Ադրբեջանի ընդդիմադիր ակտիվիստների՝ ոստիկանության բռնությունների մասին բողոքներին ընթացք չի տրվում, գրում է Meydan TV-ն։
«Լավագույն դեպքում նրանց (ակտիվիստներին – խմբ․) կանչում են իրավապահ կառույցներ ու հարցաքննում, բայց բռնության մեջ մեղադրվող ոստիկանները որպես կանոն քրեական պատասխանատվության չեն ենթարկվում», – գրել է լրատվականը՝ մի քանի ընդդիմադիր ակտիվիստների մասին պատմող իր նյութում։
Ակտիվիստ Բախտիյար Հաջիևին, օրինակ ապրիլի 21-ին առևանգել էին՝ գլխին պարկ հագցնելով։ Հաջիևի խոսքով՝ հանցագործները պահանջում էին, որ նա դադարի քննադատական հրապարակումներ անել երկրի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի մասին։ Ընդդիմադիրը պնդում է, որ իր նկատմամբ «մարդկային արժանապատվությունը ստորացնող» գործողություններ են արել, վերցրել իր հեռախոսն ու ջնջել նախարարին քննադատող բոլոր հրապարակումները։ Առևանգումից արդեն 20 օր է անցել, իսկ հանցագործների ինքնությունը դեռ պարզված չէ։
«Ես նրանց նույնիսկ ուղենիշներ ու տեղեկատվություն եմ տվել։ Ժամերով գլուխ եմ ջարդում այս գործի վրա, տեղեկություններ հավաքում, պարզաբանումներ մտցնում ու արդեն պատրաստի տեղեկույուններ բերում և ասում․ «Եթե այս քայլերը ձեռնարկեք, և պատվիրատուներին, և կատարողներին կհայտնաբերեք»։ Բայց, ցավոք, չնայած քննության հետ իմ այսպիսի համագործակցությանը՝ դեռ ոչինչ չկա», – ասել է Հաջիևը։
Ակտիվիստի կարծիքով՝ ՆԳ նախարարը կարող էր կառույցի բոլոր ռեսուրսներն օգագործել ու գտնել հանցագործներին, եթե ցանկանար ապացուցել, որ չի իմացել առևանգման մասին, սակայն դա չի արել։
«Ժողովրդավարություն 1918» շարժման ղեկավար Ահմեդ Մամեդլին անցյալ տարվա հոկտեմբերին 5 այլ ակտիվիստների հետ ցույց էր անում քաղաքական մղումով ձերբակալությունների դեմ։ Մամեդլիի խոսքով՝ բոլոր 6 ակտիվիստներին ծեծել են ոստիկանության բաժնում։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրենցից յուրաքանչյուրին ոստիկանության բաժնում լրիվ մերկացրել են, ծեծել ու նկարահանել ողջ գործընթացը, որից հետո սպառնացել են, որ այդ կադրերը կտարածեն, եթե նրանք մեկ անգամ էլ ցույցի մասնակցեն։ Սպառնացել են հաջորդ անգամ ցույցի գնալու դեպքում նաև բռնաբարել։
Թե Հաջիևը, թե Մամեդլին դիմել են ՆԳՆ, Գլխավոր դատախազություն և հնարավոր մյուս բոլոր կառույցներին, բայց ապարդյուն։ Ոստիկանության որևէ աշխատակից չի պատժվել ոչ միայն այս դեպքերի, այլև մի շարք այլ ակտիվիստների բողոքների հիման վրա։
Միջոցներ չեն ձեռնարկվել անգամ այն դեպքերում, երբ Եվրոպական դատարանն է հաստատել խոշտանգումների փաստը։
Ոստիկանության անձեռնմխելիությունը, ըստ Meydan TV-ի, գալիս է հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։
Վերջինս դեռ 2013-ին՝ Ոստիկանական ակադեմիայի բացման ժամանակ հայտարարել էր, որ «միշտ պատպանել է և պաշտպանելու է ոստիկանությանը»։
«Լուրջ ճնշում կար այն մասին, որ մենք դատապարտենք ոստիկանության աշխատողների գործողությունները՝ իրենց չափազանց մեծ եռանդի համար, և որ ոստիկանական մարմինների աշխատողները պիտի պատժվեն։ Այսինքն՝ մեր առաջ պայմաններ էին դնում։ Եվ ես այդ ժամանակ ասում էի այն, ինչ կկրկնեմ հիմա․ ոստիկանության ոչ մի աշխատակից չի պատժվի», – ասել էր Ադրբեջանի նախագահը։