Home / Հայաստան / Գրքով գլխին խփողը 40 տարվա վաստակավոր մանկավարժ է

Գրքով գլխին խփողը 40 տարվա վաստակավոր մանկավարժ է

Երևանի թիվ 24 դպրոցում աշակերտին գրքով հարվածած ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն», հայտնել է Երևանի քաղաքապետարանիի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

Բռնության ենթարկված աշակերտի՝ Քրիստոֆերի մայրն «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է, որ տեսանյութը նկարահանվել է մայիսի 2-ին, սակայն իրեն դա ուղարկել են մայիսի 5-ին:

«Այդ ուսուցչուհին բազմիցս վիրավորել է Քրիստոֆերին: Ուզում եմ պարզաբանում ստանալ, թե ինչու է ուսուցչուհին հենց իմ երեխայի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերում: Երեխան ինձ պատմեց դեպքի մասին, ես նրան ասացի, քանի որ տարվա վերջ է, թող հարթվի գնա, ես կզանգեմ դասղեկի հետ կխոսեմ»,- շարունակել է աշակերտի մայրը

Դպրոցի տնօրեն Նաիրա Ավետիսյանն էլ նույն լրատվականի հետ զրույցում հաստատել է, որ իր մոտ են եղել քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչները։

«Ես սպասում եմ նախարարության և քաղաքապետարանի արձագանքին: Եթե նրանք որոշեն, որ ուսուցչուհին պիտի հեռացվի, ապա կհեռացվի»,-նշել է տնօրենը և հավելել, որ ուսուցչուհին արդեն 40 տարվա վաստակավոր մանկավարժ է։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում ուսուցիչը գրքով խփում է աշակերտի գլխին։ ԿԳՄՍ-ն հայտարարել էր, որ դեպքը տեղի է ունեցել Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրուցում՝ 8-րդ դասարանի անգլերենի ժամին։