Home / Հայաստան / «Սա թեյարան չէ, աշխատեք»․ ուսանողները ցույց էին անում Բաքվում

«Սա թեյարան չէ, աշխատեք»․ ուսանողները ցույց էին անում Բաքվում

Բաքվում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի կրթության նախարարության շենքի դիմաց։ Ակցիան տեղի է ունեցել «Ուսանողների ուժի կենտրոն» կազմակերպության նախաձեռնությամբ։

«Սա թեյարան չէ, աշխատեք», – պաստառի վրա գրել են երիտասարդները։

«Հիմա Ադրբեջանի համալսարաններում և առհասարակ կրթական համակարգում բռնապետություն է տիրում։ Ուսումնական հաստատություններում ճնշվում է մտքի ազատությունն ու ցանկացած քննադատություն։ Ուսանողներին կարող են վիրավորել իրենց հագուստի կամ սանրվածքի պատճառով։ Ուսանողները չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանող կազմակերպություն ստեղծել», ֊ Кавказский узел-ի թղթակցին պատմել է ակտիվիստներից մեկը։

Ուսանողները հայտարարել են, որ կրթության նախարարությունից և կառավարությունից պահանջում են բուհերում անվճար կրթություն ապահովել, բարձրացնել կրթության որակը, լուծել ուսանողների խնդիրներն ու արժանապատիվ կրթաթոշակներ տրամադրել։ Բացի այդ, ուսանողները պահանջել են հանրակացարաններով ապահովել դրանց կարիքն ունեցողներին և վերջ տալ ուսանողների հետապնդմանը՝ քաղաքական և կրոնական հայացքների, սեռի և սեռականության հիմքերով։ 

Պահանջների թվում էին դպրոցներում մայրենի լեզվով ուսուցումը, ներմուծել ռեկտորների ընտրությունների ներմուծումը։ Ուսանողները ցանկանում էին նաև, որ համալսարաններում կոռուպցիայով զբաղվողները պատասխանատվության ենթարկվեն։ Ցույցի մասնակիցների խոսքով՝ չնայած իրենք այս հարցերով բազմիցս Ադրբեջանի կրթության նախարարություն դիմել են, որևէ միջոց չի ձեռնարկվել: 

Ցույցի ընթացքում միջադեպեր չեն եղել: Նախարարության ներկայացուցիչը ցուցարարներին ներս է հրավիրել՝ իրենց հարցերը քննարկելու համար: