, մնացածը մնում ա քո հայկական «լոգիստիկ» կազմակերպությանը։
Իսկ հավանականությունը, որ ընդհանրապես էս խառը գցոցիի մեջ դու կկարողանաս փող աշխատես՝ քիչ ա, որովհետև հեշտ ա բռնվելը։ Ասենք վարորդը կարա պալիտ անի, երբ հասնի ապրանքը վերցնելու բրոքերից կամ բրոքերը ապրանքը վարորդին տալուց տեսնի վարորդի բեռնատարի վրա ուրիշ MC համար կամ ուրիշ անուն, որ ընդհանրապես կապ չունի քո ընկերության MC համարի ու անունի հետ։
Եթե ամեն դեպքում ստացվում ա ամերիկացիքին «գցել» ու փող ես աշխատում, դրանից հետո շատ հաճախ քեզ «գցում ա» հենց էդ հայկական «լոգիստիկ» կազմակերպությունը, որտեղ աշխատում ես․ փողերդ չեն տալիս, կամ քիչ են տալիս, կամ շատ ուշ են տալիս»։
Աշխատանքային մթնոլորտը
«Ահավոր լարված ա անցնում միշտ։ Անընդհատ նեռվերի վրա ես՝ վարորդդ կհասնի տեղ, թե՞ չի հասնի, պալիտ կանի քեզ, թե՞ չի անի, փող կաշխատես էդ ամիս, թե՞ չես աշխատի։
Հա՜, լսել եմ, որ մարդիկ կան ահավոր շատ են աշխատում։ Անկեղծ, ես չգիտեմ՝ ոնց են անում, որովհետև էնպես չի, որ լավ անգլերեն գիտեին, ահավոր ակցենտով ու ժառգոնով են խոսում։ Ասենք՝ «yea bro» (հա ախպերս), «whatever you say my boss» (ոնց ասես, շեֆս)։ Սևերի նման են փորձում խոսալ։
Մեր օֆիսի վերևի հարկերում նստում էին ամենաբիթիները։ Ամսական միջինում 10000 դոլար աշխատում էին՝ իրանց ասելով։ Էդ ճիշտ ա, թե սուտ, էդքան էլ էական չի, որովհետև 5 հարկանի շենքից, եթե 5 հոգու մոտ ա մենակ լավ ստացվում, էդ նշանակում ա իրանք օրինաչափության (մեծամասնությունը, ում մոտ հիմնականում չի ստացվում) բացառություններն են»։