Home / Մարզեր / Նախիջևանի ինքնավարության չեղարկումը սկսվել է ձերբակալություններից

Նախիջևանի ինքնավարության չեղարկումը սկսվել է ձերբակալություններից

Նախիջևանում նախորդ շաբաթվանից սկսած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել։ Ըստ ադրբեջանցի վերլուծաբանների՝ Բաքուն այս կերպ փորձում է ապամոնտաժել իշխանության կլանային համակարգը և հաստատել սեփական գերիշխանությունը Նախիջևանում։

Նշվում է, որ հավանաբար մոտ ապագայում Նախիջևանի կարգավիճակը՝ որպես ինքնավար հանրապետություն, նույնպես կչեղարկվի։

ձերբակալություններ

Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ 4 ամսով կալանավորվել է Նախիջևանի ինքնավար հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևը։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն նա մեղադրվում էր պաշտոնեական դիրքի չարաշահման և պետական միջոցներից շուրջ 144 միլիոն մանաթ (մոտ 33,3 միլիարդ դրամ) հափշտակելու մեջ։ 

Նույն օրը՝ Turan-ի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով լուծարվել է Նախիջևանի պետական մաքսային կոմիտեն (ՊՄԿ)։ Վերջինիս փոխարեն նախատեսվում է հիմնել Գլխավոր մաքսային վարչություն, որը կենթարկվի Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։

Նոյեմբերի 25-ին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը 4 ամսով կալանավորել է Նախիջևանի ՊՄԿ մաքսասակագնային կարգավորման և վճարումների բաժնի պետ Մանսուր Ասկերովին։ Ըստ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության՝ Ասկերովը մի խումբ անձանց հետ հանցագործ պայմանավորվածությամբ պետական միջոցներից հափշտակել է շուրջ 132 միլիոն մանաթ (մոտ 30,5 միլիարդ դրամ)։

Նախիջևանի բնակիչ և «Ümid» կուսակցության (թարգմանաբար՝ «Հույս») փոխնախագահ Էլման Աբասովի տվյալներով՝ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության անցկացրած վերջին օպերացիաների արդյունքում առնվազն 10 պաշտոնյաներ են ձերբակալվել։ Այս մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա, ադրբեջանական դատական մարմինները միայն երկու պաշտոնյաների ձերբակալությունն են հաստատել։

Նախիջևանի ղեկավարությունը լռում է տեղի պաշտոնյաների ձերբակալությունների մասին, գրում է Turan-ը։

Ավելի վաղ՝ 2021 թվականի մարտի 9-ին, պետական միջոցներից խոշոր չափերի գումարներ հափշտակելու մեղադրանքով ձերբակալվել էին Նախիջևանի Ներքին գործերի նախարար Ահմեդ Ահմեդովը և Կրթության նախարար Մամեդ Գարիբովը։ 

Վերլուծաբանները դեռևս մեկ տարի առաջ նախկին նախարարների ձերբակալությունները կապում էին Ադրբեջանին «անհավատարիմ» պաշտոնյաների հետապնդման արշավի հետ, քանի որ Ադրբեջանում իշխանության կառուցվածքը, ըստ մասնագետների, կլանային-օլիգարխականից փոխվում էր Իլհամ Ալիևի անձնական իշխանության։

նախիջևանցիները դեմ չեն

Նախիջևանում պետական պաշտոնյաների ձերբակալությունները ընդհանուր առմամբ ողջունվում են բնակչության կողմից, քանի որ ձերբակալություններից հետո չեղարկվել են ապրանքների ներմուծման բարձր մաքսատուրքերը։ Այս մասին Кавказский узел-ի հետ զրուցել է Նախիջևանում ապրող մի լրագրող իրավապաշտպան․

«Նախիջևանը փաստացի գտնվում է շրջափակման մեջ ավելի քան 30 տարի, այսինքն՝ ցամաքային կապ չունի Ադրբեջանի մնացած տարածքների հետ և չունի առևտրատնտեսական կապեր երկրի այլ շրջանների հետ։ Շատ ընտանիքների համար եկամտի աղբյուր էին հարևան Իրան ու Թուրքիա ուղևորությունները՝ մթերք գնելու համար։ Մարդիկ այդ ապրանքներն օգտագործում էին անձնական սպառման և մանր առևտրի համար։ Բայց մաքսատան աշխատողները անհիմն սահմանափակումներ և բարձր տուրքեր էին դնում ներկրվող ապրանքների վրա։

Մաքսային ստուգումներից և ձերբակալություններից հետո իրավիճակը փոխվել է։ Այժմ, մաքսատան աշխատողները սահմանը հատողներից կաշառք այլևս չեն պահանջում, եթե նրանց բեռը գերազանցում է 30 կիլոգրամը: Մինչ օրս ավելորդ կիլոգրամների համար մարդիկ վճարում էին 25-50 մանաթ (5,5 հազարից 11,5 հազար դրամ)՝ կախված, թե ինչ էին ներկրում: 

Այս ամենն արվում էր սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծումը սահմանափակելու համար, որ մարդիկ ստիպված լինեն անհրաժեշտ ապրանքները գնել մենաշնորհատերերից՝ բարձր գներով։ Վերջին օրերին այդ անօրինական սահմանափակումներն ու տուրքերը չեղարկվել են։ Մարդիկ ուրախանում են դրանով և հուսով են, որ ձեռնարկված միջոցները կիսատ չեն մնա, և վերջ կդրվի տարածաշրջանային օլիգարխիայի մենաշնորհին»։

Լրագրողը նաև հավելել է, որ մի քանի տարի առաջ Նախիջևանի հատուկ ծառայությունների և ՆԳՆ ղեկավարների ձերբակալություններից հետո ուժայինների կողմից շատ ավելի քիչ կամայականություններ են եղել։ 

«նախիջևանական կլան»

Անդրադառնալով վերջին դեպքերին՝ Ümid կուսակցության փոխնախագահը ասել է, որ ձերբակալություների այս ալիքը հավանաբար կապված է Ադրբեջանի կողմից իշխանության կենտրոնացման փորձերի հետ․ 

«Տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի սրացումը, ինչպես նաև Իրանի մարտահրավերներն ու սպառնալիքները պահանջում են իշխանության կենտրոնացում այս տարածաշրջանում, որը երկրի [Ադրբեջանի] մյուս մասի հետ ցամաքային սահման չունի։ Մյուս կողմից Նախիջևանի ձերբակալությունները կապված են Ադրբեջանի միջկլանային մրցակցության և «նախիջևանական կլանը» թուլացնելու ձգտման մեջ, որը ավանդաբար մեծ ազդեցություն է ունեցել երկրի իշխանության վրա։ Բացի այդ, այստեղ խոսքը իհարկե գնում է նաև ֆինանսական ռեսուրսների համար կռվի կոռուպցիոն բաղադրիչի մասին», – ասել է Աբասովը, հավելելով, որ Նախիջևանի շրջանային կառույցները իրենք են վերահսկում Թուրքիայի և Իրանի սահմանով անցնող ապրանքների մաքսատուրքերը, տեղի բյուջեն և դրամաշնորհները՝ առանց Բաքվին հաշվետվություն ներկայացնելու։

Աբասովը նշել է, որ ինքնավար հանրապետությունում բացի մաքսային կոմիտեից արդեն լուծարվել է Պետական անվտանգության ծառայությունը։ 

Նա ենթադրում է, որ մոտակա ապագայում պետք է սպասել նոր ձերբակալությունների կամ հրաժարականների՝ Բաքվի կողմից Նախիջևանի իշխանության մյուս օղակները ենթարկեցնելու գործընթացի հետևանքով։ Մինչ այս Նախիջևանի բոլոր պետական մարմինները ենթարկվում էին միայն ինքնավար հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովին։ 

Մյուս կողմից հենց Թալիբովի հեռացումը նախիջևանցին քիչ հավանական է համարել, քանի որ վերջինս զբաղեցնում է ինքնավար հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնը, որն ընտրովի պաշտոն է, իսկ հաջորդ ընտրությունները լինելու են 2025 թվականին։ Բացի այդ Վասիֆ Թալիբովը Ադրբեջանի նախագահի զարմուհու ամուսինն է և ըստ Meydan TV գործակալության՝ Ալիևի ամենամտերիմ անձանցից մեկը։ 

Ըստ Meydan TV-ի՝ արդեն 26 տարի Նախիջևանը ղեկավարող Վասիֆ Թալիբովը այս ընթացքում հանրապետության իշխանության և բիզնեսի բոլոր լծակները իր ձեռքում է կենտրոնացրել, իսկ նրա ընտանիքը այս ժամանակահատվածում հսկայական հարստություններ է կուտակել։ Լրատվամիջոցը գրում է, որ թեև Նախիջևանը համարվում է Ադրբեջանի ամենաաղքատ տարածաշրջաններից մեկը, Թալիբովի ընտանիքին պատկանող արտերկրյա գույքի ընդհանուր արժեքը հասնում է 63 միլիոն դոլարի։

Վերջին ձերբակալությունների մասին խոսել է նաև Turan գործակալության տնօրեն Մեհման Ալիևը՝ նորից կապելով դրանք կլանային համակարգը վերջնականապես վերացնելու փորձերի հետ, որը, ըստ նրա, պատմականորեն արմատավորված է ադրբեջանական հասարակության մեջ։ Այս համակարգից օգտվել է նաև Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, սակայն երբ 2003 թվականին իշխանության եկավ Իլհամ Ալիևը, «նախիջևանական կլանն» արդեն այնքան էր ուժեղացել, որ իր համար բացառիկ պայմաններ էր պահանջում երկրի կառավարության և ռեսուրսների բաշխման գործընթացում՝ փաստացի սահմանափակելով նախագահի իշխանությունը։ 

Ըստ Մեհման Ալիևի, կլանի որոշ ներկայացուցիչներ անգամ կարող էին հրապարակայնորեն հայտարարել, որ իրենք են Իլհամ Ալիևին իշխանության բերել։ Այս պատճառով նոր նախագահը նոր քաղաքականություն ընտրեց, որը նպատակադրված է քանդել կլանային համակարգը, իսկ բարձրաստիճան պաշտոնյայի կամ ուժայինի ընտրությունը կախված էր արդեն նախագահի նկատմամբ նրա անհատական հավատարմությունից։ 

Ադրբեջանական «Հանրապետական ալտերնատիվա» կուսակցության քաղկոմիտեի անդամ Նաթիգ Ջաֆարլի խոսքերով՝ Նախիջևանում ավատատիրական բռնատիրություն է տիրում, այնտեղ բարձր է կոռուպցիայի մակարդակը, իսկ տեղային իշխանությունները փչացնում են Ադրբեջանի ընդհանուր իմիջը։ 

Նա նշում է, որ տարածաշրջանում փաստացի չկա քաղաքական կյանք, ազատ լրագրություն, քաղաքացիական հասարակություն և մնացել են քննադատության եզակի ձայներ։ «Հնարավոր է ձերբակալություններով ադրբեջանական իշխանությունները Արևմուտքին ցույց են տալիս, որ մտահոգված են [Նախիջևանում] կոռուպցիայով և քաղաքացիների իրավազրկությամբ ու փորձում են ուղղել իրավիճակը»,- ենթադրել է Ջաֆարլին։

Վերջինիս խոսքերով, հետախուզություններից և ձերբակալություններից բացի՝ հավանական է, որ մոտ ապագայում Նախիջևանը կդադարի ինքնավար հանրապետություն լինել։